Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ն ազատվում է ըմբոստներից

Ապրիլ 04,2012 13:11

Իսկ ըմբոստները տարակուսում են՝ կամավորականն էսքան ստրուկ կլինի՞

Դեռ անցյալ տարվա նոյեմբերին եւ փետրվարին՝ ԵԿՄ համագումարից հետո, «Առավոտը» տեղեկացրել էր, թե ավելի քան 50 երկրապահներ ԵԿՄ-ից դուրս գալու որոշում են կայացրել եւ համապատասխան դիմումով դիմել են Միության վարչության նախագահին: Պատճառը, ինչպես այն ժամանակ մատնանշել էին մեր աղբյուրները, այն էր, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի նոյեմբերի 10-ի որոշմամբ՝ Կենտրոն տարածքային բաժանմունքի ղեկավարի պաշտոնից, առանց այդ կառույցի անդամների կարծիքն իմանալու, հեռացվել էր ընդամենը 4 ամիս այդ պաշտոնում ընտրված Էդիկ Գյումրյանը եւ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ռոբերտ Նազարեթյան անուն-ազգանվամբ մեկը: Այն ժամանակ ԵԿՄ-ում հերքեցին ազատամարտիկների՝ միությունից հեռանալու մասին մեր տեղեկությունը՝ միաժամանակ հաստատելով, որ Կենտրոնի տարածքային կառույցում ղեկավար կազմի փոփոխություն է կատարվել՝ «պայմանավորված այդ կոնկրետ կառույցում կազմակերպչական խնդիրներով»: Փաստն այն է, սակայն, որ ԵԿՄ-ի հերքումները իրականում ընդամենը մեզ մոլորեցնելու նպատակ ունեին՝ առավել եւս, որ մեր տեղեկությունները հիմնված էին այնպիսի աղբյուրների վրա, որոնք այդ պահին ինչ-ինչ պատճառներով հրաժարվում էին իրենց անունը հրապարակել, ուստի՝ մեզ մնում էր միայն հավատալ ԵԿՄ պաշտոնական հայտարարություններին: Երեկ արդեն հրապարակվել է այդ կառույցի վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին ուղղված մի նամակ, որը ստորագրել եւ իրենց ԵԿՄ անդամակցությունը կասեցնելու մասին են հայտարարել 70 ազատամարտիկներ, որոնցից 5-10-ը, մեր տեղեկություններով, արդեն հասցրել են ինչ-ինչ ճնշումների տակ իրենց ստորագրությունը ետ վերցնել: Մինչդեռ անցած շաբաթ օրը՝ մարտի 31-ին, «Առավոտին» հայտնի դարձավ, որ ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցում, այնուամենայնիվ, լուրջ զարգացումներ են տեղի ունեցել, որոնք շարունակվում են նաեւ այսօր։ Այսպես, մեր ձեռքի տակ է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի «հրամանն» առ այն, որ «ԵԿՄ կանոնադրության բազմակի խախտման, ինչպես նաեւ իր պարտականությունների թերացման, կազմակերպության վարչության հրահանգների չկատարման պատճառով 2011թ. նոյեմբերի 10-ից դադարեցվել է Էդվարդ Գյումրյանի՝ որպես ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահի, աշխատանքային պարտավորությունները»: Նույն պահից էլ տարածքային բաժանմունքի նախագահի պարտականությունները դրվել էին ԵԿՄ Երեւանի քաղաքային բաժանմունքի փոխնախագահ, գեներալ Մանվելի մտերիմներից մեկը համարվող «Ճուտ» մականվամբ Արթուր Մկրտչյանի վրա: Ըստ գեներալի հրամանի՝ երկամսյա ժամկետում Կենտրոնի տարածքային բաժանմունքի անդամները պիտի ընդհանուր ժողով գումարեին եւ նախագահ ընտրեին: «Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ»,- իր հրամանն այսպես էր եզրափակել գեներալ Մանվելը:

ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցի անդամները, որոնք արդեն մի քանի ամիս է՝ իրենց անհամաձայնությունն են հայտնում ԵԿՄ վարչության նախագահի որոշման հետ, եւ որոնք նաեւ ստորագրել են Մանվել Գրիգորյանին ուղղված հայտարարությունը, մեզ հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, թե առաջին իսկ օրվանից իրենց համար անհասկանալի եւ անընդունելի է եղել նման որոշումը, նախ՝ այն պատճառով, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է եւ ոչ թե զորանոց կամ ռազմական կառույց, ուստի այստեղ հրամաններով չէ, որ պետք է առաջնորդվել, այլ որոշումներով: «Երկրորդ՝ մեզ համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառաբանությամբ են հեռացրել մեր կառույցի նախագահին՝ առանց մեր կարծիքը հարցնելու: Բաժանմունք եկած Մանվել Գրիգորյանի շուրջ 30 «պատվիրակներից» մեկը՝ «Ճուտը», մեկի բերանը փորձեց փակել, ասելով, թե՝ դու սուս մնա, մյուսին էլ՝ դուք իրավունք չունեք քննարկելու գեներալի հրամանը, եւ այլն: Մենք հասարակական կազմակերպություն ենք, ի՞նչ հրամանի մասին էր խոսքը: Բայց մեզ լսող չկար, բաժանմունքի կնիքը, մեր մարտական ուղու քարտերը վերցրին ու գնացին»,- պատմեց հայտարարությունը ստորագրածներից մեկը: Բաժանմունքի անդամները գլուխ գլխի էին եկել ու որոշում կայացրել՝ կասեցնել իրենց անդամությունը ԵԿՄ-ին, բայց հետո որոշել էին դիմել դատարան ու վիճարկել գեներալ Մանվելի «հրամանը»՝ հաստատ որոշում ունենալով, որ դրանից հետո իրենք միեւնույն է՝ ԵԿՄ-ից դուրս են գալու: Նման քաղհայցով նրանք արդեն դիմել են դատարան՝ պահանջելով գեներալ Մանվելի որոշումն առ ոչինչ հայտարարել՝ բեկանել կամ հիմնավորել դրա օրինականությունը: Այս գործով դատական մի նիստ եղել է, հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 16-ին:

Մինչ այդ, սակայն, ԵԿՄ վերնախավը՝ հասկանալով, որ այս երկրապահների հետ դժվար է լինելու, արդեն համագումարից հետո, չսպասելով դատի ավարտին, սկսել է հատ-հատ հրավիրել Կենտրոնի տարածքային բաժանմունք եւ հեռացնել ԵԿՄ-ից՝ տպավորություն ստեղծելու համար, որ ոչ թե վերջիններս են լքել Երկրապահը, այլ հեռացվել են: Ապրիլի 1-ին Կենտրոնի բաժանմունքի 7 երկրապահներ էին հրավիրվել ժողովի, որի օրակարգում դրված էր «ԵԿՄ-ից անդամների հեռացման հարցը»: «Մենք քաղաքականությանը չենք միջամտում, մենք դրա հետ գործ չունենք: Ենթադրում եմ, որ կառուցի ղեկավարին փոխելն ու նոր անդամներով համալրելու իրական պատճառն այն է, որ մենք երբեք կամակատար չէինք լինի, եւ եթե մեզ հրամայվեր որեւէ կուսակցության կամ քաղաքական գործչի կողքին կանգնել կամ ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկին ընտրել՝ մենք դա չէինք անի: Հիմա փորձում են ազատվել մեզնից կամ մեր ձայնը բաժանմունքում՝ որպես փոքրամասնության, խեղդել»,- իրար հերթ չտալով՝ ասում էին մեր զրուցակիցները: «Մենք սպասում էինք, որ դատը լինի, տեսնենք՝ ինչ արդյունք ա լինելու, որից հետո, այսպես թե այնպես, ինքներս էինք հեռանալու, իսկ հիմա նրանք ուզում են առաջ ընկնել: Էս ի՞նչ ֆինանսական բան են մեզ կպցնում: Փրփուրներից են կախվում»,- նկատեց բաժանմունքի անդամներից մեկը՝ ի պատասխան մեր հարցին հավելելով, թե հատ-հատ են կանչում հեռացնելու, որ շատ աչքի չզարնի, նաեւ՝ որպեսզի 70 հոգի իրար գլուխ չհավաքվեն ու…

Փոխարենն արդեն 3 ամիս է, ինչ բաժանմունքում նոր անդամակցությունների շարք է սկսվել: Այդ կառույցի հիմնական կորիզը՝ 60-70 հոգի, փոխարինվում են նորաթուխ երկրապահներով, որոնք, թերեւս, ավելի կառավարելի են գեներալի համար: «Հին կազմից երեւի մի 10 հոգի են մնացել, մյուսներին չենք ճանաչում: Մեր բաժանմունքը միակն էր, որի կորիզը «Սպանդարյան» ջոկատի տղաներն էին: Երեւանի 10-12 տարածքային կառույցներից 10-ը 7-8 տարի առաջ տեղի ունեցած ԵԿՄ պառակտումից հետո դուրս եկան միությունից եւ ձեւավորեցին «Ոգու փորձություն» կառույցը: Մանվելը հիմա ուզում է ազատվել մեզնից, որպեսզի ոչ մեկն իրենց դեմ չընդվզի: Հիմա էլ շանտաժի են դիմում, թե՝ ինչ-որ միջոցներ են յուրացվել: Ի՞նչ միջոցներ, ո՞վ է ստորագրել էդ ստացված միջոցների տակ: Ոչ մի կոպեկ էլ չեն տվել ու մեզ չեն ասել, թե ինչու են մեր նախագահին հեռացնում պաշտոնից: Կոպիտ ասել են՝ դու սուս մնա, ձեզ չի վերաբերում, եւ վերջ»,- պատմեց ԵԿՄ-ից հեռացողներից մեկը: Ի դեպ, ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի նախկին նախագահ Արտաշես Գյումրյանն էլ, որին անցյալ տարվա կեսերին փոխարինել էին նրա տղայով՝ Էդիկ Գյումրյանով՝ որպեսզի կառույցում շատ դժգոհություն չլինի, դեռ փետրվարի 6-ին է Մանվել Գրիգորյանին դիմում գրել ԵԿՄ վարչությանն իր անդամությունը սառեցնելու մասին: Կառույցի կորիզը հանդիսացող երկրապահներն ասում էին, թե իրենց երկու նախագահներն էլ՝ եւ Արտաշեսը, եւ Էդիկը, շատ լավ ղեկավարներ են եղել, եւ նրանց հեռացումն իրենց համար այդպես էլ հասկանալի չի եղել: Ասում էին նաեւ, թե ոչ մի ժողովի էլ չեն գնալու՝ «մենք իրանց հետ ոչ մի բանի չէինք էլ մասնակցի, դրանց հետ նույն կազմակերպության մեջ մնալն անիմաստ է, ուղղակի արդարության համար ենք դիմել դատարան: Համենայնդեպս, մենք սրա՛ն չէինք արժանի, շատ վիրավորված ենք: Էսպես պառակտել կլինի՞ ԵԿՄ-ն, որ սրանք են անում, կամավորը ո՞նց կարող ա ստրուկ լինի: Հիմա սպասում ենք դատին, դա մեզ համար բարոյականության հարց է»:

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանն ի պատասխան մեր հարցին, թե՝ ինչո՞ւ էր ամիսներ շարունակ խաբում կամ թաքցնում բաժանմունքում տեղի ունեցող խմորումների մասին, ասաց՝ «ես տեղյակ չեմ եղել»: Ինչ վերաբերում է հեռացողների՝ դատարան դիմելուն, Վարդանյանն այսպես արձագանքեց. «Իրենց հարցրեք, թե ինչու են դատարան դիմում, այն էլ՝ համագումարից հետո: Համագումարից հետո բոլոր կառույցներում էլ նոր ընտրություններ են տեղի ունենում, այդ կառույցում էլ է եղել, ընտրել են զոհված ազատամարտիկի՝ Աշոտ Նազարեթյանի որդուն, Ռոբերտ Նազարեթյանին: Այնտեղ նաեւ ֆինանսական չարաշահումներ են եղել: 60 հոգանոց անգործության մատնված կառույց է եղել, ամենափնթի կառույցներից մեկն էր ամբողջ Հայաստանում: Ինքը՝ Գյումրյանը, էն ժամանակ ընդունել է, որ վատ են աշխատել: Հիմա 260 հոգի անդամագրվել է այդ բաժանմունքին: Անդամագրվել են ոչ պատահական մարդիկ՝ նրանք, ովքեր ժամանակին նրա պատճառով այդ կառույցում չեն եղել, բոլորը արցախյան ազատամարտի մասնակիցներ են, կան որ ջոկատներով են անդամագրվել»: Ավելի ուշ Վարդանյանն առաջարկեց մեզ տրամադրել ինչ-որ փաստաթղթեր, որոնք, իր ասելով, փաստելու են կառույցի ղեկավարի ֆինանսական չարաշահումների մասին: «Ոչ մի խնդիր չեմ տեսնում, թող տան էդ փաստաթղթերը, թող հրապարակեն, եթե ունեն»,- մեզ հետ զրույցում շատ հանդարտ տոնով ասաց Էդիկ Գյումրյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30