Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ընթերցողն է փոխվել, եւ գրականությունը

Նոյեմբեր 05,2011 00:00

Գրականագետ Ազատ Եղիազարյանի դիտարկումները

\"\"

«Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-8-ը Բուդապեշտում կայացել է հայագիտական համաժողով, որին մասնակցել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնների ղեկավարներ եւ այլ մասնագետներ: Համաժողովի ընթացքում ընթերցվել է շուրջ 70 զեկուցում: Հայաստանը ներկայացրել են Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի եւ հայ գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ Մատենադարանի աշխատակիցներ Արամ Թոփչյանը, Գոհար Մուրադյանը, Օլգա Վարդազարյանը, Էդդա Վարդանյանը, արվեստաբան Լեւոն Չուգասզյանը, ով Կենտրոնական Եվրոպայի համալսարանում կարդում է դասախոսություններ հայ մանրանկարչության մասին եւ ներկայացնում էր Երեւանի պետական համալսարանը:
Եվրոպայում գործում է հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցություն, որում ընդգրկված են ոչ միայն Եվրոպայում, այլեւ ԱՄՆ-ում բնակվող հայագետներ: Այս տարի գիտաժողովը հոբելյանական էր, քանի որ լրացավ այդ կազմակերպության 30-ամյակը: Մեզ հետ ունեցած զրույցում Ազատ Եղիազարյանն ասաց, որ եվրոպացի եւ ամերիկացի հայագետների աշխատանքը արժանի է ամենաբարձր գնահատականի. «Այդ մարդիկ արտասահմանում ներկայացնում են հայ մշակույթը: Իրենց գործի բերումով իսկ օբյեկտիվորեն նրանք մեր բարեկամներն են: Մենք երբեմն մոռանում ենք, որ նրանք, բոլոր վեճերով, մեզ համար երբեմն անընդունելի տեսակետներով հանդերձ, անգլերեն եւ այլ լեզուներով թարգմանել եւ մասնագետներին են ներկայացրել հայ հեղինակների գործերը:  Հայաստանում գործող հայագետները եւ մեր արտասահմանյան գործընկերները կարող են տարաձայնություններ ունենալ: Բայց տարբեր տեսակետների բախումը գիտության, այդ թվում եւ հայագիտության զարգացման համար՝ անհրաժեշտ է: Մենք միայն ակտիվ բանավեճերում եւ գիտական բարձր արդյունքներով կարող ենք ապացուցել, որ հայագիտության կենտրոնը Հայաստանն է: Սա անվերջ գործընթաց է:  Գիտաժողովի ընթացքում Հրաչյա Թամրազյանի առաջարկությամբ որոշում ընդունվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում: Եթե չեմ սխալվում, դա այդ կազմակերպության առաջին գիտաժողովն է լինելու Երեւանում: Կարծում եմ, դա ճիշտ որոշում էր: Հայաստանյան հայագետները պետք է ավելի ակտիվ լինեն միջազգային ասպարեզում»:
Պարոն Եղիազարյանն իր զեկույցում խոսել է Եղիշեի «Վարդանի եւ հայոց պատերազմի մասին» մատյանի գրական առանձնահատկությունների մասին: Ելնելով իր վերլուծությունից, նա պաշտպանել է ականավոր հայագետների կարծիքը, որ Եղիշեին հինգերորդից վեցերորդ դար տեղափոխելը խորապես անհամոզիչ է: Բուռն քննարկման ընթացքում այս տեսակետին համաձայնել են արտասահմանցի հայտնի հայագետներ:
Պարզ է, որ զրույցի երկրորդ փուլում պետք է խոսք լիներ այսօրվա հայ գրականության մասին: Այսօր ամեն տեղ այդ մասին են խոսում, ամեն տեղ դժգոհում են այսօրվա գրողներից ու գրականությունից: «Դա շատ ավելի բարդ հարց է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Որ այսօր ստեղծվող գրականությունը բոլորովին նման չէ նախորդների գրականությանը, անվիճելի է: Եվ այդ տարբերությունները սովորական զարգացման, սովորական սերնդափոխության արտահայտություն չեն: Կտրուկ բեկում է տեղի ունենում ոչ միայն գրական, այլեւ առհասարակ մտածողության մեջ: Եվրոպան արդեն գրեթե մեկ դար պայքարում է դասական ավանդների դեմ՝ փորձելով ստեղծել մի բոլորովին նոր մշակույթ: Չեմ ուզում գնահատականներ տալ այդ գործընթացին: Բայց անհեթեթություն է չտեսնել այսօրվա իրողությունները: Մեր մշակույթը, ըստ էության, միայն այսօր կամ վերջին տասնամյակներում է հայտնաբերում իր համար քսաներորդ դարի եվրոպական արվեստի զարգացման միտումները եւ ձգտում է արագ թափով յուրացնել այդ բոլորը, եւ սրա պատճառը միայն նմանվելու ձգտումը չէ: Մեր այսօրվա կյանքը, մտածողությունը մեզ տանում են այդ ճանապարհով: Այս շարժումը հաճախ բերում է ավերածություններ արվեստի բնագավառում, բերում է եւ առանձին նվաճումներ: Բայց դա մի փուլ է, որ, ըստ երեւույթին, անխուսափելի է, անշրջանցելի է: Այս սահմաններում պետք է գնահատել այսօրվա արվեստն ու գրականությունը: Եվ այս սահմաններում ես չեմ կարող չտեսնել այն իրական շարժումը, որ կա մեր գրականության մեջ: Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր դժգոհ են մեր օրերի գրականությունից: Բայց ես գնահատում եմ այն ճիգը, որն անում է այսօրվա գրականությունը այսօրվա մարդուն հասկանալու, այսօրվա կյանքը իմաստավորելու ուղղությամբ: Կա՛ այդ ճիգը, եւ դա պետք է տեսնել: Ի՞նչ կլինի մի տասը տարի հետո, դժվար է ասել»,- ասում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, այսօր գրողներին միավորում է միայն մի բան՝ գրչին ծառայելը. «Դրանից դեն ամեն մեկը ունի իր ուղղությունը, իր պատկերացումները գրականության մասին, գրական կազմակերպությունը այստեղ որեւէ միջամտություն անել չի կարող, գրական երկին գնահատական տալիս են միայն ընթերցողը եւ ժամանակը»: Գրականագետի համոզմամբ, մեր օրերում ոչ միայն գրականությունն է փոխվել, այլեւ ընթերցողը. «Գրականությունն այլեւս այն համընդհանուր ուշադրության առարկան չէ, ինչպես մի քանի տասնամյակ առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել