Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. բյուջեն անփույթ են ծախսում (տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2011 17:14

Ցրտերն ընկնելուն զուգահեռ, ավելի են սրվել անօթեւանների խնդիրները: Այսօր «Հայելի» ակումբում այս մտահոգությամբ ասուլիս էին հրավիրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն ու գրող-հրապարակախոս Լուսինե Վայաչյանը: Ըստ տիկին

Վայաչյանի, անօթեւանների միակ պետական կացարանում տեղ չկա. «Ես եմ միջնորդել, որ ընդունել են մի քանի հոգու: Այստեղ բնակիչներն իրավունք ունեն միայն 60 օր մնալու, հետո 2 օրով դուրս են գալիս ու նորից 60 օրով տեղավորվում»: Ըստ նրա, անօթեւանների քանակը գնալով ավելանում է, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս առնչությամբ ոչինչ չի անում: Կարինե Հակոբյանն էլ ավելացրեց, որ պետական ծրագիր չկա անօթեւանների վերաբերյալ. «Բնակարանաշինության համար պետբյուջեից տրվող գումարները գնալով պակասում են: Այնպիսի տպավորություն է, որ մենք անօթեւանների խնդիր չունենք եւ բնակապահովության հարցը լուծել ենք արդեն»:

Նա պնդեց, որ եթե պետական ծրագիր լինի անօթեւաններին բնակարանով ապահովելու առումով, ապա խնդիրը կլուծվի. «Ֆինանսական որեւէ խնդիր չկա: Հիմա բյուջեն այնքան անփույթ է ծախսվում: Եթե այսպիսի ծրագիր լինի, ապա հնարավոր կլինի խնդիրը լուծել, անգամ բյուջեի մուտքերը չավելացնելով»: Ըստ նրա, միայն բնակարաններով ապահովված լինելը չէ, որ պետք է լինի պետական աջակցությամբ. «Այսօր նվազագույն աշխատավարձը չի հասնում անգամ նվազագույն սպառողական զամբյուղին: Կենսաթոշակներն են ցածր, զբաղվածության խնդիր կա: Այս ամենը պետք է լինի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լուծելու հարցերը, բայց նախարարությունը այս առումով ոչինչ չի անում: Սրանք ամենախոցելի խմբերն են, որոնց պետք է օգտակար լինել»:

Հարցին, թե տիկին Հակոբյանն ինչ է արել այս առումով՝ նախկինում լինելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյա, նա պատասխանեց, որ ինքը եղել է ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերով փոխնախարար, բայց պարբերաբար բարձրացրել է այս խնդիրը. «Հիմա էլ կան մարդիկ, որ այս հարցերի մասին խոսում են եւ մտահոգ են, բայց վերեւներում այս խնդիրը լուծում չի գտնում»: Նա ասաց, որ ոչ միայն պետք է մտահոգվել աղքատ խավի, այլեւ միջին խավի մասին, որը եթե համապատասխան ապահովությունը չստանա, նույնպես կդառնա աղքատ խավ: Լուսինե Վայաչյանի կարծիքով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է լուծարվի, եթե այս կարեւորագույն խնդիրներով չի զբաղվում:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031