Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Մայիս 11,2012 16:21

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ իններորդ

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Եվ Լիանան մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «հիմի ավելի սխալ բան եք անում, պարոն տնօրեն», եւ Զավենն ապշահար նայեց Լիանային ու հարցրեց՝ «ի՞նչն եմ սխալ անում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «էդ որ ինձանից ներողություն եք խնդրում» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ե՛ս պիտի ձեզանից ներողություն խնդրեմ», եւ Զավենը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչի պիտի ներողություն խնդրես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ անկոչ հյուրի պես մուտք եմ գործել ձեր էս օջախը», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս Փարաջանովի օջախն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սաղ  աշխարհն ա էս օջախ մուտք գործում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ով որ Փարաջանովին սիրում ու էս օջախը ոտ ա դնում, ուրեմն՝ անկոչ չի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղ աշխարհը տոմս ա առնում ու նոր ա ոտ դնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ձերոնք էսօր թույլ չտվին, որ տոմս առնեմ», եւ Կարենը ժպտալով Լիանային հարցրեց՝  «առանց տոմս ե՞ս մտել», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «ոնց որ դու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «առաջին էրկու օրը տոմս եմ առել, բայց էսօր աղջկերքն առանց տոմս ներս թողին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ուզում էի տոմս առնեմ, բայց իրանք չթողեցին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հերիք չի տոմս չեմ առել, մյուս կողմից էլ տնօրենն ա կոնյակ հյուրասիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս կոֆեն ու շոկոլադն էլ չհաշված», եւ Զավենը ժպտալով Լիանային ասաց՝ «էրկու օր տոմս ես առել՝ էդ մեզ լրիվ հերիք ա», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «Զավենը կապիտալիզմի օրենքներով ա շարժվում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ կապիտալիզմի օրենքներ», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «մեր ժամանակներում որ մեծ քանակությամբ ես խանութից մի բան առնում, մի հատ էլ ձրի են տալիս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու հեգնանքով Կարենին ասաց՝ «իզուր ես Փարաջանովին խանութի ապրանքի հետ համեմատում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կապիտալիզմի օրոք ամեն ինչ ապրանքի ա վերածվում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Փարաջանովը կապիտալիզմի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էլ սոցիալիզմի հետ կապ ունի», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «մեռնե՜մ խելքիդ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի մեռի, պարոն Ջանիբեկյան» եւ մի քիչ էլ  մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «դու դեռ մեր ժողովրդին հարկավոր ես», եւ Կարենը նեղսրտած ասաց՝ «ես քեզ խնդրել էի, որ ինձ պարոն Ջանիբեկյան չասես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ քեզ խնդրում եմ, որ չմեռնես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ խնդրում ես, չեմ մեռնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ քեզ խնդրել էի, որ ինձ պարոն Ջանիբեկյան չասես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու Կարենին ասաց՝ «դու ինձ էդ տեսակ բան չես խնդրել», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ եմ խնդրել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «խնդրել էիր, որ հետդ դուք-ով չխոսամ» եւ ժպտալով ավելացրեց՝ «ես էլ դու-ով եմ խոսում» ու էդ ասելով՝ Լիանան սկսեց ուժեղ հռհռալ, եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «էդ ինչի՞ ես ծիծաղում», եւ Լիանան ծիծաղելով Կարենին հարցրեց՝ «ուրախ չե՞ս, որ ծիծաղում եմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրախը շատ ուրախ եմ, բայց մտածում եմ՝ կարող ա՞ իմ վրա ես  ծիծաղում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «դու էսօր ծիծաղելի բաներ արել ես, ճիշտ ա, բայց քո վրա չեմ ծիծաղում», եւ Կարենը հարցրեց՝ «բա ո՞ւմ վրա ես ծիծաղում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մարդամեկի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Մացակ  Պապյանի կանանց», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիանային հարցրեց՝ «նոր տեղ հասա՞վ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ուշ ա տեղ հասնում, բայց որ հասնում ա՝ առ ու փախի», եւ Զավենը ժպտալով Լիանային հարցրեց՝ «էդ Մացակ Պապյանի կանանց պատմությունը դու էլ գիտե՞ս», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ ժպտալով ավելացրեց՝ «պարոն Ջանիբեկյանն ա պատմել», եւ Կարենը նեղսրտելով Լիանային ասաց՝ «ես քեզ հենց նոր խնդրեցի, որ ինձ պարոն Ջանիբեկյան չասես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլ չեմ ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ուզում ես՝ սրանից հետո Կարենչիկ ասեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «էդ ձեռ ե՞ս առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հորդ թայ մարդ եմ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «վայ թե հորիցս էլ մեծ ըլնես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «չի բառացվում», եւ Լիանան ժպտալով հարցրեց՝ «որ հորս թայն ես, ո՞նց ես ուզում, որ քեզ Կարեն ասեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու նեղսրտած  հարցրեց՝ «ուզածս էդքան մեծ բան ա՞», եւ Լիանան մի  քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանձնապես մեծ բան չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ Կարեն կասեմ, համ էլ հետդ դու-ով կխոսամ», եւ Զավենը Լիանային ասաց՝ «եթե դժվար չի, իմ հետ էլ դու-ով խոսա, Լիանա ջան», եւ Լիանան Զավենին ասաց՝ «դժվար չի, պարոն տնօրեն», եւ Զավենը Լիանային ասաց՝ «ինձ էլ պարոն մի ասա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով Զավենին հարցրեց՝ «քեզ էլ Կարեն ասե՞մ», եւ Կարենը ծիծաղելով Զավենին ասաց՝ «շան աղջիկը շատ ուժեղ հումոր ունի», եւ Լիանան ժպտալով Կարենին ասաց՝ «միայն թե՝ առանց հայհոյանքի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Կարենչիկ» եւ ժպտալով Զավենին հարցրեց՝ «կարա՞մ քեզ էլ Զավենչիկ ասեմ», եւ Զավենը ձեռքը մեկնեց Լիանային ու ժպտալով ասաց՝ «ուղղակի Զավեն», եւ Լիանան Զավենի ձեռքը սեղմելով ասաց՝ «ուղղակի Լիանա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «էս նոր ե՞ք ծանոթանում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կողմնակի մարդկանց մոտ  ցույց ենք տալիս, թե նոր ենք ծանոթանում», եւ Կարենը հիացած նայեց Լիանային ու ժպտալով ասաց՝ «հազիվ էրեսիդ գույն հայտնվեց, տնաշեն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի արդեն կարանք պիեսիդ մասին խոսանք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «ցավոք սրտի՝ ես պիտի գնամ, պարոնայք», եւ Կարենը զարմացած գոռաց՝ «ո՞նց թե՝ պիտի գնաս», եւ Լիանան ժամացույցին  նայելով ասաց՝ «արդեն հինգն է. ցավոք սրտի, թանգարանը մինչեւ հինգն է աշխատում», եւ Զավենը միտջամտելով ասաց՝ «ձեր համար էս թանգարանը միշտ բաց ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ գիշերն էլ կարաք մնաք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քա՜վ լիցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Փարաջանովի գիշերային անդորրը չարժե խաթարել», եւ Կարենը զարմացած նախ Լիանային նայեց, հետո նայեց Զավենին ու ժպտալով ասաց՝ «արդեն գրաբարի անցավ», եւ Զավենը ժպտալով ասաց՝ «ինչքան չըլնի՝ դրամատուրգ ա», եւ Լիանան թարս նայեց Զավենին ու քմծիծաղով ասաց՝ «իրավունք ունես ձեռ առնես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ քո թանգարանում  ենք գտնվում», եւ Զավենն ասաց՝ «ոչ թե ի՛մ թանգարանն ա, այլ՝ Փարաջանովինը», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ում թանգարանն ա, բայց որ ես էս թանգարանում անկոչ հյուր եմ, էդ մինը շատ լավ եմ հասկանում», եւ Կարենը ժպտալով Լիանային հարցրեց՝ «անկոչ հյուրի առաջ ըսենց բարձրակարգ կոնյակ ե՞ն դնում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մինն իմ համար էլ ա անհասկանալի» եւ իր բաժակից մի կում անելով ավելացրեց՝ «ուղղակի անմահական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մեր պապերը դարեր շարունակ…», եւ Զավենը ժպտալով Կարենին ասաց՝ «էլի գրաբարի անցավ», եւ Կարենը ժպտալով Զավենին ասաց՝ «գրաբար չի», եւ Զավենը  հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «ձեռառնոցի ա» եւ  մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «դու իրան ես ձեռ առնում, ինքը՝ ինձ», եւ Զավենը զարմացած հարցրեց՝ «ես ու՞մ եմ ձեռ առել», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «Լիանային», եւ Զավենը վրդովված ասաց՝ «ես Լիանային ձեռ չեմ առել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «դու իրան ձեռ չես առել, բայց ինքն ինձ լավ էլ ձեռ ա առնում», եւ Զավենը Կարենին հարցրեց՝ «քեզ ե՞րբ ա ձեռ առել», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հենց նոր», եւ Զավենը հարցրեց՝ «ո՞նց ա ձեռ առել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն ես ու ինքը գիտենք», եւ Զավենն ասաց՝ «ասեք՝ ես էլ իմանամ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ վերջին տեքստը որ արտասանեց, իմ ռեկլամի տեքստն էր», եւ Զավենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ռեկլամ», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «կոնյակի», եւ Լիանան իր կոնյակից կում անելով  ժպտաց ու ասաց՝ «մեր պապերը դարեր շարունակ…», եւ Կարենը կարմրելով Լիանային հարցրեց՝ «էդ որտե՞ղ ես լսել, այ ախչի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Մոսկվահայերս հիմնականում Հայաստանի կանալներն ենք մտիկ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ ձեւով ենք կարոտներս առնում», եւ Կարենը քմծիծաղով ասաց՝ «փաստորեն, ձեր հայրենիքի իրադարձություններին հետեւում եք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետեւում ենք՝ ոնց եք մեր հայրենիքի օրենքները ոտնահարում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ոտնահարում», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մինը՝ դու», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ ոտնահարում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «օրենքով խմիչքի ռեկլամն արգելված ա, բայց դու րոպեն մեկ էդ կոնյակն ես ռեկլամում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես շարքային դերասան եմ», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «ես էլ շարքային հեռուստադիտող եմ», եւ Կարենն արդարանալով ասաց՝ «ինձ ինչ տեքստ տալիս են, էդ եմ կարդում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ տեքստերը պիտի համապատասխանացնեք պետության օրենքներին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոնց որ իմ գրածն եք ուզում թատրոնի օրենքներին համապատասխանացնեք», եւ Զավենը նայեց Կարենին ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ճիշտ ա ասում», եւ Լիանան թարս նայեց Զավենին ու ասաց՝ «դու սուս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դուք էլ թանգարանային օրենքներն եք ոտնահարում» եւ մի քիչ  էլ մտածեց ու ասաց՝ «ձեր այցելուներին ձեռ եք առնում», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «բայց նաեւ կոնյակ են հյուրասիրում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, էս կոնյակ հյուրասիրելն էլ ա օրենքի ոտնահարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն էլ՝ էսքան թունդ կոնյակ», եւ Կարենը  կոնյակից կում անելով ասաց՝ «անմահական կոնյակ ա», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «մեր պապերը դարեր շարունակ…», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «էս աղջկա հետ շատ վտանգավոր ա», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ վտանգավոր ա, բայց շատ հաճելի ա», եւ Կարենն ասաց՝ «շա՜տ օրինապաշտ ա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ոնց որ հարկայինից ըլնի», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երանի չէր՝ հարկայինում իրա կեսի չափ օրենք պաշտեին», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիանային ասաց՝ «վախտին Փարաջանովն էլ ա շատ օրենքներ ոտնահարել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենձերին երեւի կարելի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեռածների մասին կամ լավ, կամ՝ ոչինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ դեռ հարց ա՝ ի՞նքն ա ոտնահարել, թե՞ իրան են  ոտնահարել», եւ Կարենը հիացած նայեց Լիանային ու ասաց՝ «էս աղջիկը խելքի ծով ա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանձնապես մեծ խելք հարկավոր չի, որպեսզի հասկանաս, որ Փարաջանովի կյանքը կերել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առանձնապես մեծ խելք հարկավոր չի, որպեսզի հասկանաս, որ Փարաջանովը համաշխարհային մակարդակ ա», եւ Կարենը հիացած նայեց Լիանային ու ասաց՝ «ուրախ եմ, որ Սերգեյով  էդքան հիացած ես», եւ Զավենը Կարենին ասաց՝ «որ հիացած չըլներ, երրորդ օրն անընդմեջ չէր գա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ձեռս ճար ըլներ, ամեն օր կգայի», եւ Զավենն ասաց՝ «կարաս ամեն օր գաս, Լիանա ջան», եւ Կարենը ժպտալով Զավենին հարցրեց՝ «առանց տոմսի՞», եւ Զավենը ժպտալով ասաց՝ «անտարակույս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «ես քեզ սրտանց նախանձում եմ», եւ Զավենը հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էս թանգարանում ես աշխատում ու մշտական էս մթնոլորտի մեջ ես», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «Զավենին կխնդրենք, քեզ էս թանգարանում  աշխատանքի կընդունի», եւ Լիանան ժպտալով Զավենին հարցրեց՝ «աշխատողի տեղ ունե՞ք», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կստեղծենք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էստեղ պահակ էլ կարելի ա աշխատել», եւ Զավենը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էդ ուղղությամբ կարելի ա մտածել», եւ Լիանան ծիծաղելով հարցրեց՝ «պահակի ուղղությա՞մբ», եւ Զավենը  մի քիչ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «չէ», եւ Կարենը ծիծաղելով  Լիանային ասաց՝ «շատ խիստ պահակ կըլնեիր», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու Կարենին ասաց՝ «որ պահակ ըլնեի, ոտդ էս թանգարան չէր մտնի», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ քեզ խելոք չես պահում», եւ Զավենը ժպտալով ասաց՝ «շատ եմ ցավում, բայց պահակի տեղ չունենք», եւ Կարենը ժպտալով Զավենին հարցրեց՝ «դրամատուրգի տեղ էլ չունե՞ս», եւ Զավենը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ ուղղությամբ եմ մտածում», եւ  Լիանան ծիծաղելով ասաց՝ «Զավենը մտածում ա» եւ մի քիչ  մտածեց, թարս նայեց Կարենին ու ասաց՝ «դո՞ւ ինչ ես ամեն ինչ լրջացնում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ լրջացնում»,  եւ Լիանան ժպտալով ասաց՝ «ես հանաքով ասեցի, որ ուզում եմ էս թանգարանում աշխատեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Զավենին էի փորձում», եւ Զավենը մի քիչ մտածեց ու Լիանային ասաց՝ «դու հանաքով ես ասել, բայց ես լուրջ եմ մտածում», եւ Կարենը ծիծաղելով Լիանային ասաց՝ «մի խանգարի. Զավենը մտածում ա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ես էլ եմ մտածում», եւ Կարենը հարցրեց՝ «դո՞ւ ինչ ես մտածում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտածում եմ՝ էս թանգարանում աշխատելը սխալ ա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա սխալ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս թանգարանում որ աշխատես, մի քանի օրից ամեն ինչ սովորական կդառնա», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչը սովորական կդառնա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու դիմացի պատը ցույց տալով ասաց՝ «էս կոլաժներն ու էս ամեն ինչը» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «չեմ ուզում, որ Փարաջանովն իմ համար  սովորական դառնա», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիանայն ասաց՝ «իզուր ես անհանգստանում. ես էս թանգարանի բացման օրից էստեղ եմ, բայց իմ համար Փարաջանովը սովորական չի դառել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ դու Զավենն ես» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «որովհետեւ դու էս թանգարանում սովորական  աշխատող չես», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տնօրենն էլ ա սովորական աշխատող», եւ Լիանան մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «դու սովորական տնօրեն չես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թանգարանի բացատրողն ասեց, որ ժամանակին դու ես Փարաջանովին համոզել, որ էս ամեն ինչը Թիֆլիսից Երեւան տեղափոխի», եւ Կարենը Լիանային ասաց՝ «Զավենը համ Փարաջանովին ա համոզել, համ էլ՝ Կարեն Սերոբիչին», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու ժպտալով ասաց՝ «դու սուս կաց, Կարեն Գուրգենիչ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞. կարող ա՞ ձայնազուրկ եմ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձայնազուրկ չես, բայց Փարաջանովի արվեստից ահագին հեռու ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էն թվերին որ մարդիկ «Նռան գույնը» չէին ընդունում, ես հասկանում ու ընդունում էի», եւ Լիանան քմծիծաղով հարցրեց՝ «ի՞նչն էիր հասկանում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հասկանում էի, որ Սերգեյը մեծություն ա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու Կարենին ասաց՝ «որ հասկանայիր, իրան Սերգեյ չէիր ասի», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ», եւ Զավենը Լիանային ասաց՝ «ես ու Կարենը Սերգեյի հետ ընկերություն ենք արել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ հետն ընկերություն եք արել, էդ չի նշանակում, որ էդ ընկերությունն իրավունք ունեք չարաշահեք», եւ մինչ Զավենն ապշահար կնայեր Լիանային, վերջինս թարս նայեց Կարենին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «որ հետն ընկերություն եք արել, էդ չի նշանակում, որ իրավունք ունեք իրա թանգարանում ձեզ անշնորհք ձեւով պահեք», եւ Զավենը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա անշնորհք ձեւով պահել», եւ Կարենը   կարմրելով  Զավենին ասաց՝ «ինձ նկատի ունի», եւ Զավենը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ երբ ես քեզ անշնորհք ձեւով պահել», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու Զավենին ասաց՝ «քո բացակայության ընթացքում», եւ Զավենը զարմացած ասաց՝ «ես համարյա  չեմ բացակայել», եւ Լիանան մի քիչ մտածեց եւ Զավենին ասաց՝ «էդ համարյան համարյա քսան րոպե տեւեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ քսան րոպեն հերիք էր, որ Կարեն Գուրգենիչն իրեն դրսեւորեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բացասական կողմերով», եւ Զավենը մի քիչ մտածեց ու Լիանային ասաց՝ «էսքան տարի Կարենին ճանաչում եմ, բայց ոչ մի անգամ չեմ տեսել, որ անշնորհք բան անի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Զավենին ասաց՝ «որ քո հանդեպ անշնորհքություն չի արել, էդ չի նշանակում թե՝ ի վիճակի չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պարզվում ա՝ լավ էլ ի վիճակի ա», եւ Կարենը հիացած նայեց Լիանային եւ փռթկացնելով ասաց՝ «հազիվ իմ հասցեին մի դրական բան ասեցիր, տնաշեն»,  եւ Լիանան թարս նայեց Կարենին ու ասաց՝ «տարիքով մարդ ես, բայց դրականն ու բացասականն իրարից չես տարբերում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց սկսում եմ տարբերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քո շնորհիվ»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել