«Ես դպրոցական եմ եղել՝ դա եղել է, ես դպրոցի տնօրեն եմ եղել՝ դա եղել է, եւ այսօր էլ վարչության պետ եմ՝ դա կա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեր այն դիտարկմանը, որ «Վերջին զանգն» ավարտվեց, մենք բոլորս տեսանք, որ որքան էլ հորդորեցիք, էլի դպրոցներում դրամահավաք իրականացվեց՝ նվերներ տալու, տարբեր ծախսեր անելու համար: Ըստ Գայանե Սողոմոնյանի, նվեր տալու մեջ վատ բան չկա, պարզապես պետք է դա տալու եւ վերցնելու կուլտուրա ունենալ: Խոսքը, բնականաբար, ոսկե շղթաների մասին չէ, որն այսօր շրջանավարտները գնում են՝ ուսուցչական կազմի, տնօրենների համար: Գայանե Սողոմոնյանի խոսքերով. «Ես 12 տարի դպրոցի տնօրեն եմ եղել՝ ոչ մի անգամ ես նման բաներ չեմ ստացել: Ինձ ասում էին ի՞նչ նվեր տանք, ասում էի՝ 2 խոսափող տվեք, դպրոցը դրա կարիքն ունի, մի տարի դա առան, մի տարի ամբողջ տասերս դպրոցի դահլիճի վարագույրն արեցին՝ էլեկտրական: Այդ նվերները մնացել է դպրոցին, ես ինձ հետ չեմ բերել դրանք: Երեխաները ինձ սիրելով են դա արել: Հաստատ: Ինձ չսիրեին՝ չէին անի: Ծնողներն էլ էին բողոքելու, ինչի՞ է հավաքել, ի՞նչ է արել եւ այլն»:
Տիկին Սողոմոնյանի մեկնաբանությամբ՝ չի արգելվում երեխային սովորեցնել ընդհանուր առմամբ հասարակությանը ինտեգրվելը, երեխան դպրոցի փոքրիկ բաղկացուցիչն է, իսկ դպրոցն ընտանիք է. «Ինչպես ցանկացած հայ ընտանիք, որը տոնացույցում տոներ ունի, իր բյուջեից ֆինանսաական որոշակի գումար է հատկացնում՝ Ամանորի ծախսեր, Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի ծախսեր: Կան մարդկային, գործընկերային, աշխատանքային հարաբերություններ: Եթե ցանկացած մարդ սովորի նվեր տալու կուլտուրան, շնորհակալ լինելու մշակույթը եւ դրա դասական ձեւը տալու եւ վերցնելու՝ վա՞տ է»: Գայանե Սողոմոնյանը հորդորեց դրամահավաքության թեման փակել, որովհետեւ եթե անընդհատ դա շրջանառում են՝ արդիական է մնում. «Եթե տարիներ ի վեր դա կա՝ դրա լուծման դեղատոմսն ինքը ծնողն է, ուրեմն` ծնողը թող չտա: Թող չտա, եւ ես հասկանամ՝ չտվեց՝ դպրոցում ի՞նչ եղավ»:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետը նորից վստահեցրեց, որ չունեն օրինակներ, զանգերը լինում են անանուն, բայց երբ գնում են տեղում, քանի որ ծնողը չի ներկայանում՝ չեն կարողանում ապացուցել, որ եղել է նման բան. «Մի պահ թող լրագրողները իրենց դնեն վարչության պետի տեղը: Դեպք չկա, որ նույնիսկ անանուն զանգերի հետեւից չգնանք: Անգամ երեխայի հետ խոսելով՝ արդեն ոստիկանի, քննիչի աշխատանք ենք անում, որը պատիվ էլ չի բերում մեզ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: