Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք թունելի մեջ ընկած երեխաներ են, որ դեպի լույսն են ձգտում» Մանկատան շրջանավարտների մասին

Մարտ 18,2012 21:18

Խոհանոցում  աշխույժ  եռուզեռ  է: «Եթե  մեր  աղջիկների  պատրաստած  պեռաշկին  չփորձես, կնեղանան»: Խոհանոցի  պատին  կախված  է  հետևյալ  գրությունը` «Ես կարող  եմ» :

Սա  հասարակ  տուն  չէ: Պատին  ամրացված  կարգախոսից  հասկանում  ես, որ  այս  տան  բնակիչները  մեծ  երազանքներ  ու  դրանք  իրականացնելու  մեծ  ցանկություն  ունեն: Մենք գտնվում ենք  Էջմիածին  քաղաքում  գործող «Մեր  տունը»  հասարակական կազմակերպությունում:

Արդեն 7  տարի է, ինչ Տիգրանուհի Կարապետյանի  մոտ հղացած գախափարը մի հարկի  տակ է  հավաքել  մանկատան 18  տարին լրացած  շրջանավարտներին: Գաղափարն  իրականացվել  է  ԱՄՆ-ի նույնանուն  խորհրդի  և հատկապես  բարերար  Ջուլի  Աշեկյանի  ջանքերով: «Այս  կազմակերպության  առաջնային  նպատակն այն  է, որ  աղջիկները  փողոցում  չհայտնվեն, որ  հանկարծ  թրաֆիքինգի  զոհ  չդառնան: Տասնութ  տարեկանից  հետո  մանկատնից  դուրս են  գալիս ,չեն  իմանում  իրենց անելիքը, թե ինչ  աշխատեն, ինչ  մասնագիտություն ընտրեն: Հասարակության  մեջ  իրենց  լիարժեք  չեն զգում»,-ասում  է  հ/կ-ի  հիմնադիր-նախագահ  Տիգրանուհի  Կարապետյանը: Էջմիածին  քաղաքում  գտնվող  այս  հարմարավետ  ու  լուսավոր տանը  հիմա 8  աղջիկ են  ապրում: Նրանք  այստեղ  են մնալու  չորս  տարի: Այդ  տարիների  ընթացքում  նրանք  հաճախելու են  տանը  գործող  խմբակներին ու դասերին:  Նրանցից  ոմանք  բուհերում  են  սովորում,  ոմանք  էլ` ամուսնանում:  «Աղջիկների  ընտրության  հարցում  նախապատվությունը  տալիս  ենք  նրանց , ովքեր  կրթության  հանդեպ  սեր  ունեն»,-ասում  է  տիկին  Տիգրանուհին: Տնօրինուհին  մեծ  կարևորություն  է  տալիս  այն  հանգամանքին, որ  աղջիկները  կրթություն  ստանան, հասարակության  լիարժեք  անդամ  դառնան: «Նրանք  թունելի  մեջ  ընկած  երեխաներ  են, որ  դեպի  լույսն  են  ձգտում, մենք  նրանց  դեպի  այդ  լույսն ենք տանում»,- ասում է նա: Տիկին  Տիգրանուհին իրենց  տված  դաստիարակության  հիմքում  սերն  է  դնում: Նա համոզված  է  որ  իրենց  կազմակերպությունը  աղջիկներին  շատ  բան  է  տալիս: Հասմիկն արդեն  հինգերորդ  տարին  է,  ինչ  այս  տանն  է  ապրում: Սեփական  բնակարանի  ու  ամուր  ընտանիքի  մասին  է  երազում: Նրա՝  պայմանագրով  նշված  չորսամյա  ժամկետը  լրացել  է: Սակայն  տիկին Տիգրանուհին, լավ  հասկանալով, որ  նա գնալու  տեղ  չունի, այս  հարկի  տակ  է  պահում: «Առայժմ  նրա  ճակատագիրն  անորոշ  է»:

«Ըստ  գրաֆիկի  հերթապահություն,  մասնակցել  այգում  կատարվող   աշխատանքներին, վերադառնալ «Մեր տուն  ոչ  ուշ , քան  տնօրինության  կողմից  արտոնված  ժամը….»  տնօրենը  հետևում  է, որ  տարիների  ընթացքում  մշակված  կանոնադրությունը  խստորեն պահպանվի: «Կրթությունը,դաստիարակությունը, դիսցիպլինան  մեզ  համար  առաջնայինն են  համարվում բանակի նման»,-կատակում  է  տիկին  Տիգրանուհին:

Վերջինս  խստապահանջ  է  նաև  փեսաների  ընտրության  հարցում: 7  աղջիկ  են ամուսնացրել  ու  արդեն  8  թոռ  ունեն: «Բոլոր հնարավոր փեսացուներին լավ ուսումնասիրում եմ»: Տնօրենի  խոսքով`  իրենց  աղջիկները «ընենց լավ հարսներ են, մի հատ վատ բան չեք լսի»:  Նրա  կարծիքով  մանկատնից  դուրս  եկած  երեխաները  լավ  ընտանիք  են  կազմում, որովհետև  իրենք,  զրկված  լինելով   ընտանիքի ջերմությունից,  ուզում  են  առավելագույնը  տալ  իրենց ընտանիքներին:

Վերջերս  տանը  նոր  հյուր  է  հայտնվել: Փոլը Եկել  է  ԱՄՆ-ից; Արդեն  15  օր  է, ինչ բնակվում  է  տիկին Տիգրանուհու տանը: Կամավորության  սկզբունքով  օգնում  է  «Մեր տան» բնակիչներին կենցաղային  հարցերով  ու  աղջիկներին  անգլերեն  է  սովորեցնում: Փոխարենը  աղջիկները  նրան  հայերեն  են  սովորեցնում: Հայաստանում  Փոլն  ամենաշատը  աղջիկների  պատրաստած  ճաշերն  է  հավանել: Տիկին  Տիգրանուհուն  «մամա»  է  ասում  ու  էլ  չի  ուզում  վերադառնալ  ԱՄՆ: Ընկերացել  է  աղջիկների  հետ  ու  ամեն  հարցով  օգնում  է  նրանց:

Առհասարակ  բոլոր  ցանկացողները  կարող  են  կամավորության  սկզբունքով  օգնել  հկ-ին: «Նյութականը  իհարկե  կարևոր  է, բայց  սյս  երեխաներն  ավելի  շատ  ուշադրության  կարիք  ունեն, հասարակության  սիրո  կարիքը  ունեն»,- ասում է հ/կ-ի ղեկավարը`  ուրախությամբ  է  նշելով, որ  իրենց  հաճախակի  այցելում  են  հայտնի  մարդիկ, հասարակական  ու  քաղաքական  գործիչներ: «Ես  ինձ  այնքան  լավ  եմ  զգում,որ  զանգում  հարցնում  են, թե  երեխաները  ոնց  են: Դա  մեծ  բան  է»:

Խոհանոցի  եռուզեռը  շարունակվում  է: Փոլն  օգնում  է  քիվերը  կախել: Աղջիկները  սեղանն են  հավաքում, իսկ  ես,դուրս  գալով  փողոց,  դեռ երկար  ժամանակ  զգում եմ  այդ  տանը  ստացած  դրական  լիցքերի  ազդեցությունը:

  Արմինե   Հովհաննիսյան 

 

Հ.Գ ի  «Մեր  տունը»-ի  շենքը  վերանորոգման  կարիք  ունի,   կան  նաև  կոմունալ  պարտքեր: Օգնության ցանկացած դրսեւորում շատ ողջունելի կլինի է:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031