
Aravot.am-ը հետաքրքրվեց, կա՞ վիճակագրություն, թե դիցուք նախորդ տարի քանի ուսանող է դուրս մնացել բուհերից: Նախարարն ասաց, որ նրանց թիվը 2 կիսամյակների արդյունքներով շուրջ 1500 է:
Նաեւ նշեց. «Եթե մինչ անցյալ տարի ուսանողն ունենում էր անբավարար գնահատական, քննության ժամանակ վերջին լիկվիդից հետո դուրս էր մնում, ինչն առաջացնում էր անհասկանալի կոռուպցիոն գործողություններ եւ ռիսկեր: Այժմ մենք արեցինք այն , ինչն ընդունված է արեւմտյան համալսարանական մոդելում՝ պարտքերի թույլատրելիի շեմ ենք սահմանել: Այս տարի հունվարից այդ մոդելը գործում է. եթե ուսանողը զինապարտ չէ, չունի բանակի հետ կապված խնդիրներ, կարող է ունենալ համապատասխան թվով կրեդիտների պարտք՝ 5 տարվա ընթացքում, բայց փոխադրվել հաջորդ կուրս: Ճիշտ է, դա դժվարացնում է իր ուսումնառության գործընթացը հաջորդ կուրսում, բայց մյուս կողմից, մենք այդ ուսանողին այլեւս չենք չլում՝ նախարարություն, ծանոթ-բարեկամ, դիմում, ռեկտոր եւ այլն»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե բարեփոխումը նախընտրական ենթատեքստ ուներ, նախարարն այսպես պատասխանեց. «Բոլոր լավ գործերը արվում են ամբողջ տարիների ընթացքում, երբեմն դրանք համընկնում են նախընտրական տարիների հետ, երբեմն էլ չեն համընկնում»:
Կարդացեք նաև
Ծրագրվում է առաջիկայում մշակել հայկական առցանց քննությունների մոդել, որի համար ԿԳ նախարարությունը շահել է Համաշխարհային բանկի գրանտը: Այն հնարավորություն կտա իրականացնել online սերտիֆիկացված օբյեկտիվ քննություններ եւ էլ ավելի թեթեւացնել գործընթացը: « TOEFL-ի հայկական անալոգ ենք ուզում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































