Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԹՐԵՍՆԵՐՆ ՈՒ ՆԵՎՐՈԶՆԵՐԸ ԿԱՆԽՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 07,2011 00:00

Ու դա արվում է պաղպաղակի միջոցով

\"\"

Երեւի թե չկա մի մարդ, որը բացահայտած չլինի պաղպաղակի հրաշալի համը: Եվ գուցե շատերի համար ցնցող լինի այն լուրը, որ Լոնդոնում կարելի է համտեսել պաղպաղակ, որի հիմնական բաղադրիչն է կրծքի կաթը: Այս զարմանահրաշ նորամուծությունը ունի նույնիսկ սեփական անվանումը՝ «Բեբի Գագա», որի  բաղադրության մեջ առաջին հերթին մտնում են կրծքի կաթը, այնուհետեւ՝ վանիլը եւ կիտրոնը: Իսկ այն կինը, ով կաթ է տրամադրում պաղպաղակի համար՝ ամեն 100 գրամի դիմաց ստանում է 15 ֆունտ պարգեւատրում:
Ըստ ՀՀ կաթնամթերք առաջարկող ընկերությունների տվյալների՝ պաղպաղակներում եւ մնացած արտադրանքներում օգտագործում են որակյալ, էկոլոգիապես մաքուր բնական կաթ, որը հարուստ է կալցիումով (օգտակար է ոսկրերի եւ ատամների ձեւավորման եւ զարգացման, արյան ճնշման կարգավորման, մկանային եւ նյարդային համակարգերի նորմալ կենսագործունեության համար, եւ ոչ մի ուրիշ տարր չի կարող նպաստել կալցիումի տարրալուծմանն այնքան լավ, որքան հենց կաթում պարունակվող մնացած տարրերը), սպիտակուցներով (ապահովում են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով, նպաստում է օրգանիզմի աճին, օգտակար է քաշի կառավարման համար, բարձրացնում է դիմադրողականությունը, նպաստում է մկանների զարգացմանը եւ ապաքինում վնասված հյուսվածքները), վիտամիններով (օրինակ՝ վիտամին B-ն անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար, օգտակար է աչքերի եւ մաշկի համար, պայքարում է սթրեսների դեմ եւ հանում հոգնածությունը, վիտամին A-ն օգտակար է մաշկի, տեսողական եւ նյարդային համակարգերի համար, վիտամին D-ն մեր օրգանիզմի աճի համար կարեւոր տարր է եւ այլն), ֆոսֆորով (ամուր ոսկորների եւ ատամների ձեւավորման հիմքն է, կենսական դեր ունի արյան բաղադրությունում, նյարդային եւ ֆերմենտային համակարգերում), կալիումով (օգտակար է նյարդային ազդակների ակտիվ փոխանցման համար, արյան ճնշման կարգավորման համար, բազմաթիվ ֆերմենտների հիմքն է), մագնեզիումով (օգնում է օրգանիզմում կալցիումի կլանմանն ու պահպանմանը, ոսկրերի եւ ատամների հանքային կառուցվածքի կարեւորագույն տարրն է), ցինկով (նպաստում է օրգանիզմի ընդհանուր աճին եւ զարգացմանը, վերքերի լավացմանը եւ կանխում է սեռական խնդիրների առաջացումը, ապահովում ուժեղ իմունային համակարգ):
Սակայն, իր բոլոր դրական հատկություններով հանդերձ, պաղպաղակը կարող է նաեւ վնաս հասցնել մարդու առողջությանը: Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպ, շնորհիվ որի՝ այդքան համեղ է:
Պաղպաղակը երկար տարիների պատմություն ունի: Այն հորինվել է ոչ թե հյուսիսային երկրում, այլ՝ հարավային, ինչպիսին է Հին Չինաստանը: Այնտեղի բնակիչները խառնում էին նարնջի կտորները հյութալի մրգերի հետ, դրանց ավելացնելով սառույց, որն էլ գուցե առաջին բաղադրատոմսն էր: Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ գյուտը տարածվի ամբողջ Եվրոպայով:
Պաղպաղակը երեխաների թուլությունն է: Սակայն ծնողները պետք է հիշեն, որ երեք տարեկանից փոքր երեխաներին պաղպաղակ ուտելն արգելված է: Ի դեպ, տնային պայմաններում պատրաստված պաղպաղակն ավելի օգտակար է, քանի որ այն ավելի բնական եւ առողջ սնունդ է մարդու օրգանիզմի համար՝ առանց ավելորդ հավելումների եւ տարբեր կայունացուցիչների, որոնք վտանգավոր են հատկապես փոքր հասակի երեխաների համար:
Պաղպաղակը հակասթրեսային եւ հականեւրոզային հատկությամբ է օժտված: Այն կաթի շնորհիվ պարունակում է տրիպտոֆան կոչվող բնական տարրը, որը հանգստացնում է ամբողջ նյարդային համակարգը եւ պարգեւում հաճելի զգացողություն, որը հնարավոր չէ զգալ բուսական յուղերով պատրաստված պաղպաղակ ճաշակելիս: Քանի որ պաղպաղակը դասվում է շուտ փչացող ապրանքների շարքին, կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ:
Պաղպաղակը էներգիայի մեծ աղբյուր է: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատկապես բալից պատրաստված պաղպաղակը, որովհետեւ բալը պարունակում է 20% կալցիումի, շաքարների, օրգանական թթուների, պեկտինների, յոդի, կալիումի, լեւուլոզայի, կարոտինի, պրովիտամին A-ի, վիտամիններ B1, B2, C, E, PP-ի օրական անհրաժեշտ չափաբաժին: Բալից պատրաստված պաղպաղակը խորհուրդ է տրվում օգտագործել ճարպակալման, գիրության, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի, երիկամային քարերի եւ շաքարային դիաբետի հիվանդությունների դեպքում: Իսկ բալի պոչից պատրաստված թեյերը կօգնեն ճնշման խնդիրների, երիկամային որոշ հիվանդությունների, ինչպես նաեւ գիրության առկայության դեպքում: Մեկ պաղպաղակը կարող է պարունակել 100-300 կիլոկալորիա: Մասնագետներ նշում են, որ մարդու օրգանիզմի համար վտանգ կարող են առաջացնել ժելատինով, կայունացուցիչներով, ներկանյութերով եւ տարբեր համային հավելումներով պաղպաղակները, որոնք սովորաբար անհրաժեշտ են համեղ, նրբահամ եւ գրավիչ պաղպաղակ ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել