Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հողը՝ անբերի, պարարտանյութը՝ թանկ, տեխնիկա չկա

Հոկտեմբեր 29,2011 12:54

«Եթե «Փարոսը» վերանա, գյուղացիները լավ էլ կաշխատեն ու կապրեն»,- նման համոզմունք ունի Լոռու մարզի Գեղասար համայնքի ղեկավար Ստասիկ Հովհաննիսյանը:
Գյուղապետը գտնում է, որ գյուղացին այսօր ծուլացել է, եւ չի բացառում, որ դրա պատճառներից մեկն էլ աղքատ ընտանիքներին ամեն ամիս որպես օգնություն հատկացվող գումարներն են. «Խոտը չեն հնձում, 40%-ն են հնձել, մնացածը արտում է մնացել»: Այդուհանդերձ, Ս. Հովհաննիսյանը նշեց նաեւ գյուղացու խնդիրներն ու հոգսերը: Ըստ նրա, Գեղասարում հողից 1 անգամ են բերք ստանում, բացի այդ, 1 հեկտար հողի մշակումը բավական թանկ է՝ գյուղացու վրա մոտ 200 հազար դրամ է նստում: Տեղեկացանք, որ գյուղապետարանի տրամադրության տակ ոչ մի գյուղտեխնիկա չկա, իսկ անհատներն էլ իրենց ուզած գինն են թելադրում. հողի վարձն արժե 40 հազար դրամ: Ս. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի տարածքում հակակարկտային կայաններ չկան, եւ եթե կարկուտ է գալիս, հիմնականում բերքը փչանում է: Գյուղացիները չեն ընկալում կոոպերատիվի գաղափարը, չնայած պետությունն աջակցում է դրանց, բայց գյուղացիները վախենում են, որ վարկեր կվերցնեն ու չեն կարողանա դրանց տակից դուրս գալ: Համայնքի ղեկավարի խոսքերով, եթե մի քանի տեղ կոոպերատիվները սկսեն աշխատել ու ժողովուրդը տեսնի, որ օգուտ կա, այդպես աշխատելն ավելի արդյունավետ է, ապա իրենք էլ կստեղծեն կոոպերատիվներ: Բայց համայնքի հիմնական խնդիրը, Ս. Հովհաննիսյանի ներկայացմամբ, խմելու ջուրն է. «Սարից եկող ջուր ունենք, բայց ջրօգտագործման թույլտվության ժամկետը լրացել է: Ինձ 10 անգամ կանչում են բնապահպանության նախարարություն, թե արի՝ ժամկետը երկարացնենք: Ինչի՞ համար եմ գնում Երեւան, եթե Վանաձորում կա մասնաճյուղը: Մոնիտորինգի համար 87 հազար դրամ են ուզում, որ ջուրը փորձաքննության ենթարկեն, ինչի՞ համար»: Գյուղում այժմ բնակվում է 943 մարդ, իսկ տղամարդկանց 90%-ը արտագնա աշխատանքի է մեկնել:
Գեղասարի բնակիչ Գայանե Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 3 հեկտարով կարտոֆիլ են մշակում, բայց պարարտանյութը, օրինակ՝ 9-10 հազար դրամ է, ու 130 դրամով իրացված կարտոֆիլի գումարից մի կերպ են 8 հոգանոց ընտանիքի համար յուղ, մակարոնեղեն ու առաջին անհրաժեշտության հագուստ հասցնում գնել: Գ. Խաչատրյանի խոսքերով էլ, ամեն տարի իր ամուսինը մեկնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի. «Բա որ չգնա, ինչո՞վ ապրենք»: Ակվիբաս Կարապետյանի 2 որդիները նույնպես ՌԴ-ում են: «Սարի գլխին 1 բաժին հող են հատկացրել, ոչ մի բան չի աճում, ես ու պառավս մի կերպ ենք յոլա գնում, 2 անասուն ունենք, բայց չենք կարողանում գումար հետ գցել, որ տրակտորիստին տանք: Հեսա ձյունը եկավ, պիտի նստենք տները, էլ անելու բան չկա»: Գյուղի դպրոցի տնօրեն Վազգեն Ղուկասյանն էլ մեզ պատմեց, որ լուրջ խնդիր է աշակերտների թվի նվազումը. եթե 5 տարի առաջ գյուղի դպրոցում 215 աշակերտ կար, ապա այս տարի նրանց թիվը նվազել է՝ դառնալով 97, բոլոր ընտանիքները 1-2 երեխա են ունենում, այսինքն՝ այսօր արդեն ժողովրդագրական կազմի խնդիրն է ծառանում. «Մենք գիտենք, որ Արցախում, օրինակ, երեխաների ծնունդը պետականորեն խրախուսվում է, իսկ մեզ մոտ անտարբերության արդյունքը կերեւա հաջորդ տարի, երբ ընդամենը 2 երեխա կհաճախի առաջին դասարան»,- ասաց պարոն Ղուկասյանը:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Լրագրողների այցը Լոռու մարզի Գեղասար համայնք «People in need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31