Այսօր Սիրահարների այգում կկայանա արձակագիր եւ էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը՝ Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ:
«Ուզում եմ հիշել Անտոնեն Արտոյի ազնիվ ու մեծ խոսքերը. «Գրում եմ համոզվելու համար, որ չեմ կարողանում գրել»: Իսկ մինչ չգրես ու չավարտես, չես կարող համոզվել: Չնայած համոզմունքները կասկածելի մետաֆորներ են, պատմվածքներիս ժողովածուից հետո վեպը եւս մեկ հնարավորություն էր համոզվելու, որ ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվում, բայց ճշմարիտ եւ բացառիկ ստեղծագործություն գրելու երազանքը խորն էր՝ զավեշտի աստիճան: Ես նարցիսիզմով չեմ տառապում, բայց վախենում եմ, որ կմոռանան ինձ: Իմ կողմից գեղագիտական չափման մեջ այդքան կարեւորած աշխարհների իրականության ու երեւակայության միջով էլ կուզեի հիշվել ընթերցողի կողմից, որպես վերջին կատարող: Հուսով եմ՝ վեպը կարդալուց հետո կլինեն մարդիկ, ովքեր հեգնանքով կժպտան ու կանցնեն, եւ մարդիկ՝ ովքեր նամակ կգրեն ինձ»,- նշում է հեղինակը:
Անցյալ տարի Արամ Պաչյանը հրատարակել է իր «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» ժողովածուն, արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ 2010-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:
«Առավոտ» օրաթերթ


















































