Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանի համար Գյումրիում էլ հանրահավաք կանեն

Նոյեմբեր 01,2011 19:16

Շիրակից ընտրված պատգամավորներից պահանջելու են Թռչկանի հարցը բարձրացնել ԱԺ-ում:

Վաղվանից Գյումրիի Թատերական հրապարակում կսկսվեն բողոքի գործողություններն` ընդդեմ Թռչկան ջրվեժի ոչնչացմանը: Կտեղադրվի վրան ու կսկսվի ստորագրահավաք, իսկ նոյեմբերի 5-ին տեղի կունենա հանրահավաք: Այնուհետ գյումրեցի ակտիվիստները Շիրակի մարզից ընտրված պատգամավորներին կստիպեն այս հարցը բարձրացնել Ազգային ժողովում, հատուկ գրությամբ կհստակեցնեն նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի դիրքորոշումը: Ակտիվիստները մտադիր են նաեւ շիրակցիների համար էքսկուրսիա կազմակերպել դեպի Թռչկան` այնտեղ տեղի ունեցող նստացույցին միանալու եւ քաղաքացիներին ցույց տալու համար, թե ինչ բարբարոսությամբ են վերցնում Շիրակի ու Լոռու սահմանին գտնվող բնության հուշարձանը: Այս մասին այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված ասուլիսում տեղեկացրին «Պահպանենք Թռչկան ջրվեժը» խմբի անդամները: Նրանցից մեկը` Գյումրիի բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ ղեկավար Գեւորգ Պետրոսյանն, անդրադառնալով Չիչխան գետի ափին ՀԷԿ կառուցող «Ռոբինշին» կազմակերպության այն հայտարարությանը, թե դադարեցնում են շինաշխատանքներն ասաց. «Իմ կարծիքով սա խաբուսիկ մի քայլ է, փորձում են հասարակությանը լռեցնել, սկիզբ առած շարժումը հանդարտեցնել, սակայն մենք չենք համոզվի եւ չենք հանդարտվի, քանի դեռ դադարեցված չէ «Ռոբինշինին» տրված լիցենզիան, փոխված չէ հողի կատեգորիան, որը 2004 թին էներգետիկ նշանակությամբ հող է ճանաչվել հատուկ ՀԷԿ կառուցելու համար, եւ ի վերջո չենք լռի, հաղթանակ չենք տոնի, քանի դեռ պատժված չեն այն մարդիկ, որոնք ՀԷԿի կառուցման համար անօրեն թույլտվություն են տվել»: 

Բնապահանության նախարարությանն ու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին քաղաքացիական խումբը դատի տալ չի շտապում, համենայնդեպս գյումրեցի բնապահպանն այսպես պարզաբանեց. «Դատարանի տեղը մենք շատ լավ գիտենք, եթե դատի տալուց հետո խոսես, կլռեցնեն, կասեն` դատարանում է գործը, համբերեք, եւ հետո շատ լավ ծանոթ ենք , թե բնապահպանական թեմաները ինչ ընթացք ունեն դատարանում, նախադեպերն ունենք`Թեղուտի ու Դալմայի այգիների գործերը: Մեծացնելու ենք հասարակական ճնշումը: Դա ավելի մեծ օգուտ կբերի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930