Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարորդական» թունավորումներ

Ապրիլ 06,2012 13:15

Ինչպիսի թույների հետ է վարորդը շփվում իր աշխատանքային գործունեության ընթացքում, եւ ինչպես խուսափել թունավորվելուց:

Աշխատանքային գործունեության ընթացքում կամ կենցաղային անհրաժեշտության բերումով վարորդները մշտապես վտանգված են թունավորումների՝ ածխածնի օքսիդով, էթիլացված բենզինով ու անտիֆրիզով:

Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ վարորդ ու ավտոսիրող իմանա այդ նյութերից պաշտպանվելու ձեւերի, իսկ թունավորվելու դեպքում՝ առաջին բուժօգնության միջոցների մասին:

Ածխածնի օքսիդով թունավորվելը հնարավոր է, երբ մարդը գտնվում է աշխատող ավտոշարժիչի գազով լցված փակ տարածություններում՝ ավտոտնակում, ավտոտաղավարում, «բոքսում» կամ էլ հենց ավտոմոբիլում, երբ վերջինիս պատուհանները փակ են, եւ այրման գազերը ինչ-ինչ ճանապարհով լցվում են ավտոխցիկի մեջ, առավել եւս՝ երբ ավտոշարժիչը գործում է ավտոմեքենայի կանգնած վիճակում: Ածխածնի օքսիդը անհոտ, անգույն գազ է, որի հետեւանքով էլ թունավորումը վրա է հասնում աննկատ:

Թունավորման նշաններն են գլխացավը, քնկոտությունը, կողմնորոշման խանգարումը, ռեակցիայի դանդաղումը, տեսողության վատացումը: Հաճախ լինում են նաեւ արցունքահոսություն, հազ, փռշտոց, գլխապտույտ, նողկանք, փսխում, կրծքացավ, հեւոց, լսողական ու տեսողական ցնորքներ եւ այլն:

Մասնագետներն ասում են, որ երբ վրա է հասնում երկրորդ փուլը՝ մկանային թուլությունը, դրա հետեւանքով էլ տուժածը ի վիճակի չի լինում ինքնուրույն դուրս գալ թունագազով լցված տարածությունից՝ ավտոմեքենայից:

Թունավորման նախանշանների դեպքում անհրաժեշտ է տուժածին շտապ դուրս բերել մաքուր օդ, շնչեցնել անուշադրի սպիրտ: Գիտակցության վերականգնման ընթացքում անհրաժեշտ է տուժածին խմեցնել մուգ թեյ, գլխացավի դեպքում տալ անալգին կամ պիրամիդոն, իսկ գիտակցության լրիվ վերականգնումից հետո՝ անհապաղ տեղափոխել մոտակա թուժհիմնարկ:

Ողջ օրվա ընթացքում վարորդը թունավորվում է բենզինով, էթիլացված բենզինով, որն էլ իր մեջ պարունակում է ուժեղ թույն հանդիսացող տետրաէթիլ կապար: Բենզինը մարդու օրգանիզմ կարող է թափանցել մաշկի, լորձաթաղանթի, շնչուղիների եւ ստամոքս-աղիքային տրակտի միջոցով:

Էթիլացված բենզինով թունավորումը կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետեւյալ կանոնները.

1. Բենզին լցնել-հանելու բոլոր գործողությունները կատարել առանձին պահվող հատուկ ռետինե ձեռնոցներով:

2. Ավտոմոբիլը լիցքավորելիս կանգնել մեջքով դեպի քամին:

3. Խստիվ արգելվում է ռետինե խողովակից բերանով բենզին քաշելը կամ ավտոմոբիլի սնման համակարգի մեջ փչելը:

4. Չի կարելի սննդամթերքը պահել բենզինի տակառի մոտ,   քանի որ միսը, հացը, ճարպը հեշտությամբ կլանում են բենզինի գոլորշիներում առկա տետրաէթիլ կապարը եւ իրենց թունավոր հատկությունը պահպանում նույնիսկ ջերմային մշակումից հետո:

5. Չի կարելի էթիլացված բենզինը կիրառել հագուստ մաքրելու, ձեռքեր լվանալու, նավթավառ, կենցաղային այրիչներ լիցքավորելու համար:

6. Բենզինով ձեռքերը կեղտոտելուց հետո անհրաժեշտ է լվացվել նավթով, ապա օճառով ու տաք ջրով:

Իսկ ինչ ենք տեսնում մենք ամենօրյա տրանսպորտային միջոցներից օգտվելու ժամանակ: Լավատեղյակությունը, կարգուկանոնն այս դեպքերում ապահովության լավագույն գրավականն են:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեթերապեւտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30