
– Պարոն Քոչարյան, այսօր ոստիկանության կայքում ընտրացուցակները հրապարակելուց հետո պարզվեց, որ ընտրողների թիվը շեշտակի ավելացել է, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչի՞ հաշվին են թվերն այդքան ավելացել։
– Պատճաոը մի քանիսն են։ Առաջինն ընտրական իրավունք ունեցող
քաղաքացիների թվի աճով է պայմանավորված։ Նախորդ ընտրություններից հետո լրացել է քաղաքացիների մի ստվար զանգվածի 18 տարին, եւ նրանք ընտրելու իրավունք են ստացել։ Երկրորդ պատճառը, սոցիալական իրավունքների իրականացման պատճառով, քաղաքացիներից պահանջվում է հաշվառում ունենալ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց սոցիալական իրավունքներն իրացնել։ Եվ շատ քաղաքացիներ, որոնք նախկինում հաշվառված չէին, արդեն ստիպված էին ռեգիստրում գրանցվել, որպեսզի, ասենք, նպաստ ստանային։ Պատճառներից մեկն էլ այն է, որ 2008-ից անձնագրավորում պայմանավորվեց ռեզիստրում հաշվառման առկայությամբ: Եթե մինչեւ այդ մարդը կարող էր անձնագիր ստանալ, փոխանակել հաշվառում չունենալով, ապա 2008-ից սկսած՝ այդ ընթացակարգը փոխվեց, եւ անձնագրավորման գործընթացը պայմանավորվեց հաշվառումով։ Արդյունքում շատ մեծ քանակությամբ քաղաքացիներ ստիպված հաշվառվում էին։ Որոշակի թիվ են կազմել վերջին շրջանում քաղաքացիություն ձեռք բերած անձինք։ Վերջին շրջանում հատկապես շատ են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերում ազգությամբ հայերը, հիմնականում՝ ջավախքահայերը։
Կարդացեք նաև
– Մարդկանց 18 տարին լրանում է, ընտրության իրավունք են ստանում, բայց նաեւ մարդիկ են մահանամ, այդ թիվը հաշվի չե՞ք առնում։
– Իհարկե՝ հաշվի ենք առնում։ Մահացածների թիվը հանում ենք, նոր ստանում ենք այն թիվը, որ ունենք։ Մահացածների թիվը հաշվի ենք առնում, այլապես թվի աճը շատ ավելի մեծ կլիներ։
– Բոլոր ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը Հայաստանում գնալով շեշտակի աճում է, չնայած բոլորը գիտեն, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրությամբ, մարդիկ Հայաստանից արտագաղթում են, ինչպե՞ս է այսպես ստացվում։
– Ընտրողների թիվը բնակչության թվի հետ մի կապեք։ Մեր ընտրողների ռեգիստրը հիմնված է բնակչության պետական ռեգիստրի վրա։ Այսինքն, ընտրողների ռեգիստրը, որպես այդպիսին, բնակչության պետական ռեգիստրից առանձին, գոյություն չունի։ Եթե ընտրողների թիվը աճում է, նշանակում է՝ հաշվառվող մարդկանց թիվն է աճում։ Չէ՞ որ մինչեւ այդ քաղաքացիների մեծ քանակություն հաշվառման չէր կանգնել եւ շահագրգռություն էլ չուներ հաշվառման կանգնել, որովհետեւ իր սոցիալական իրավունքի իրացման հարցում հաշվառվելը պարտադիր չէր։ Այժմ քաղաքացին պարտավոր է հաշվառվել։ Սա է պատճառը, այսօր մարդկանց թիվը ռեգիստրում աճել է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































