Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումը կկատարի՞

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"Չնայած «Սպայկայի» գործերն այնքան էլ լավ չեն, բայց ղեկավարությունը խոստանում է ուշացած աշխատավարձերը շուտով վճարել:

Բոլորովին վերջերս բեռնափոխադրող եւ գյուղատնտեսական ապրանքների մթերման «Սպայկա» ընկերությունը մեծ հպարտությամբ հասարակությանը ներկայացրեց, թե ինչ լավ ու ինչ կարեւոր գործ են անում: «Սպայկա» էր այցելել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով այս ընկերության գործունեությունը, վարչապետը հույս հայտնեց, որ ընկերությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների արտահանման աճ կլինի եւ այլն: Կառավարաթյունը այս տարվա փետրվարին նույնիսկ հարկային արտոնություն տվեց «Սպայկային»՝ 3 տարով հետաձգելով ԱԱՀ-ի վճարումը:
Այդուհանդերձ, պարզվում է, «Սպայկայի» գործերն այնքան էլ լավ չեն: Արդեն 2-րդ ամիսն է՝ ընկերությունը չի կարողանում մարել աշխատավարձերի պարտքը:
«Առավոտին» դիմած ընկերության մի խումբ աշխատակիցներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, դժգոհեցին, որ ամեն անգամ, երբ աշխատավարձ ստանալու համար դիմում են, նրանց հուսադրում են՝ «վաղը կամ մյուս օրը կլինի»: Եվ այդպես 2 ամիս շարունակ: Մի քանի օր առաջ էլ, երբ դիմել են եւ ասել, որ մարդիկ այդ աշխատավարձի հույսին են, նրանց, խոսքերով, պատասխանատուները հայտնել են, որ ֆինանսական խնդիրներ ունեն եւ առայժմ չեն կարող վճարել. «Բայց մենք մեր 2-3 տարեկան երեխաներին ո՞նց բացատրենք, որ մեր շեֆը ֆինանսական խնդիր ունի, մի քիչ էլ սոված սպասեք»: Աշխատակիցների խոսքերով՝ բոլորովին վերջերս ընկերությունը նոր եւ թանկարժեք բեռնափոխադրող մեքենաներ եւ սառնարաններ է ներմուծել. «Ասում են՝ մոտ 210 հազար եվրո արժողությամբ 28 մեքենա են բերել, 28 հատ էլ՝ 90 հազար եվրոյանոց սառնարաններ: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ էդքան մեծ գումար ունեն մեքենա գնելու, իսկ մեր աշխատավարձերի համար գումար չունեն»: Չնայած այս ամենին, աշխատակիցները հանուն արդարության նշեցին, որ վերջերս ընկերությունը բավականին մեծ քանակությամբ գյուղմթերք է արտահանել, որոնք վնասվել են, փչացել, ինչի հետեւանքով «Սպայկան» ֆինանսական վնասներ է կրել. «Մենք հասկանում ենք, որ իրենց գործերը լավ չեն: Բայց մարդիկ կան՝ սմենի պետերն ու այդ խավի պաշտոնյաները, բանվորական կազմի հետ այնպիսի արհամարհանքով են խոսում, իմանալով, որ այսօր աշխատանք գտնելը բարդ է ու ինչ ասեն՝ կուլ կտանք: Երբ աշխատավարձի մասին խոսք ենք բացում, ասում են՝ էս ա, ուզում եք՝ դիմացեք, չէ՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք»:  
Այս առնչությամբ, «Սպայկա» ընկերության տնօրենի օգնական Կարեն Բաղդասարյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ընդամենը մի քանի օրից աշխատավարձերի պարտքը կմարեն: Իսկ ինչ վերաբերում է որոշ աշխատակիցների այն հայտարարություններին, թե՝ «ուզում եք՝ դիմացեք, չէ՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք», պարոն Բաղդասարյանը խոստացավ պատժել նրանց՝ անպատասխանատու հայտարարության համար. «Մեր ընկերությունն իսկապես ֆինանսական որոշակի խնդիրներ ուներ, ինչի պատճառով աշխատավարձերի վճարումը մի փոքր ուշացրինք, սակայն աստիճանաբար այդ խնդիրը լուծվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930