Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Համբարձումյանի հացադուլի 23-րդ օրը

Դեկտեմբեր 26,2011 18:01

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, 6 տարվա ազատազրկման դատապարտված Մհեր Համբարձումյանի հայտարարած հացադուլը ավարտվեց 23-րդ օրը: Նախորդ շաբաթ ՀՀ նախագահի նստավայրի մոտ իր բողոքի ցույցն արեց նաեւ Մհերի հայրը՝ Ռուբիկ Համբարձումյանը:

Սակայն նրան չթողեցին, որ շարունակի ցույցը, քանի որ այդ ժամանակ սպասվում էր Իրանի նախագահի այցը: Ռ. Համբարձումյանին ընդունեցին ՀՀ նախագահի աշխատակազմում եւ ասացին՝ գրի նոր դիմում ՀՀ նախագահի անունով:Ռ. Համբարձումյանը դիմումում պահանջ է ներկայացրել, որ վերանայվի իր որդու գործը:

Մ.Համբարձումյանը մեղադրվել է «Ոսկու շուկայի» աշխատակցի դեմ ավազակային հարձակում կատարելու համար, մինչդեռ Ռ.Համբարձումյանի կարծիքով, գործ ունեինք դասական առումով՝ կողոպուտի փորձի հետ:

Տուժողը հայտնել էր, որ ոչ մի զենք, առարկա չի եղել Մհերի ձեռքին, ոչ էլ նրա ընկերոջ՝ Տարոն Խաչատրյանի: Բայց դա չի խանգարել, որ բերման ենթարկելիս, գետնած վիճակում ոստիկանները զենք օգտագործեն կասկածյալի նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան ուսումնասիրելիս, հայտնաբերեցինք նմանատիպ մի գործ. «Կորսակովն ընդդեմ Մոլդովայի», որը քննվել է ԵԴ 4-րդ բաժանմունքում:

17-ամյա դիմումատուն ձերբակալվել է գողության կասկածանքով: Դեպի ոստիկանական մեքենա գնալիս՝ նա փորձել է դեն նետել ձեռքի դանակը: Այդ մասին ոստիկաններին զգուշացրել է անցորդը, որից հետո ոստիկաններ Ա.Տոկբուն եւ Վ.Դոբաչը դիմողին գետնել են, բռունցքներով հարձակվել նրա վրա: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նույնն է տեղի ունեցել. խոշտանգումներ, ծեծ, որպեսզի կորսվի ցանկալի ցուցմունքը: Ոստիկանները տարել են կասկածյալին դեպքի վայր: Ոստիկաններից մեկը ատրճանակը պահել է նրա գլխին, սպառնացել է: Դիմումատուն պնդել է, որ անգամ՝ կրակել է: Երբ դատարանում չի ապացուցվել տղային մեղսագրվածը եւ նա ազատվել է պատժի կրումից, մայրը տարել է Կորսակովին բժիշկների մոտ: Տղան խլացել էր, մարմնին առկա էին բազմաթիվ վնասվածքներ:

Ինչպես Մհերի պարագայում, այնպես էլ այս դեպքում, ծնողները դիմել էին վերադաս դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկանների դեմ, գնահատական տրվի նրանց գործողությունների իրավաչափությանը: Մհերը ստացել էր հրազենային վնասվածք թիկունքին: Ու այդ վիճակով տեղափոխվելով Երեւան քաղաքի ոստիկանության վարչություն՝ ենթարկվել է դաժան ծեծի, միայն 3-րդ օրը տարել են դատաբժշկի մոտ:

Կորսակովի գործով ոստիկանների դեմ քրգործ չեն հարուցել: Մի քանի անգամ բողոքը վերադարձրել են, հանցակազմ չեն տեսել, ի վերջո, ներպետական բոլոր ատյաններում սպառնալուց հետո, դիմումատուն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանում հաղթեց Կորսակովը: Նա բուժման համար պահանջել էր 20 000 եվրո փոխհատուցում, իսկ փաստաբանին վճարելու համար դատարանը բավարարեց 1000 եվրոյի պահանջը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031