Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանի անկեղծ զարմանքից մինչեւ Արմենիկում (Տեսանյութ)

Ապրիլ 19,2012 15:44

«Ի վերջո ակադեմիայի աշխատողները մտավորականնե՞ր են, թե՞ ոչ»,-այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին նման հարց ուղղեց գիտնականներից մեկը, ով հետաքրքրվում էր նաեւ գիտական աստիճան ունեցողների հավելավճարով եւ թոշակով: Հարցը «խլրտոց» առաջացրեց դահլիճում, ոմանք փռթկացին: «Մտավորական լինելը հո օրենսդրությամբ չե՞ն սահմանում, արհեստավորն էլ կարող է մտավորական լինել»,- տեղից ասաց մեկ ուրիշ գիտնական:

Ժողովին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց հարցը հանել՝ խոստանալով դրան պատասխանել ընտրություններից հետո. «Թե չէ՝ իմ պատասխանը կարող է նախընտրական քարոզչություն ընկալվել»:

Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հարցրեց՝ ի՞նչ է մտածում գործընկերոջ հարցի կապակցությամբ՝ ակադեմիայի աշխատողների մտավորական լինելու վերաբերյալ:

«Ցավոք սրտի, մարդկանց մոտ տպավորություն է, թե մտավորական նշանակում է մտավոր աշխատանքով զբաղվող, մինչդեռ մտավորական ասելով ես հասկանում եմ նկարագիր՝ առաջին հերթին ազգային եւ մարդկային, մտավորական նշանակում է՝ համարձակ լինել, երբեք չընկրկել ուժի առաջ եւ չդավաճանել անկախ մտածելակերպ ունեցող մարդու առաքինությանը: Մարդ կարող է զբաղվել մտավոր աշխատանքով, լինել գիտնական, բայց իր պահվածքով չլինել մտավորական»,-ասաց պարոն Մելքոնյանը:

Նույն հարցը ուղղեցինք նաեւ ԳԱԱ իշխանահաճո նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին: «Էլ ուրիշ ո՞վ կարող է լինել մտավորական՝ բացի ակադեմիայի աշխատակիցներից»,- անկեղծորեն զարմացավ նա:

Մեր հաջորդ հարցին՝ մտավորականը, գիտնականը կարիք ունի՞ «ապաստանել» որեւէ կուսակցական ցուցակում (օրինակ, ՀՀԿ համամասնական ցուցակում բուհերի ռեկտորներ, ԲՈՀ-ի նախագահ ու շատ գիտնականներ կան), պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ապաստանել չեմ իմանում ինչ է նշանակում, բայց գիտնականը՝ որպես ՀՀ քաղաքացի, նման իրավունք ունի: Ո՞վ է նրա իրավունքը սահմանափակում լինել որեւէ կուսակցության անդամ»: Իսկ մի՞թե դա խթանելու է, որ գիտնականը ավելի ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվի: «Չեմ կարծում… գիտնականի քաղաքական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը ոչ մի կապ չունեն նրա գիտական գործունեության հետ»,- ասաց ակադեմիկոսը:

Իր տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ այսօր գիտաշխատողների թիվը 3974 է, որոնց թվում մինչեւ 35 տարեկան գիտնականները ընդամենը 29 % են կազմում: Երբ ԳԱԱ նախագահը հայտնեց, որ գիտնականների միջին աշխատավարձը 72000 դրամ է, դահլիճում աղմուկ բարձրացավ: «Որոշ ինստիտուտներում է ավելի ցածր»,-իրեն ուղղեց ակադեմիկոսը:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վալդիմիր Սահակյանն էլ խոսեց իրենց ստեղծած, եվրոպական չափանիշներին համապատասխան գիտական ցանցի մասին, որից, ցավոք, գիտական կազմակերպությունները, մասնավորապես՝ պատկառելի տարիքով գիտնականները չեն օգվում, մինչդեռ դրա շնորհիվ կարող էին անվճար տեսազանգեր անել առանց հատուկ թանկարժեք սարքավորումների:

Մի գիտնականի համար էլ անհասկանալի էր ԳԱԱ էթիկայի հանձնաժողովի կարգավիճակը. եթե մարդկանց կամ կենդանիների վրա գիտափորձեր են կատարվում, հանձնաժողովը պիտի վերաբերմունք արտահայտի: Մտահոգության հեղինակի ձեւակերպմամբ, չգիտես ինչ տրամաբանությամբ, ժամանակին կիսաուսումնասիրված Արմենիկումը օգտագործվեց մարդկանց վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30