Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը ազատ եւ արդար ընտրություններ է ակնկալում Հայաստանից

Դեկտեմբեր 30,2011 11:15

Եվրամիությունը պատրաստ է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետ միջազգային հավաք կազմակերպել՝ հայաստանյան բարեփոխումներին աջակցելու համար։ Այդ մասին տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Ստանոն՝ միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունները պետք է անցնեն ազատ ու արդար։ 

«2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը պատրաստ է կազմակերպել միջազգային հավաք՝ Հայաստանում կայուն բարեփոխումների համար միջազգային համայնքի աջակցությունը համախմբելու համար։ Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ անհրաժեշտ է այս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան եւ իրագործել ստանձնած պարտավորությունները։ Եվրամիության համար ամենակարեւոր առաջնահերթությունը բարեփոխումներն են՝ ժողովրդավարության ոլորտում, արդարադատության համակարգում ու տնտեսական դաշտում», – ասում է եվրոպացի դիվանագետը՝ ընդգծելով. – «2011-ին մենք Հայաստանի կողմից առաջընթաց նկատեցինք բոլոր այս ոլորտներում, եւ շատ կարեւոր է, որ այդ միտումը պահպանվի նաեւ հետագա տարիների ընթացքում»։

«Եթե ի մի բերելու լինենք 2011-ը, կասեմ, որ երկկողմ հանձնառություն կա՝ է՛լ ավելի ամրապնդել Հայաստանին ու Եվրամիությանը միացնող կապերը։ Հայաստանը, անշուշտ, շատ կարեւոր գործընկեր է եվրոպական ընտանիքի համար՝ Արեւելյան հարեւանության շրջանակներում, եւ մենք ուրախ ենք, որ այս երկիրը ակտիվ է ու նորանոր նախաձեռնություններ է իրականացնում», – նշում է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը։

2012-ին սպասվող ընտրությունները ազատ ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը ընդգծում է նաեւ Եվրամիության արտգործնախարարի գրասենյակը՝ հավելելով, որ ուշադրությամբ է հետեւելու դրանց անցկացմանը։

«Մենք շատ ուրախ էինք լսել Հայաստանի իշխանություններից, որ 2012 թվականի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, լավագույնը՝ Հայաստանի պատմության մեջ», – «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասում է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոնսիյանչիչը՝ ընդգծելով. – «Եվրամիության դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ մենք ուզում ենք, որ ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, եւ մենք ուշադրությամբ հետեւելու ենք դրանց, նաեւ այն պատճառով, որ այս հարցը ժողովրդավարական զարգացման կարեւոր տարրերից մեկն է, գերակա ուղղություն՝Եվրամիության համար»։

Անդրադառնալով 2012-ին նախատեսված ծրագրերին ու առաջնահերթություններին՝ եվրոպացի պաշտոնյաները հիշատակում են Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է գալիք տարվա առաջին ամիսներին։ Կշարունակվեն նաեւ բանակցությունները ասոցիացված համաձայնագրի շուրջ, ինչպես նաեւ փորձերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու ուղղությամբ։

«Եվրամիությունը հավատարիմ է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը աջակցելու իր հանձնառությանը, եւ մենք շատ ենք ուզում ակտիվացնել մեր ջանքերը եւ մեծացնել հանձնառությունը այս ուղղությամբ», – «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար Քեթրին էշթոնի խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031