Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ մասնակցեք «ձվերի հեղափոխությանը»

Ապրիլ 11,2012 14:14

Խորհուրդ է տալիս մասնագետը

Ներկած ձուն ոչ միայն զարդարում է տոնական սեղանը, այն նաեւ ընդունված է նվիրել միմյանց Զատիկի ողջ շաբաթվա ընթացքում: Ձուն դեռ վաղ անցյալից հանդիսանում է նոր կյանքի խորհրդանիշ: Շատ ձու ուտելը վնասակար է առողջությանը՝ հաղորդում է doctors.am-ը: Բժիշկները հայտնաբերել են, որ չափից շատ ձու ուտելը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շաքարախտի ձեւավորման: Այս եզրակացությունները հիմնված են 25-ամյա հետազոտության վրա, որին մասնակցում էր 20 հազար կին ու 36 հազար տղամարդ: Մինչ այդ շաքարախտի ու ձվի միջեւ կապը բացահայտված չէր: Գիտական ուսումնասիրության ընթացքում 1921 տղամարդկանց ու 2112 կանանց մոտ գրանցվել է շաքարախտ: Առօրյա սննդակարգում չափից շատ ձվի առկայությունը բարձրացնում է խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը. այս փաստը հաստատում է նաեւ դիետոլոգ Կարինե Պետրոսյանը:

Ըստ բժիշկների՝ ամենամեծ ռիսկայնության գոտում են նրանք, ովքեր ամեն օր են ձու ուտում: Չնայած նրան, որ ձուն պարունակում է շատ օգտակար նյութեր, չարաշահելու դեպքում այն նվազեցնում է «լավ» խոլեստերինը: Ընդ որում՝ «վատ» խոլեստերինն ընդհակառակն աճում է՝ ոչնչացնելով ձվի բոլոր դրական հատկությունները: Վերլուծելով ստացված տվյալները՝ բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել ձվի օգտագործումը՝ շաբաթական 2-3 անգամ:

Դիետոլոգ Կարինե Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ ընդունված կարգի համաձայն՝ հայ ընտանիքները Զատկի տոնին 50-60 ձու են ներկում՝ առաջնորդվելով «շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով. «Ձուն սկսում են ներկել Զատկի տոնից մեկ օր առաջ, կեսն իրենց ուտելու, կեսն էլ նվիրելու համար: 4-5 հոգուց բաղկացած ընտանիքը մեկ-երկու օրվա ընթացքում 30-ից ավելի ձու է սպառում, չհաշված այն, որ մի շարք ուտեստների բաղադրության մեջ եւս ձու է պարունակվում: Ու բացի տանն ունեցած ձվերից, մարդիկ նաեւ Զատկի տոնին նվեր են ստանում: Եվ որպեսզի ծախսած գումարը ջուրը չգցեն՝ պիտի ներկած ձվերը ուտեն: Ստացվում է՝ մեր օրգանիզմներում ձվերի հեղափոխություն է տեղի ունենում: Էլ չեմ խոսում երեխաների մասին, որոնք ոչ միայն խաղում են ներկած ձվերով, այլեւ ամեն կոտրելուց հետո պարտադիր պայման են համարում այն ուտելը: Շատ ծնողներ անուշադրության են մատնում այս փաստը, համարելով, որ եթե այդ օրը կամ Զատկի հաջորդ օրը երեխան իրեն վատ չի զգացել, ուրեմն մեկ օրվա ընթացքում նրա կերած անհաշիվ ձվերն էլ չեն վնասելու փոքրիկի առողջությանը»,- ասում է Կ. Պետրոսյանը՝ զգուշացնելով չչարաշահել ձվի օգտագործումը:

Դիետոլոգի փոխանցմամբ՝ եփած ձուն մեկ օր հետո ուտելու համար արդեն պիտանի չէ, իսկ ներկածը՝ առավել եւս. «Որպեսզի ոչ ծախսած գումարը ջուրը գցեք, ոչ էլ առողջությունը վտանգեք, Զատկի տոնին բավարարվեք 10-15 ձու ներկելով: Ժողովուրդ, աշխարհի վերջը չէ: Մեր հասարակությունը խոսում է բարձր արժեքներից, բայց թերանում է տարրական շատ այլ հարցերում: Ինչպես Նոր տարուն, այնպես էլ Զատիկին ու շատ այլ տոների, ընտանեկան միջոցառումների պատրաստվելիս շեշտը դրվում է ուտելիքի ու անպայման շա՜տ ուտելիքի վրա: Բայց թեթեւ ապրելու համար հարկավոր է չափավոր սնվել, անկախ այն բանից՝ տոն է, թե սովորական օր»:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30