Լրահոս
Օրվա լրահոսը

Սար ու ձորի մեջ, առանց սար ու ձոր ընկնելու. «Ես քեզ սիրում եմ»

Մարտ 05,2012 17:20
Զառա և Դավիթը աշխատանքային ընկերներն էին: Միասին աշխատեցին մի քանի ամիս: Ամեն ինչ շատ լավ էր: Զառան շատ լավ է հիշում այն օրը, երբ Դավիթը եկավ գրասենյակ, պատմում է`գրասենյակի բացումն էր, բոլորը պարում էին, ու ներս մտավ Զառայի ընկերներից Հարությունը`իր ընկերոջ հետ. «Պուճուր-մուճոր Դավոյիս հետ: Ես չէի նկատել նրան: Հարութի ձեռքից քաշեցի ու սկսեցինք պարել: Դավիթն էլ զարմացած նայում էր, ու մտածում, թե ես աղջիկն ո՞վ է` ընկերոջս տարավ ու սկսեց պարացնել»: Մինչև հիմա էլ կա այդ հոլովակը, Զառայի բջջայինում է, երբեմն միասին նայում են, հիշում, ու ծիծաղում:

Ինչպես Զառան է նշում, սկզբնական շրջանում Դավիթին «բանի» տեղ չէր դնում. ուրիշը կար սրտում, չէր կարողանում մոռանալ. «Հետո էլ չէի պատկերացնի, որ նրա նման տղան իմ ընկերը կլինի: Ինքը իմ ճաշակով չէր»: Զառայի   շփումը Դավիթի հետ զուտ գործնական էր, այնինչ տղան մտքում ուրիշ տարբերակներ էր պլանավորում:

Աշխատանքային անձնակազմով գնացել էին Աշտարակի ձոր, այդտեղ էլ` սար ու ձորի մեջ Դավիթն ասաց Զառային. «Սար ու ձոր չեմ ընկնում, կարճ ասած սիրում եմ քեզ»: Զառան պատասխան չտվեց , համոզված չէր իր զգացմունքների մեջ: Ժամանակի ընթացքում Դավիթի ուշադրությունն ու մեծ սերը ամեն ինչ հարթեց: Սիրահարվեց ու անգամ սիրեց Դավիթին:

Կա մի դեպք, որ Զառան երբեք չի մոռանա, դեռ մի քանի ամիս էր, ինչ ընկերություն էին անում: Դավիթը իր ընկերների հետ հանգստանում էր իրենց առանձնատանը, որը քաղաքից բավական հեռու էր: Հեռախոսով զրուցում էին, ու Զառան ասաց, որ շատ է կարոտել, ու ստացավ նույն պատասխանը. «Ասում էի. «ուզում եմ գաս», բայց միևնույն ժամանակ գիտակցում էի, որ անհնար էր. մի քանի օրով էին գնացել»: Մի քանի ժամ հետո, կրկին զանգում է Դավիթը ու ասում, որ իր ընկերներից`Նորայրը, գալու էր, որ ձայնասկավառակ փոխանցեր Զառան. «Էլի զանգեց, ասեց, Նորոն ներքևում է, իջիր: Դուրս եկա տանից, ու ոչ մի Նորո չգտա, փոխարենը տեսա նրան` ժպիտը դեմքին կանգնած»: Իսկ Դավիթը եկել էր միայն նրա համար, որ Զառան ասել էր` կարոտել է:

Նա հիմա ծառայում է: Զառան, երբ իմացավ Դավիթի բանակ գնալու մասին, ասաց. «Ես քեզ չեմ սպասելու, ես էդքան համբերություն չունեմ»: Գնաց տուն, երկար մտածեց, ու զգաց, որ սխալ էր այդպիսի պատասխան տալը: «Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի ու ավելի սիրել և հասկացա, որ լավ էլ կսպասեմ: Ու ինչքան ժամանակը մոտենում էր, որ պիտի գնար, ես այդքան վախենում էի. առջևում կային 2 շատ երկար թվացող տարիներ»: Դավիթը բանակ գնալուց առաջ խոստացել էր, որ միշտ իր հետ է լինելու, Զառայի կողքին: Մինչ գնալը պայմանագիր կնքեց Beeline ընկերության հետ, որ նկարահանվի գովազդում: Ծառայությունից մեկ ամիս հետո, ամբողջ քաղաքում իր նկարներն էր, հեռուստաեթերով գովազդը. «Ամեն տեղ գնալուց ինքն էլ աչքիս առաջ, ու հիշում էի իրա խոսքերը. «միշտ հետդ եմ լինելու»:

Մեկ օր Դավիթը հաղորդագրություն ուղարկեց Զառային. «Շատ եմ քեզ սիրում, ու առանց քեզ մեկ րոպե չեմ կարող ապրել: Երազում եմ, որ նույն էլ դու ասես»: Մի քանի օր առաջ Զառան ասաց, որ ամեն ինչ փոխադարձ է, ու որ Դավիթի երազանքը կատարվել է: Երկուսն էլ ապրում են երազելով, երազանք կա. միշտ լինել միասին և ունենալ բալիկներ:

 

Չկա այնպիսի մի պատճառ, որ Զառան և Դավիթը վիճեն: Ինչպես աղջիկն է նշում. «Հպարտանալու առիթ ունենք»: Զառան «Առավոտ երիտասարդականի» միջոցով ևս մեկ անգամ ասում է Դավիթին, որ շատ ավելի շատ է սկսել իրեն սիրել, քան ինքը պատկերացնում է. «Դավոս ես քեզ շաաատ եմ սիրում»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031