Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները կունենան իրենց մասին օրենք

Դեկտեմբեր 23,2011 22:34

Հայաստանի հանրապետության բնակչության 1/3-ը երիտասարդներն են, սակայն նրանք մինչ օրս չունեն իրենց մասին օրենք: Այս խնդրին անդրադարձ կատարելով` ԵԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, հանձին հանձնաժողովի նախագահ Կառլեն Խաչատրյանի, մշակել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծ:

Դեկտեմբերի 23-ին ԵՊՀ Պալեաների դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում ուսանողներին և ԵԽ անդամներին Երիտասարդական խորհրդարանի նախագահող Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը:

Քննարկմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Վերջինս, ողջույնի խոսքով ներկաներին դիմելով, ասաց, որ նախկինում ևս եղել են նմանատիպ օրենքի նախագծեր, սակայն դրանք հիմնականում ունեցել են 2 թերություն. կամ ունեցել են դեկլարացիոն բնույթ, կամ եղել են այնպիսին, որ կառավարությունը չի ունեցել համապատասխան միջոցներ դրանք գործադրելու համար: Անդրադառնալով ներկա օրենքի նախագծին` Ա. Դավթյանը մասնավորաբար հայտնեց. «Այս օրինագիծը շահեկանորեն տարբերվում է նախորդներից»:

Օրինագիծը դեռևս ենթակա է վերամշակման, ինչի համար սահմանված է որոշակի ժամանակ. փետրվարին կայանալիք ԵԽ լիագումար նիստի ժամանակ այն կներկայացվի ԵԽ պատգամավորներին, և միայն այդ լիագումար նիստի որոշումից հետո ԱԺ-ն կքննարկի այս նախագիծը և սահմանված կանոնակարգի համաձայն կդնի շրջանառության մեջ: Արտակ Զաքարյանը քննարկման մասին իր խոսքում չանդրադարձավ օրինագծին, պարզապես շեշտելով, որ իր կողմից ողջունելի է հենց այն փաստը, որ երիտասարդներն են հանդես գալիս նման նախաձեռնություններով:

Օրենքի նախագիծը բաղկացած է 5 գլխից, որոնց համառոտ ներկայացումից հետո ծավալվեց քննարկում: Ներկաների մեծ մասը նախապես արդեն ստացել էր նախագծի օրինակը: Դիտողություններով, հարցերով և առաջարկներով ելույթ ունեցան ամենատարբեր մասնագիտության տեր երիտասարդներ` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանող, ԵԽ անդամ Տիգրան Նաղդալյանը, ԵԽ անդամ Ալեքսանդր Սարգսյանը, ԵԽ մի քանի հանձնաժողովների ներկայացուցիչներ: ԵՊՀ ՈւԽ քարտուղար, ԵԽ պատգամավոր Հարություն Ազգալդյանը առաջարկեց օրենքում անդրադառնալ նաև ուսանողական խորհուրդներին: «Առավոտ երիտասարդականի» թղթակցի այն հարցին, թե ինչ է ենթադրում այս հանդիպումը, Կ. Խաչատրյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն օրինագծի վերջնական տեսքի բերելու գործում ներգրավել նաև երիտասարդներին. «Մեր նպատակը չէ միայն ԵԽ 131 երիտասարդների մտահաղացումների հիման վրա կազմել օրենքը: Այս հանդիպմանը կլսենք ուսանողների և այն երիտասարդների կարծիքները, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով ԵԽ անդամներ չեն, բայց հետաքրքրված են այս խնդրով: Ավելացնեմ նաև, որ բոլոր կարծիքներն ու առաջարկները, որ կհնչեն այսօր, անպայման հաշվի են առնվելու օրենքի նախագծի վերջնական տարբերակը կազմելիս»: Այդ գործընթացն առավել հեշտացնելու համար ստեղծվել է Էլ. հասցե ([email protected]), որին էլ մինչև հունվարի 15-ը ներառյալ կարելի է ուղարկել առաջարկները:

 

 

 

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031