Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահը «Նատալի ֆարմի» թասիբի՞ն է կանգնում (Տեսանյութ)

Հունիս 21,2012 22:02

Վերջերս «Նատալի ֆարմը» 50 միլիոն դրամ տուգանվեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ` շուկայում հակամրցակային գործողություններ իրականացնելու եւ դաշտ այլ ընկերություների մուտքը խոչընդոտելու համար: Aravot.am-ը Հայաստանի դեղ արտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի իրենց միության անդամ «Նատալի ֆարմի» հակամրցակցային գործողությունների վերաբերյալ, հատկապես, որ դրանից տուժել է մեկ այլ դեղ ներկրող ընկերություն: Պարոն Զաքարյանի խոսքերով` «Ընդհանրապես մեր միությունը դեմ է բոլոր տեսակ մրցունակության պայմանների խախտմանը եւ կողմ է այդ դաշտի առողջ եւ մրցակցային բիզնեսին: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, նախ, ճիշտ է, տուգանքի  որոշումն արդեն ընդունվել է, ու չեմ կարծում, որ միայն այդ տուգանքը հերիք լինի, որպեսզի «Նատալի ֆարմն» ամբողջովին ընդունի, եւ ոնց որ ասած` դեռ պետք է պարզվի եւ պրոցեսն ընթացքում է, բողոքարկվելու է եւ այլն»:

Մեր այն հարցին, հնարավոր է բողոքարկման արդյունքում 50 միլիոն դրամ տուգանքի շեմը նվազեցվի՞, Սամվել Զաքարյանն ասաց. «Հնարավոր է ընդհանրապես այդ որոշումը բողոքարկվի, ոչ միայն նվազեցվի»: Հարցին էլ` հնարավո՞ր է ընդհանրապես նաեւ հանձնաժողովի տուգանելու որոշումը չեղյալ համարվի, միության նախագահը պատասխանեց` «Գուցեւ, գուցեեւ»: Անդրադառնալով «Նատալի ֆարմի» եւ «Սզնիի» միջեւ ծագած խնդիրներին, պարոն Զաքարայանը հետեւյալն ասաց. «Ինչ վերաբերում է «Սզնիի» հակամարտությանը, ես անձամբ ծանոթ չեմ ո’չ կազմակերպությանը, ո’չ էլ ղեկավարին, բայց հաճախ եմ տեսել ինչ-որ բողոքի ելույթներ, տարբեր տեսակ միջոցներով` տարբեր թերթերում: Ոչ մի անգամ չեն դիմել, ճիշտն ասած, մենք էլ ոչ միայն չենք դիմել, չենք էլ հարցրել, թե ինչ խնդիր է…Միությունը ոչ մի կազմակերպության բիզնես հարցերի մեջ չի խորանում, իրավունք էլ չունի խառնվի բիզնես հարաբերությունների մեջ եւ ընդհանրապես չի խորանում»: Մեր այն հարցին, իսկ եթե ոլորտում օրենքի խախտում է լինում, այդ դեպքո՞ւմ էլ միությունը չի խառնվում, նախագահը վստահեցրեց. «Օրենքի խախտումներում` հա»:

Մինչ պարոն Զաքարյանից պատասխան ստանալը, Aravot.am-ը մանրամասն ներկայացրեց իրավիճակը, թե «Նատալի ֆարմն» ինչ անօրինական գործողությունների է դիմել` «Սզնիին» շուկայից դուրս մղելու ուղղությամբ, եւ մեր այն դիտարկմանն էլ, որ փաստորեն  միությունը խնդրին տեղյակ չէ, պարոն Զաքարյանը հավաստիացրեց, որ լավ էլ տեղյակ է, պարզապես այս 2 ընկերություններն այդ առնչությամբ դիմում-նամակ չեն ուղղել դեղ արտադրողների եւ ներմուծողների միություն: Պարոն Զաքարյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ բիզնես հարաբերություների մեջ չեն խառնվում, իսկ Aravot.am-ի կրկին հիշեցմանը, որ դա ընդամենը բիզնես հարաբերություն չէ, այլ օրենքի խախտում է եղել, միության նախագահն նորից կրկնեց. «Ոչ միայն «Նատալի ֆարմը», այլ միության հետ աշխատող թե միության անդամ, թե` ոչ, մենք դեմ ենք ընդհանրապես բոլոր տեսակի մրցունակության պատշաճության դաշտը խախտման ցանկացած երեւույթին: Մենք ինքներս շատ մոտ աշխատում ենք հանձնաժողովի հետ եւ ինքներս աջակցում ենք հայտնաբերելու այդպիսի դեպքերին»:

Մեզ հետ զրույցում,պարոն Զաքարյանն ակնհայտ պաշտպանում էր իր միության անդամ «Նատալի ֆարմին» եւ ընկերության կողմից կատարած մեր նշած խախտումների առնչությամբ միության նախագահն ասաց` դեռ պետք է ապացուցվեն այդ խախտումները: Մեր այն դիտարկմանն էլ, որ ընկերությունների միջեւ ծագած վեճը շատ է լուսաբանվել եւ շատ հայտնի միջադեպ է, պարոն Զաքարյանը մեկ անգամ եւս պաշտպանեց «Նատալի ֆարմին», իսկ «Սզնի» ընկերության վարքագիծն էլ դեռ մի բան էլ կասկածի տակ դրեց. «…Ես ասում եմ` հայտնի բողոքող է»: Եթե մի ընկերություն փորձում է իր իրավունքները պաշտպանել եւ պայքարել, ուրեմն` բողոքո՞ղ է, մեր այս հարցը հունից հանեց Սամվել Զաքարյանին, որը բավականին ագրեսիվ տոնով ու բղավոցով անհասկանալի հայատարարություններ արեց…

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930