Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինակելի ելույթներ

Ապրիլ 11,2012 13:00

Այս օրերին իշխանական եւ ընդդիմադիր պոլիտտեխնոլոգները հուշում են իրենց պատվիրատուներին, թե ինչպիսի բոցաշունչ ճառերով է պետք ազդել ընտրողների էմոցիաների վրա, որպեսզի այդ ընտրողները տվյալ քաղաքական ուժին սիրեն եւ գնան նրա ետեւից: Բայց կուսակցությունները կարող են փող չծախսել. ես նրանց միանգամայն անվճար տրամադրում եմ իշխանամետ եւ ընդդիմադիր ելույթների մոդելային տեքստերը, որոնք նրանք կարող են օգտագործել բառացիորեն, առանց մտավոր ճիգեր գործադրելու: Առավել եւս, որ այդ ճառերը, թեթեւակի տարբերակումներով, հնչում են արդեն 17 տարի: Եվ այսպես…

Օրինակելի ընդդիմադիր ելույթ

Հանցավոր վարչախումբը ժողովրդին հասցրել է աղետալի վիճակի: Ասպատակված եւ թալանված երկրում չտեսնելով իր համար ոչ մի ապագա՝ հայ մարդը, պանդուխտի ցուպը ձեռքին, դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր, բռնել է օտար ափերի ճամփան: Եվ ինչ սպասել մի պետությունից, որը ծառայում է երկու տասնյակ ընտանիքների բարգավաճմանը՝ մնացած ժողովրդին թողնելով չքավորության մեջ՝ զրկված բոլոր իրավունքներից: Բայց ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է, ժողովուրդը ոտքի է կանգնել եւ բռունցքվել է, իսկ այդպիսի ուժի դեմ անզոր է որեւէ ավազակային ռեժիմ, որեւէ բռնապետություն: Հանցագործներին իշխանությունից հեռացնելուց հետո մենք, սիրելի ժողովուրդ, միասին կերտելու ենք ավելի պայծառ, ավելի հպարտ, ավելի արժանապատիվ Հայաստան:

Օրինակելի իշխանամետ ելույթ

Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական այս խորը ճգնաժամի, պատերազմի եւ շրջափակման պայմաններում Հայաստանի կառավարությունը զերծ է պահել մեր ժողովրդին սոցիալական ցնցումներից: Գրանցվում է դանդաղ, բայց կայուն տնտեսական աճ: Այո, ժողովրդի սոցիալական վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն մենք սկսել ենք լայնամասշտաբ բարեփոխումների ծրագիր, որի դրական արդյունքները ժողովուրդը զգալու է արդեն մոտակա տարիների ընթացքում: Այդ ծրագիրն ընդգրկելու է մեր կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ տնտեսությունը: Մենք մտադիր ենք դիվերսիֆիկացնել տնտեսության ճյուղերը, անհաշտ պայքար ծավալել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հասարակ մարդը՝ իր առօրյա հոգսերով: Այդ՝ նախադեպը չունեցող ծրագրերն իրականացնելու համար մեզ պետք է ձեր հավատն ու վստահությունը, սիրելի ժողովուրդ, եւ միասին մենք կերտելու ենք ավելի պայծառ, ավելի հպարտ, ավելի արժանապատիվ Հայաստան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30