Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի հրապարակային պատասխանը փոխվարչապետին

Հուլիս 17,2012 10:25

Սևանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ և մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը: Ավելին՝ Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Ստորև ներկայացված են մեր այս պնդման առավել մանրամասն իրավական հիմնավորումները:

Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթացում (Սևանի դեպքում առավել ևս) հասարակության մասնակցության ապահովումը օրենսդրության պահանջ է, և այդ նպատակով առանձին իրավական ակտով հստակ սահմանվել է հանրային քննարկումների կազմակերպման խնդիրները, ընթացակարգը և ժամկետները: Նման հստակ օրենսդրական ամրագրումը բացառում է «հանրային քննարկումների» կամայական մեկնաբանումը և իրականացումը:

Այսպես, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այդ քննարկումների իրականացման նվազագույն ժամկետը 15 օր է։ Ակնհայտ է, որ «բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք» արտահայտությունը վերաբերում է ինչպես ֆերմերներին, այնպես էլ բնապահպանական կազմակերպություններին և այլ անձանց: Այդ իսկ պատճառով հանրային քննարկումների մատչելիությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը պետք է ապահովվեն հասարակության շահագրգիռ յուրաքանչյուր անդամի համար: ՀՀ ՏԿՆ կողմից վկայակոչված ԳԱԱ Սևանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովում կազմակերպված քննարկումները չեն կարող ապահովել հիշյալ օրենսդրական պահանջի իրականացումը, նույնիսկ եթե  հանձնաժողովներում ներգրավված են հանրության և հասարակության որոշ ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից  Սևանա լճից ջրառն ավելացնելու վերաբերյալ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու մտադրության մասին մամուլի հաղորդագրությունների միջոցով պարբերաբար իրազեկումը կարող է համարվել հանրային քննարկումների կազմակերպման գործընթացի միայն մեկ փուլ, և ոչ ողջ գործընթացի իրականացման ապահովում: Ինչ վերաբերում է շահագրգիռ անձնաց հետ բուն քննարկումներին, ապա Կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն նախագիծը մշակող մարմինը իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը:

Հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում հրապարակվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր: Եվ միայն  հանրային քննարկումների հրավերը հրապարակելուց առնվազն տասներկու օր հետո նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ հանրային քննարկումները կարող են իրականացվել նաև հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների,  քննարկումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Օրենսդրության վերը նշված պահանջները ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը չի կատարել:

Կարելի է կարծել, որ օրենքի ընթացակարգային խախտումներն էական չեն: Բայց օրենքի ամեն խախտում անընդունելի է, հատկապես երբ նման խախտումը կարող է վնասել շրջակա միջավայրին՝ այդ թվում Սևանին: Ընթացակարգերը կարող են լինել ձևական կամ դարձվել այդպիսին, սակայն միայն օրենքի պահանջներին հետևելով և մասնագետների հետ իրապես խորհրդակցելով է հնարավոր գտնել արդյունավետ լուծումներ ներկա գյուղատնտեսական խնդիրների և ապագա բնապահպանական մարտահրավերների համար:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031