Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետին չտիրապետելու պատճառով՝ կոմունիստները զրկվեցին արտաքին գովազդից

Ապրիլ 04,2012 17:27

5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունք ստանալու համար, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) հայտեր էին ներկայացրել «Հայաստանի Հանրապետական», «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև էլեկտրոնային վիճակահանությամբ արդեն բաշխվել է նշված իրավունքը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն վահանակների համար կունենա 100 տեղ, «Ժառանգությունը»՝ 50, ՕԵԿ-ը՝ 64, ԲՀԿ-ն՝ 164, ՀՅԴ-ն՝ 38: Փաստորեն, ընտրություններին մասնակցող միայն 4 քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական և «Միավորված հայեր» կուսակցությունները չեն դիմել արտաքին գովազդ տեղադրելու իրավունքը ստանալու համար: Aravot.am-ը վերջին 3 կուսակցություններից հետաքրքրվեց՝ արտաքին գովազդի անհրաժեշտությո՞ւնը չկար, թե° կային այլ խնդիրներ: Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը մեր զրույցում նշեց. «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ պատրաստ է արտաքին գովազդ կազմակերպել, բայց ԿԸՀի վրիպման, որոշ դեպքերում մեր վրիպման պատճառով, սխալմամբ հայտը ներկայացրել էինք պարոն Նուշիկյանին, ոչ թե ԿԸՀ: Դուրս է գալիս, որ կառավարող կուսակցություններից բոլորը կարող են ունենալ արտաքին գովազդ, մենք ՝ ոչ: Գաղտնիք չէ, որ շատերը դեռ չեն սովորել ինտերնետից անհրաժեշտ մակարդակով օգտվել, այդ պատճառով էլ լինում են վրիպումներ: Այսօրվա ընթացքում այդ հարցը կպարզվի»:

Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունե°ն, թե նշված փաստը կընկալվի, թե կոմկուսը արտաքին գովազդ տեղադրելու գումար չուներ: Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել: Փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ն իմ՝ Մոսկվայում գտնվելը, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ նրանք մեզ օգնեցին և շարունակելու են օգնել դժվարին կացությունից դուրս գալու հարցում»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ռուս կոմունիստ ընկերներն իրենց օգնո՞ւմ են: Ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Բարոյական առումով միշտ օգնել են»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք այդպիսի մեծ ցուցանակների կարիք չունենք: Դրանց ծախսը բավականին մեծ է, իսկ արդյունավետությունը մենք այդքան մեծ չենք համարում: Իսկ ընդհանրապես ցուցանակներ կունենանք»: Դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի ընթացքում այցելություններ կկատարի շրջաններ, բոլոր բնակավայրեր:

«Միավորված հայեր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ Aravot.am-ին փոխանցեց. «Մենք նպատակահարմար չենք գտել, որպեսզի նմանօրինակ պաստառներ ունենանք: Ֆինանսականն այստեղ էական չէ»: Քարոզարշավի ընթացքում բացի կենտրոնական շտաբից կգործեն նաև «Միավորված հայեր» կուսակցության շրջիկ շտաբերը: Aravot.am-ի հարցին՝ ինչու° իրենք մյուս կուսակցությունների նման հաճախ հանդես չեն գալիս մամուլում, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հատուկ քաղաքականություն գոյություն չունի: Ունենք մեր թերթն ու կայքը, նրանք, ովքեր հետաքրքրվում են երրորդ ուժի հասկացությամբ, կարող են մուտք գործել մեր կայք, կարդալ մեր թերթը, որը տպագրվում է 7000 օրինակով: Մենք ուրիշ էլ ի°նչ գովազդի կարիք ունենք»: Երբ հետաքրքրվեցինք՝ ի°նչ ֆինանսական աղբյուրներից են ֆինանսավորվում, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ բացառապես անդամավճարներով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30