Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատիսն» արդեն կա, մնում է ազգային հավաքականը

Հուլիս 22,2011 00:00

Հայաստանում խաղային մարզաձեւերի աշխուժացում է նկատվում: Մշտապես համեմատաբար ակտիվ վիճակում գտնվող ֆուտբոլի կողքին արդեն տեսանելի է բասկետբոլը, իսկ վերջին շրջանում՝ նաեւ հանդբոլը, որոնք ժամանակին հանրապետությունում ոչ  միայն մասսայական էին, այլեւ բավականին լուրջ մարզական արդյունքներ էին արձանագրում:

\"\"

80-ական թվականներին, շնորհիվ ԽՍՀՄ առաջնություններում եւ Գավաթի խաղարկություններում «Հատիս» բասկետբոլային թիմի հաջող մրցելույթների, հանրապետությունում անչափ հարգի էր հատկապես կանանց բասկետբոլը: Ճիշտ է, հետագա շուրջ 20 տարիներին մարզաձեւը զգալի նահանջ ապրեց, սակայն հիմա այն կրկին վերելքի ճանապարհին է:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Առավոտի» հետ զրուցել է կատարված եւ կատարվելիք աշխատանքների, մարզաձեւի ներկայիս վիճակի եւ ապագայի մասին:

«Եթե ասեմ, թե հայկական բասկետբոլի ներկայիս վիճակն ինձ գոհացնում է, ճիշտ չի լինի: Բայց ոչ հեռու անցյալի եւ ներկայի միջեւ համեմատությունը շատ բան է ասում: Մինչեւ 2006 թվականը, երբ դարձա ֆեդերացիայի նախագահ, հանրապետությունում երկու-երեք հազար մարզվող կար: Հիմա ութ հազարից ավելի է: Գործում է 256 բաժանմունք, 24 ակումբ, չհաշված՝ սիրողական խմբերը: Մարզաձեւի կայացած լինելն այս կամ այն երկրում արդյունքներից է երեւում: Բայց կարեւոր է նաեւ մասսայականությունը: Բասկետբոլը թիմային խաղ է, իսկ թիմն օգնում է ինտեգրվել հասարակությանը: Մեզ այսօր հավաքականությունը պակասում է ոչ միայն թիմային մարզաձեւերում, այլեւ հենց հասարակությունում:

Առաջ հայկական բասկետբոլում ֆավորիտ եղել է «Գրանդ» ակումբը, որը հասկանալի պատճառներով հետագայում փակվեց: Հույս ունեմ, որ «Գրանդ սպորտ» համալիրը բացվելուց հետո ակումբը կվերածնվի: Այսօր մեր առաջատար ակումբը «Հատիսն» է, որը բավականին ուժեղ թիմ է, որի թիկունքին կանգնած է «ՎիվաՍելի» նման հովանավոր: Եվ քանի որ ակումբը ֆինանսական խնդիրներ չունի, հնարավոր եղավ նաեւ լեգեոներներ հրավիրել եւ հաղթանակների շնորհիվ ձեռք բերել այն հարգանքն ու պատիվը, որ այսօր վայելում է մարզասերների շրջանում: «Հատիսը» զուտ ակումբ չէ: Այն մի մեծ համակարգ է, որը հնարավոր է դարձնում խաղից մեկ ամիս առաջ տարբեր տեղերից հավաքված բասկետբոլիստուհիներից կազմել թիմ, որտեղ խաղացողները միմյանց չեն ճանաչում եւ ոչ էլ դու՝ նրանց, հաղթել արդեն իրար վարժված ու համախմբված թիմերի: Դա հեշտ չէ ու ճիշտ աշխատանք է պահանջում: Ֆեդերացիայում յուրաքանչյուր ոք իր գործն է անում ու հավատում է ապագային: Այդ համալիր աշխատանքն էլ տալիս է իր արդյունքը: «Հատիսը» դեռ չկար, բայց արդեն հնչում էր նրա օրհներգը, ցուցադրվում տեսահոլովակը: Բոլորը խոսում էին «Հատիսից»: Դա իր հերթին բերեց մարզաձեւի տարածման, հետեւաբար՝ նաեւ տեղում կադրերի աճի:

Ուրախալի է, որ սկսում է նաեւ տղամարդկանց բասկետբոլն արթնանալ, որտեղ, սակայն, խնդիրներն անհամեմատ շատ են: Առաջին հերթին՝ ֆինանսները: Այստեղ պահանջվող ծախսերը կանանց բասկետբոլի համեմատությամբ հնգապատկվում են: Հիմա մի այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է եղածը ներդնենք «Հատիսի» վրա եւ լիարժեք արդյունք ստանանք, քան տղամարդկանց վրա ներդնելով՝ չիմանանք, թե ինչ է սպասվում մեզ: Այդուհանդերձ, տղամարդկանց տասը ուժեղ թիմ ունենք, որոնցից ութին թույլատրեցինք մասնակցել Հայաստանի առաջնությանը, քանի որ այն երկուսը համեմատաբար թույլ էին: Սա արդեն իսկ ցուցանիշ է:

Ունենք 14 տարեկանների բավականին ուժեղ թիմ: Եթե առաջներում երկու մետր հասակ ունեցող մեկ-երկու բասկետբոլիստ էր հնարավոր գտնել, հիմա այդպիսիք արդեն շատ են: Լավն է նաեւ 16 տարեկանների թիմը: Կարելի է արդեն ասել, որ հերթափոխ ունենք: Բայց եղածը պահելու համար լուրջ ու հետեւողական աշխատանք է հարկավոր ու մի փոքր էլ՝ մարզական բախտ: Արդեն մեր բոլոր մարզիկներն ուսումնամարզական հավաքներն անցկացնում են հանրապետությունից դուրս: Դրա հնարավորությունը կա: Այդպես ավելի պրոֆեսիոնալ է: Այլ երկրների թիմերի հետ խաղալով՝ մեր բասկետբոլիստները մրցափորձ են ձեռք բերում, զգում իրենց ուժեղ եւ թույլ կողմերը:

Կարեւոր են նաեւ երիտասարդ մարզիչները: «Հատիսի» վերջին խաղում թիմը ղեկավարում էր Վարդան Խաչատրյանը: Արդյունքը ցույց տվեց, որ երիտասարդներին էլ պետք է ներգրավել ու տեղ տալ: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ նմանատիպ այլ երկրների հետ համեմատվել պետք չէ: Դրա համար մենք դեռ թույլ ենք: Ճիշտը ինքներս մեզ հետ համեմատվելն է, թե ինչ ունեինք 2006 թվականին եւ ինչ ունենք հինգ տարի հետո:

Ապագա ծրագրերից առաջնայինը արվածը կրկնապատկելն ու ազգային հավաքական ստեղծելն է, որն ավելի շատ աշխատանք է պահանջում: Եթե անգամ մի տարի թուլանանք, առավել եւս՝ ընդմիջում տանք, ամեն ինչ կկորչի: Հայաստանում մեր գլխավոր հենարանն Ազգային օլիմպիական կոմիտեն է ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, դրսում՝ Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիան: Այլ երկրների ֆեդերացիաների հետ կապեր կան, բայց չենք համագործակցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել