Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված հեռուստալրագրողը դարձավ դպրոցի տնօրեն

Դեկտեմբեր 28,2011 17:16

Ինչպես տեղեկացրել ենք, այս տարվա մարտ ամսին Շիրակի մարզի դատախազությունը կաշառք վերցնելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով միաժամանակ սկսեց պատժել Գյումրու մի քանի անվանի կանանց: Նրանցից մեկը քաղաքի միակ անոթաբան, «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանն էր, իսկ մյուսը` ՀՀԿ-ական, նախագահ Սերժ Սարգսյանի ու Գյումրու քաղաքապետի կողմից դպրոցի լավագույն տնօրեն ճանաչված Ջեմմա Ամիրխանյանը: Այս տիկինը երկար տարիներ զբաղեցնում էր Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը, նաեւ գլխավորում էր Հանրապետական կուսակցության Գյումրու կանանց թեւը, սակայն պաշտոնազրկվեց ու նրա դեմ քրեական գործ հարուցվեց կեղծ ատեստատներ վաճառելու մեղադրանքով: Թեեւ հայտնի մանկավարժը կալանավորված չէ` հիվանդ լինելու պատճառով, սակայն նրա գործը, որոշակի ընդհատումներով, դեռ լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նախորդ օրն այս դպրոցի տնօրեն ընտրվեց Գյումրու հայտնի ու պրոֆեսիոնալ հեռուստալրագրողներից մեկը` Նաիրա Թադեւոսյանը: Նա «Շիրակ» հանրային հեռուստատեսությունում հեղինակային հաղորդումներ վարելուց զատ, աշխատում էր նաեւ այս դպրոցում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի: 20 տարվա մանկավարժ է, սակայն 25 տարվա լրագրող: Նշենք, որ տիկին Թադեւոսյանը դպրոցի տնօրենի միակ թեկնածուն էր :

Aravot.am-ը նորընտիր տնօրենից հետաքրքրվեց, թե պաշտոն ստանձնելով, կթողնի՞ լրագրությունը: «Դպրոցում շատ են խնդիրները, մի մեծ պատասխանատվություն դրվեց իմ ուսերին, բայց կաշխատեմ չհրաժարվել իմ սիրած աշխատանքից»,- փոխանցեց նա:

Նշենք, որ մեր կոլեգայի հեռուստահաղորդումը`«Փակագիծը», մարզի ամենադիտելի ծրագրերից մեկն է, որտեղ առանց խտրականության հյուրընկալվում են թե դիմադիր, թե ընդդիմադիր քաղաքական, պետական ու հասարակական գործիչները, եւ առհասարակ ասելիք ունեցող մարդիկ:

Նկատենք, որ ոչ բոլորը կհամարձակվեին ստանձնել այս դպրոցի տնօրենի պաշտոնը. դպրոցը գտնվում է հին Գյումրվա թաղամասերից մեկում, որտեղ լրիվ այլ օրենքներ են գործում:Սա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղն է, եւ այդ դպրոցից օգտվում են նաեւ նրա գերդաստանի երեխաները:

Հետաքրքիրն այն է, որ այս թաղի դպրոցահասակ տղաները տարբերվում են մյուսներից, նրանք պարտադիր դպրոց են հաճախում Գյումրվա շապխը (գյումրեցի հին տղամարդկանց հատուկ գլխարկը) գլխներին դրած, այսինքն՝ նմանվում են Գյումրու քաղաքապետին: Վարդան Ղուկասյանը եւս առանց շապխի ման չի գալիս, նա սրանով ի ցույց է դնում իր հավատարիմ գյումրեցի լինելը: Աելին՝ վերջերս նույն ոճն են որդեգրել նաեւ նրա աշխատակիցներին, քաղաքապետարանի պաշտոնյաներից շատերն են սկսել շապխով աշխատանքի ներկայանալ, առավել եւս՝ քաղաքապետի հետ ֆռֆռալ:

Մի խոսքով, քաղաքապետի թաղում տնօրեն աշխատելն այնքան էլ հեշտ չէ, հին գյումրեցիների բնութագրելով, այս թաղի բնակիչների մեծ մասը պատվախնդիր ու խստապահանջ մարդիկ են, որոնք ամեն մարդու չեն ընդունում ու երեխաների դաստիարակությունը չեն վստահում: Սակայն նշենք, որ այս առումով ճանաչված լրագրողը խնդիր չունի, նա ոչ միայն այս թաղի բնակիչ է, այլ քաղաքապետ Ղուկասյանի կողմից ընդունված լրագրող: Մի ժամանակ Վարդան Ղուկասյանը հաճախակի էր նրա հաղորդմանը հյուր գնում, հատկապես, երբ խռովում էր Գյումրու տեղական մյուս 3 հեռուստաալիքներից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031