«Յումանիտե Դիմանշ» ֆրանսիական պարբերականն այսօր հաղորդել է, որ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կոչ է արել Ֆրանսիայի Սենատին՝ վավերացնել Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտելի արարք ճանաչելու մասին դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի ընդունած օրինագիծը։
Փարիզում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Կյուրեղյանի փոխանցմամբ, ուղերձը ստորագրել են Շարլ Ազնավուրը, կինոբեմադրիչ Ռոբեր Գեդիկյանը, փաստաբան Սերժ Կլարսֆելդը, փիլիսոփաներ Բեռնար Անրի-Լեւին եւ Միշել Օնսրեն, ինչպես նաեւ թուրք գրող Էրոլ Օզկորենը։
Օրերս սենատոր Ռոժե Կարուչին չի բացառել, որ Սենատի հանձնաժողովների նախագահները կարող են մինչեւ հունվարի 10-ը որոշում ընդունել օրինագիծը Սենատի օրակարգում ընդգրկելու մասին։ Եթե այն չընդգրկվի օրակարգում, ապա ընդհանրապես կարող է չվավերացվել, քանի որ Ֆրանսիան կթեւակոխի նախագահական հաջորդ ընտրությունների փուլ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: