Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարված փոքրիկն իր հետ կատարվածը չի գիտակցում

Դեկտեմբեր 12,2011 18:08 Share

Հայտնի է, որ դեկտեմբերի 5-ին, օրը ցերեկով, Գյումրու կենտրոնում` Շիրակի մարզպետարանի ու դատարանի արանքում գտնվող 3 հարկանի կիսակառույցի մեջ, 25-ամյա Վարդան Ղազարյանը բռնաբարել էր գիշերօթիկ դպրոցի 10-ամյա սաներից մեկին: Այս դեպքի շուրջ Գյումրիում տարբեր խոսակցություններ են պտտվում, քանի որ գիշերօթիկը նախկինում մանկատուն է եղել, շատերը ենթադրում են, թե դեռահաս աղջիկը ընտանիք չունի, մյուսներն էլ խոսում են, որ մանկապիղծ ջահելը հոգեկան հիվանդ է:

Aravot.am-ը գիշերօթիկ դպրոցի տնօրեն Ա.Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ ընտանիքից է փոքրիկը: Ի դեպ, դպրոցի հասցեն չենք նշում տնօրենի խնդրանքով, ըստ նրա, դեպքը տեղի է ունեցել դպրոցից դուրս, ազատ օրերին, երբ երեխային տուն են տարել, հետևւաբար, դպրոցի անվանումը հրապարակելը սխալ կընկալվի ու կվարկաբեկվի իրենց կառույցը: Տիկինը մեզ պարզաբանեց, որ 10-ամյա աղջիկը սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող, բազմազավակ ընտանիքից է. հայրը հիվանդ է, ոտքերի նևրոզ ունի, գամված է անկողնուն, մայրն էլ ընտանիքը նպաստով է յոլա տանում: Ընտանիքի չորս երեխաներից գիշերօթիկ է հաճախում միայն 10-ամյա դուստրը, մնացածը փոքր են: Դպրոցի տնօրենի բնութագրելով՝ երեխայի մայրը շնորհքով, համեստ կին է, իսկ երեխան միջին կարողությունների տեր է:

Իսկ թե հոգեկան ինչ վիճակում է փոքրիկը՝ տնօրենի ասելով, նրա վիճակը շատ ավելի են ծանրացնում, քան իրականում կա. աղջկա հետ գիշերօթիկի հոգեբանն է աշխատում, նա սովորականի պես խաղում է իր ընկերների հետ, խմբակներ հաճախում, մի խոսքով, ըստ տնօրենի, չի էլ գիտակցում, թե իր հետ ինչ է կատարվել:

Գործը քննող քննիչ Էդգար Ալեքսանյանից էլ հետաքրքրվեցինք, թե ի վերջո ո՞վ է մանկապիղծը` հարբեցո՞ղ է, հոգեկա՞ն է, նախկինում դատված եղե՞լ է, թե` ոչ: Քննիչը տեղեկացրեց, որ վերջինս հայր չունի, բնակվում է մոր հետ, ըստ իր ցուցմունքի, աշխատել է հացի փռում, ներկայումս գործազուրկ է, հոգեբուժարանում հաշվառված չէ, փաստաթղթերը նոր են ուսումնասիրում ու դեռևս պարզված չէ նախկինում դատված եղե՞լ է, թե՞ ոչ:

Իսկ որտե՞ղ է հասցրել գիշերօթիկի սանը ծանոթանալ մանկապիղծի հետ, պարզվում է սա եւս հստակեցված չէ, ընթանում է նախաքննություն ու շուտով կպարզեն` նրանք իրականում ծանո՞թ են եղել, թե՞ ոչ: Քննիչի տեղեկացնելով, դեռահասը բնակվում է դեպքի վայրից ոչ հեռու` Գարեգին Նժդեհի զուգահեռ փողոցում: Ըստ նրա, կիսակառույցը «Մադամ» խանութի հետնամասում է. մանկապիղծն իր գործը տեսել է բակի մասում, որը փակ ու աննկատ տեղ է:

Ի դեպ, դատարանի ու մարզպետարանի շենքերը բաժանում է հենց այդ խանութը: Ծնողները երեխային շաբաթ եւ կիրակի տուն են բերել, սակայն երկուշաբթի օրը դասի չեն տարել, հենց նույն, ժամը 13-ի հատվածում էլ երեխան բռնաբարվել է: Այժմ մանկապիղծը Արթիկի քրեակատարողականում է, նրա դեմ հարուցված է քրեական գործ՝ 138 հոդվածի 3-րդ մասով, այն է, բռնաբարություն 14 տարին չլրացած անձի նկատմամբ: Նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031