Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ օրակարգ

Հունվար 31,2012 12:42

Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները, առանց իրար հետ պայմանավորվելու, մի գործ են հնարում, որպեսզի հա՛մ իրենք զբաղվեն, հա՛մ էլ  հասարակությունը: Եթե դուք այսօր դուրս գաք փողոց եւ հարցնեք, թե որ կարգով Հայաստանում պիտի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն՝ 100 տոկոսանոց համամասնական, թե խառը, վստահ եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը (եթե անկեղծ լինեն) խիստ կզարմանան եւ կասեն՝ «այս ինչի՞ հետեւից ես ընկել», եւ հետո կանցնեն շատ ավելի առօրեական խնդիրների. օրինակ՝ ցույց կտան բենզալցման կայանների վահանակները, որտեղից պարզորոշ երեւում է, որ բենզինի լիտրը 10-20 դրամով թանկացել է:

Բայց, այսպես կոչված, «քաղաքական շրջանակներում» եւ ԶԼՄ-ներում բենզինի մասին չեն խոսում՝ չափից դուրս «ցածր» թեմա է, իսկ ահա «մեծամասնական-համամասնականը»՝ խնդրեմ, կարող են առավոտվանից մինչեւ գիշեր բանավիճել: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն այս կամ այն ընտրակարգերի նպատակահարմարության խնդիրը, այլեւ այն, թե ինչու է ԲՀԿ-ն կողմ այդ հարցում լսումներ անցկացնելուն: Թե այդ լսումներն ինչ ճակատագրական նշանակություն կունենան Հայաստանի ապագայի համար՝ դժվար է ասել. հարյուրավոր լսումներ են անցկացվել, որոնք ոչ մի բանի չեն հանգեցրել: Ի՞նչ իմաստ ունի այդ սովորական խնդրի շուրջ «շեքսպիրյան կրքեր» ծավալել:

Չեմ տիրապետում սոցիոլոգիական տվյալներին, բայց վստահ եմ, որ ժողովրդավարությունը, արդար ընտրությունները եւ իշխանության լեգիտիմությունը նույնպես ՀՀ քաղաքացիների համար առաջնահերթ խնդիրներ չեն: Հասկանում եմ, որ մեր քաղաքական ուժերը կարող են նման պնդումից վիրավորվել, բայց դա ցավալի իրողություն է: Դարձյալ այդ խնդիրների վերաբերյալ անկեղծ պատասխանը կլինի հետեւյալը. «Ով ուզում է՝ թող լինի, ինչպես ուզում են՝ թող անեն, միայն թե ես նորմալ, ցանկալի է՝ լավ ապրեմ»: Եթե հարգարժան կուսակցությունները մեղադրեն մարդկանց սխալ քաղաքացիական կեցվածքի համար, ապա նրանք մեծագույն սխալ կգործեն: Որովհետեւ քաղաքական համակարգի նրբությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում հուզում են շատ քիչ մարդկանց: Կան չափազանց ոչ ժողովրդավար ռեժիմներ (օրինակ՝ Չինաստանը), որտեղ ընտրություններ, ըստ էության, չեն էլ անցկացվում, եւ որտեղ, սակայն,  ապահովվում է բնակչության նորմալ կենսամակարդակը: Մի քանի այլախոհ մտավորականների դա չի բավարարում, բայց նրանք եղանակ չեն ստեղծում:

Սակայն փաստ է, որ մեր երկրին պետք են, օդի պես անհրաժեշտ են ժողովրդավարություն, լեգիտիմություն եւ արդար ընտրություններ: Պետք է, հավանաբար, նաեւ 100 տոկոսանոց համամասնական համակարգ: Սակայն ցավն այն է, որ մեր քաղաքական ուժերը չեն կարողանում նորմալ բացատրել ժողովրդին, թե ինչի համար է այդ ամենը պետք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031