Լրահոս
Օրվա լրահոսը

Իմպիչմենտ՝ բախտի բա՞ն, թե՞ ռեալ հաշվարկ

Հոկտեմբեր 29,2011 12:41

Երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության առնչությամբ «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից: Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե՝ ռեա՞լ է արդյոք, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ՀՀ նախագահին իմպիչմենտի հարցը բարձրացնելու համար բավարար քանակով կողմնակիցներ կգտնի՝ ասենք, համագործակցելով ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլեւ ԲՀԿ-ի հետ, պատգամավորը հեգնեց՝ թերեւս շարունակելով հանրահավաքում չասվածը. «Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ մեզ չհաջողվի մեծամասնություն կազմել, դա մենք կփորձենք անել նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե դա էլ չստացվի՝ կփորձենք անել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանը երեկ խոսել է նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումների շրջանակներում ՀԱԿ-ի արած առաջարկների մասին՝ ասելով, թե դրանք կարող էին զգալիորեն նվազեցնել ընտրակեղծիքների հնարավորությունը եւ նպաստել ընտրությունների օրինականության նկատմամբ հանրային վստահության կայացմանը։ «Դրանցից մեկը բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումն է պետության կողմից ձեւավորված հանձնաժողովներով»,- մատնանշել էր ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, թե՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին եւ ընտրությունների օրինականության ապահովմանը վերաբերող բոլոր ներկայացված պահանջները «պաշտպանվում են ոչ միայն Կոնգրեսի, այլեւ մի քանի այլ քաղաքական ուժերի կողմից»։ Այս առնչությամբ «Ժառանգության» պատգամավորը հիշեցրեց, որ հակառակ ՀԱԿ առաջնորդի հայտարարության՝ մասնավորապես իր խմբակցությունը կտրականապես դեմ է եղել ընտրական հանձնաժողովները պետության եւ պրոֆեսիոնալների կողմից ձեւավորելու Կոնգրեսի առաջարկին եւ բազմիցս պնդել ու առաջարկել է, որ ընտրական բոլոր երեք մակարդակների հանձնաժողովներն էլ ձեւավորվեն բացառապես քաղաքական ուժերի կողմից, ընդ որում՝ իշխանությունների եւ ընդդիմության հավասար՝ 50/50 ներկայացվածությամբ: Մարտիրոսյանն ասել կուզեր, թե՝ այնպես չի, որ ՀԱԿ-ի առաջարկներին ընդդիմադիր բոլոր ուժերն են հավանություն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31