«Մենք երկու անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել ՀՀ քաղաքացիների կամքի արտահայտությունը»,- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2021 եւ 2026 թվականի ընտրություններում իրենք ստացել են մեծամասնություն։
«Բայց ձեզ հայտնի պայմաններում եւ միջավայրում մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներին արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձեւավորումը պետք է լինի մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն հատվածը։ Մասնավորապես, մենք այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որեւէ շանս ՀՀ-ում որեւէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձեւավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, այդ ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձեւավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր։ Եվ ՀՀ իրավունքն է այդ պրոցեսները եւ այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հասարակության քննադատությանը, թե ինչո՞ւ նախկին հայտարարությունները չի իրականացրել։ Նա նշեց, որ նախկինում խաղաղություն չկար։ «ՀՀ քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսները ուղեկցվել են եւ պետք է ուղեկցվեին այդ թվում՝ արտաքին ազդեցություններով՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Եվ դրանք նաեւ ՀՀ անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքների։ Եվ, այո, եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետեւանքներ կարող են ունենալ ՀՀ համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեքսով։ Այսօր այդ ռիսկերը հաղթահարված են։ Նախորդող շրջանում չի եղել մի րոպե եւ մեկ վայրկյան, որ մենք կոմպրոմիս ունենանք քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Պարզապես մենք մեզ հաշիվ ենք տվել, որ կան իրավիճակներ, երբ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր, ընդհուպ՝ դանդաղկոտություն է հարկավոր, որպեսզի արտաքին ազդեցություններ չսադրենք, որոնք ՀՀ համար բերելու են այնպիսի հետեւանքների, ինչպիսին մենք ունեցանք օրինակ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Հիմա ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են, կառավարված են եւ այդ ռիսկերն ըստ էության այլեւս գոյություն չունեն։ Հետեւաբար, ՀՀ կառավարությանը, ժողովրդին եւ կառավարող մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ ՀՀ-ում քրեական օլիգարխիան, ներառյալ ընտրակաշառք բաժանող ուժերին արմատախիլ անելու գործընթացի վրա։ Այդ գործընթացն արդեն իսկ սկսված է, եւ այդ գործընթացը որեւէ ձեւով չի կարող կասեցվել, գնալու է մինչեւ վերջ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց, որ 2018 թվականից մինչեւ 2026 թվականը «շուրջ 8 մլրդ դոլար ստվերային կամ գողացված ու թալանված միջոցներ վերադարձվել է ՀՀ-ին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































