
Մարզում գրանցված, սակայն արտերկրում գտնվող անձինք վերջին օրերին հաշվառվել են, սակայն` «բացակա» նշումով: Աիդա Աչինյանից տեղեկացանք, որ մարզում ոչ մեկը չի հրաժարվել հաշվառումից:
«Իջեւան քաղաքում մի մարդ կար, աշխարհից նեղված էր, չէր ուզում հաշվառվել, համոզեցինք»,- ասաց Աիդա Աչինյանը: Մեր տվյալով, Նոյեմբերյան քաղաքում 3 , Կոթի գյուղում մի հոգի եւս չի ցանկացել հաշվառվել, սակայն նրանց ասել են, որ դա պարտադիր է, իրենց նկատմամբ վարչական վարույթ կարող են հարուցել, եւ նրանք ստիպված համաձայնել են:
Տավուշում մարդահամար կատարող հաշվարարների համար տրանսպորտի վառելանյութ չի հատկացվել, եւ նրանք ոտքով են կատարել շրջայցերը: Աիդա Աչինյանն ասաց, որ իրենք հաշվարարներին ընտրել են տվյալ համայնքից, որ չառաջանան խնդիրներ: Սակայն մեծ տարածքով համայնքներ կան, օրինակ՝ Գանձաքարը, որ 7 կմ ձգվածություն ունի եւ հաշվարարին դժվար է ոտքով անցնել մեծ ճանապարհը: Մարդահամարի գործընթացում ընդգրկված են հրահանգիչներ, ովքեր գյուղեր գնալու համար ծախսերը կատարել են մարդահամարի իրենց վարձատրությունից, դրա համար չի հատկացվել առանձին գումար:
Մարդահամարի, չհաշվառվածներին հաշվառվելու վիճակագիրների կոչի մասին առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»:
Ոսկան Սարգսյան


















































