Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը բացահայտումներ է անում

Սեպտեմբեր 24,2011 00:00

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ իր հրավիրած մամուլի ասուլիսում մեկը մյուսի ետեւից հայտարարություններ էր անում, որոնց պատճառով լրագրողները ստիպված էին նորանոր հարցեր հնչեցնել:

Նախ, ԱԺ պատգամավորը մի քանի անգամ խնդրեց իրենից հեռախոսով հարցազրույց չուզել, քանի որ, իր ասելով, այդ կարգի հարցազրույցները հիմնականում տպագրվում են աղավաղված, եւ իրեն վերագրվում են մտքեր, որոնք ինքը չի ասել կամ այլ կերպ է ասել: Պատասխանելով հետեւյալ հարցին՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, պատրա՞ստ է աշխատել նրա հետ, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ո՞ւմ հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ հետ… ուրեմն ես ներողություն կխնդրեմ ֆուտբոլային երկրպագուներից, ամբողջ աշխարհի հայ ժողովրդից ու կհեռանամ ֆուտբոլից, նաեւ՝ Հայաստանից, որովհետեւ, ազնվորեն եմ ասում, մի ծիծաղեք, դուք չեք պատկերացնում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ է կատարել ժամանակին՝ իշխանության գալով, եւ ինչ կարող է անել»:
Պատգամավորը նաեւ հայտարարեց, թե ինքը մեծ հաճույքով կհրաժարվեր պատգամավորական մանդատից. «Բայց հիմա անիմաստ է, որովհետեւ 2-3 ամիս է մնացել, լրացուցիչ ծախսերի տակ պետությանը գցել, որ նոր ընտրություն լինի… չէ՞ որ ամեն ընտրություն պետության համար ուղղակի ֆինանսական ծախս է: 2-3 ամսվա համար արժե՞, որ ես հրաժարական տամ, հեչ չարժե, դրա համար ցանկալի չէ: Մնացել է 2-3 ամիս, համբերեք, էլի՛, կգնամ, ի՞նչ եք ուզում»:
Անդրադառնալով ընդդիմադիր մամուլում իր հասցեին հնչող քննադատությանը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե իր դեմ արշավ է իրականացվում, քանի որ 2008-ի ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ փորձել է իրեն ընդգրկել ընդդիմադիր ճամբարում, բայց ինքը հրաժարվել է. «Ուրեմն, լսե՛ք, ինքը երազում էր, ինքը երեք անգամ խնդրել է ինձ, եկել է ինձ մոտ, խնդրել է: Վերջին անգամ 2008 թվականի հունվար ամսին խնդրել է, որ ես դավաճանեմ: Բայց ես էդ տեսա՞կն եմ, որ դավաճանեմ»,- ասաց Հայրապետյանը՝ չթաքցնելով, որ այդ շրջանում իր հետ հանդիպել է Տեր-Պետրոսյանի պատվիրակը եւ ոչ թե Տեր-Պետրոսյանը. «Իսկ անձամբ ինքը բազմաթիվ անգամներ է հանդիպել, 2007 թվականի օգոստոս ամսին է եղել վերջին հանդիպումը՝ Սեւանի «Հարսնաքարում»: Պատասխանելով ռեպլիկին՝ «Դո՞ւք էիք տարել», Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես չէի տարել, ինքը Նիկոլ Փաշինյանի գյուղից գալիս էր, մտել էր՝ ինձ տեսնելու: Եթե ես չմիացա Լեւոն Տեր-Պետրոսյանին, դարձա վա՞տը»,- հարցնում է Ռուբեն Հայրապետյանը ու շարունակում. «Սերժ Սարգսյանը 1996 թվականին ինձ փրկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ճիրաններից, ես էդ մարդուն ո՞նց կդավաճանեի»:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Հայրապետյանը անդրադարձավ նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ իր եւ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի եւ Լեւոն Սարգսյանի շահած դատական գործին: Նրա խոսքով, մեղադրելով իրեն ծանր հանցագործությունների մեջ՝ օրաթերթը խնդիր է դրել վարկաբեկել ու խայտառակել իրեն: Հայրապետյանը պնդեց, որ թերթը իրեն զրպարտել է՝ գրելով, թե ինքը զբաղվում է թրաֆիքինգով, փողերի լվացմամբ եւ նարկոբիզնեսով, մինչդեռ ինքն անձամբ է պատժում թմրանյութով զբաղվողներին. «Գնացեք՝ Ավանում հարցրեք, թե ո՞նց է վարվում ինքը նարկոմանների հետ ընդհանրապես, հաշիշ վաճառող մարդկանց հետ ո՞նց է վարվում: Բոլորին է հայտնի, թե ես ոնց եմ վարվում էդ մարդկանց հետ: Կանչում եմ եւ զրուցում եմ հետը (լրագրողները տեղից հարցրին՝ ի՞նչ եք ասում նրանց- Մ. Ե.), ասում եմ՝ դուք շատ վատ արարք եք անում… չգիտե՞ք, ես ինչ պիտի անեմ՝ պիտի պատժեմ, ծեծեմ… թե՞ մտածում եք՝ խուսափելու եմ… որ ասեն՝ ջութակ եմ նվագել, այ, այդ ժամանակ զարմացեք, ժողովո՛ւրդ ջան»,- անկեղծորեն հայտարարեց պարոն Հայրապետյանը: Իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը, երբ կրակոցների հետեւանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց, Ռուբեն Հայրապետյանի վստահեցմամբ՝ իր հետ կապ չունի, իսկ իրեն այդ հանցագործության հետ կապող լրատվամիջոցներին դատի չի տվել, որովհետեւ «ֆինանսական միջոցները ուղղել եմ ազգային հավաքականի հաջող խաղերին»:

Ասուլիսի սպորտային մասը կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930