Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցաշրջան-2012-ի մեկնարկն արդեն տրված է

Նոյեմբեր 25,2011 13:09

Միջանկյալ անցումային այս մրցաշրջանը, որ Հայաստանի առաջնությունը գարունից գարուն է ձգելու, մի հետաքրքիր ու նոր առանձնահատկություն էլ ունի. Հայաստանի գավաթի խաղարկությունն սկսվում է օրացուցային տարին դեռ չմեկնարկած:

ՀՖՖ որոշմամբ գավաթի խաղարկության վիճակահանությունը, ինչպես նաեւ առաջին՝ քառորդ եզրափակիչ փուլը, տեղի ունեցավ արդեն ավարտված 20-րդ առաջնությունից անմիջապես հետո: Նոյեմբերի 19-ին ու 20-ին կայացան առաջին, իսկ նոյեմբերի 23-24-ին՝ պատասխան հանդիպումները: Այդպիսով, արդեն պարզ է, թե հայկական ութ ակումբներից որոնք գարնանը կշարունակեն պայքարն «Անկախության գավաթի» ու 6 միլիոն դրամ մրցանակի համար:

Քառորդ եզրափակչի չորս զույգերը հետաքրքիր բաշխվածություն ունեին: «Փյունիկ»-«Միկա», «Արարատ»-«Ուլիս» եւ «Գանձասար»-«Իմպուլս», զույգերում կողմերից մեկն արդեն իսկ եվրագավաթային ուղեգիր ունի, իսկ այ, «Բանանցի»-«Շիրակի» համար պայքարի հիմնական մոտիվացիան առաջին հերթին հենց Եվրալիգան է, որը հասու կլինի բացառապես գավաթին տիրանալու պարագայում: Իսկ առայժմ պետք է ընդամենը հաղթահարել մյուս, ոչ պակաս մոտիվացված մրցակցի արգելքն ու սպասել գարնանը:

Արդեն անցած առաջնությունում մի կողմից` գրեթե ոչնչով աչքի չընկած ու մյուս կողմից՝ ամենից մեծ թռիչքը կատարած թիմերի միջեւ գավաթային առաջին խաղում գրանցվել էր 2:1 հաշիվը՝ հօգուտ գյումրեցիների: Պատասխան խաղում Վարդան Բիչախչյանի սաներին պարզապես պետք էր պահպանել այդ հաշիվը՝ գարնանը գավաթային մարզադաշտ վերադառնալու համար, ինչն էլ նրանց ոչ մեծ դժվարությամբ հաջողվեց: Բելառուս դարպասապահ Իգոր Լոգվինովին հաջողվեց անառիկ պահել գյումրեցիների դարպասը «Շիրակի» կազմում իր վերջին պաշտոնական խաղում (ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՖՖ գործկոմի որոշմամբ 2012 թվականից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ամբողջությամբ սահմանափակվում է օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը): Իսկ ո՞վ հետագայում կփորձի օգնել «Շիրակին»՝ դեռ պարզ չէ: Թերեւս, միակ հավանական տարբերակը այժմյան երկրորդ դարպասապահ Նորայր Աբրահամյանն է, ով էլ ստիպված կլինի դիմակայել կիսաեզրափակչում «Միկայի» ֆուտբոլիստների գրոհներին («Միկան» պայքարից դուրս թողեց «Փյունիկին» ու ապահովեց իր տեղը կիսաեզրափակչում, ասել է թե՝ եվրագավաթի համար ուղեգրի պայքարում): Այս երկու թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան խաղում Յոժեֆ Բուբենկոյի սաները 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեցին՝ առանց գահ մնացած տասնամյակի «թագավորին» զրկելով նաեւ գավաթային պայքարից: Չնայած, գուցե հենց «գահընկեց թագավորն» իրեն զրկեց հետագա պայքարից. չէ՞ որ Վարդան Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսում շեշտեց, որ իրենք մոտիվացիա չունեին: «Մենք արդեն Եվրալիգայի ուղեգիր ձեռք բերել ենք, այդ իսկ պատճառով այս խաղին լուրջ չմոտեցանք»,- ասել էր Մինասյանը: Պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, իհարկե, կարելի է վիճել, մանավանդ որ՝ «Փյունիկը» պայքարելու այլ մոտիվացիա պիտի որ ունենար, բայց փաստը մնում է փաստ` հաջորդ փուլում «Միկան» է: Այնպես որ, կիսաեզրափակչում հանդիպելու են նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցները:

Իսկ մյուս կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն «Իմպուլսն» ու «Ուլիսը»: Անցած առաջնության երկրորդ կեսը տապալած «Գանձասարը» տապալեց նաեւ գավաթային պայքարը՝ երկու խաղերում 0:2 հաշվով պարտություն գրանցելով: Իսկ նորընծա չեպիոն «Ուլիսը» «Արարատի» հետ պայքարում մեծ դժվարությամբ տիրացավ հաջորդ փուլի ուղեգրին: Չնայած առաջին խաղում գրանցված 3:1 հաշվով հաղթանակին, պատասխան խաղում չեմպիոնին լուրջ փորձություն էր սպասվում: «Արարատը» մարտականորեն էր տրամադրվել ու մոբիլիզացրել ողջ ուժերը, ինչի հետեւանքն եղավ արձանագրված 3:2 հաշվով արժանի հաղթանակը: Այդքանը, սակայն, բավարար չէր՝ գարնանը կրկին գավաթային խաղադաշտ դուրս գալու համար:

Այնպես որ, գավաթի եզրափակչում հաստատ կխաղա մի թիմ, որը դեռ երբեք այնտեղ չի հասել:

Սպասենք մինչեւ գարուն:

ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930