Լրահոս
Օրվա լրահոսը

75-ամյա Վարսենիկին գցել են մահացածների ցուցակ

Դեկտեմբեր 16,2011 13:38

Թոշակառուների տվյալների համադրման արդյունքում տիկին Վարսենիկը եւ նրա նման շատ կենսաթոշակառուներ հայտնվել են մահացածների ցուցակում եւ առհասարակ ցուցակներից դուրս են մնացել:

Կենդանի թոշակառուներին «մեռցնելու» գործընթացը շարունակվում է:

Այս ամիս բազմաթիվ կենսաթոշակառուներ իրենց թոշակները ստանալու ակնկալիքով դիմել են համապատասխան կենտրոններ, սակայն հայտնաբերել են, որ իրենց կամ «ողջ-ողջ թաղել են», կամ էլ ինչ-ինչ պատճառներով իրենց տվյալները կենսաթոշակառուների ցուցակներից բացակայում են: Ճիշտ է, պատճառը տեխնիկական է եւ այնպես չէ, որ պետությունը գումար չլինելու պատճառով թոշակներն ուշացնում է, այնուամենայնիվ Ամանորի այս նախաշեմին, հատկապես թոշակի հույսին մնացած քաղաքացիներին այդ գումարներից էլ զրկելը պարզապես անթույլատրելի է:

75-ամյա Վարսենիկ Գեւորգյանն ապրում է ընդամենը 28 հազար դրամ թոշակով: «Առավոտի» հետ զրույցում տիկին Վարսենիկը պատմեց՝ երբ հայտնաբերել է, որ իր անունով թոշակը փոխանցված չէ, դիմել է սոցապծառայությանը, որտեղից էլ պատճառաբանել են, թե նա մահացածների ցուցակում է. «Հետո էլ մի հատ փաստաթուղթ ուղարկեցին, որ իմ թոշակի վրա կալանք է դրված, ու իբր անձնագրիս վավերացման ժամկետը լրացել է: Ես իմ անձնագրով ու բոլոր փաստաթղթերով ներկայացա ու ապացուցեցի, որ մահացած չեմ, անձնագիրս էլ վավեր է մինչեւ 2014 թվականը եւ այլն: Պարզվում է՝ ես մահացածների ցուցակում եմ դեռեւս 2005 թվականից, բայց այդ բոլոր տարիների համար թոշակ ստացել եմ, միայն դեկտեմբեր ամսվանը չեմ ստացել»:

Թե ինչպես է տիկին Վարսենիկը հայտնվել մահացածների ցուցակում, սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ոչ իրենց մեղքով, պատճառը տեխնիկական է: Նրա մեկնաբանմամբ՝ կենսաթոշակառուների բազայի թարմացման ընթացքում ծառայությունը տվյալները ստացել է «Նորք» տեղեկատվական կենտրոնից, որն էլ հենց տվյալների համադրում է կատարում: Ու հենց կենտրոնն էլ տիկին Վարսենիկին «հանել» է ցուցակից. Պետի տեղակալի խոսքերով՝ «530 հազար թոշակառուի համադրման արդյունքում կարող է լինել 1-2 վրիպում: Այդ համադրման արդյունքում պարզվել է՝ որոշ տեղեկատվություն չի համապատասխանել, ասենք՝ թոշակառուներ կային, որ հին անձնագրերով են գրանցված եղել, կամ անձնագրի մի թիվ սխալ է գրված եղել եւ այլն: Ինչ վերաբերում է Վարսենիկ Գեւորգյանին, ապա նա եկող տարվա հունվարին կստանա 2 ամսվա թոշակ՝ դեկտեմբերինն ու հունվարինը»:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ գոնե ինչ-որ ձեւով այս ամիս նրանց թոշակը տալ՝ հաշվի առնելով, որ Ամանոր է, եւ մարդիկ առանց այդ թոշակի չեն կարող գոնե համեստ «Նոր տարի» նշել, Արայիկ Պարոնյանն ասաց. «Հայփոստն» արդեն ցուցակները փակում է, որպեսզի մեզ տրամադրեն, մենք էլ հասցնենք հունվարին հատկացված թոշակով ցուցակ ձեւավորել: Առանձին մի քաղաքացու համար չենք կարող ցուցակ տպել ու թոշակ տալ»:

«Ես հիվանդ մարդ եմ, հույսս էդ 2 կոպեկն էր, որ դեղ առնեի, իսկ հիմա մի կտոր հացի փող էլ չունեմ: Ոչ էլ կարող եմ մեկից պարտք անել: Հեսա հոսանքս էլ կանջատեն չվճարելու համար, ես էլ էս հանրակացարանի ցուրտ սենյակում սովից ու ցրտից կմեռնեմ»:

Որպեսզի տուժած թոշակառուների հոգսը որոշ չափով թեթեւացնեն՝ մինչ 2 ամսվա կենսաթոշակ ստանալը, ծառայության պետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Հայէլցանց»-ին զգուշացրել են, որպեսզի տիկնոջ սենյակի էլեկտրաէներգիան չանջատեն: Տիկին Վարսենիկը պատրաստվում է դիմել դատարան՝ իրեն այդ վիճակի մեջ գցելու համար. «Ես պահանջելու եմ վնասների փոխհատուցում: Նախ՝ հազիվ եմ տեղաշարժվում, իրենց պատճառով, ես ավելորդ ծախսեր եմ արել ու գնացել-եկել տարբեր տեղեր, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեմ: Սոցապի մոտ վայր ընկա ու կողոսկրս վնասեցի: Իրենց էդ անփութությունը չլիներ, ես նման փորձանքի մեջ չէի ընկնի: Իրենք իրենց տներում տաք-տաք ու կուշտ-կուշտ կնստեն, ես էլ՝ հիվանդ ու սոված, Ամանոր կդիմավորեմ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031