«Բացասական որոշում կայացնելու պարագայում «Կառուցող» դաշինքը վստահաբար մինչև վերջ կգնա՝ հենվելով մասիսցու հաղթանակի վրա»,- Մասիս խոշորացված համայնքի Նորապատ բնակավայրում, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նախկին համայնքապետ, առաջիկա ընտրություններում «Կառուցող» դաշինքի ցուցակը գլխավորող Դավիթ Համբարձումյանը։
ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր՝ մինչեւ օրվա ավարտը, կհրապարակի պաշտպանության և դատախազության բողոքների վերաբերյալ որոշումը։ Վճռաբեկ դատարանի նման արագ արձագանքը փաստաբանների համար տարակուսելի է, քանի որ գործը 86 հատոր է, և այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր դրան ծանոթանալ։ Ուստի պաշտպանական կողմը ահազանգում է, որ այս որոշումը կարող է քաղաքական որոշման արդյունք լինել՝ առաջիկա ընտրություններին Դավիթ Համբարձումյանի մասնակցությունը չեզոքացնելու համար։
«Մենք փորձում ենք մեծ արձագանք չտալ այդ մանր քայլերին: Ծառահատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ձերբակալել են մեր աշխատակիցներին՝ անտրամաբանական հիմնավորումներով: Մարդը իր պարտականությունները կատարելու ժամանակ եկել, ձերբակալել են, մանրամասները չգիտեմ՝ երեք հոգի մեր աշխատակիցներից, ովքեր իրենց պարտականությունն են կատարելիս եղել»,- ասաց Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ճնշումները Մասիսում արդեն ավելի գործնական փուլ են մտնում։
«Այնպես չէր, որ ես իշխանություններից ինչ-որ բան էի ակնկալում, ընտրապայքարի մեջ մտնելուց չեմ էլ մտածել սրա մասին: Նախորդ անգամ էլ եմ ասել՝ եթե պիտի սրա մասին մտածեի, ուրեմն պիտի չմտնեի: Եթե մտել եմ պայքարի մեջ, հետևաբար՝ ես մենակ չեմ, ինձ հետ մի ամբողջ թիմ է և Մասիս համայնքի ժողովուրդը: Ինձ հետ, եթե նկատել եք, մենակ մասիսցիներն են: Մենք այլ մարդկանց աջակցության կարիքը չունենք: Մասիսում վստահաբար մասիսցին է քվեարկություն իրականացնելու և Մասիսի հետագա հինգ տարվա ապագան որոշելու է մասիսցին: Այդ ամբարտավան բառերը, որ օգտագործում են, իրենք իրենց են գովում, իրենց օպերատորներն են իրենց գովում: Մասիսցիները հստակ գիտեն՝ ով ով է, և իրենց որոշիչ խոսքը վստահաբար ասելու են»,- մանրամասնեց Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, որ ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին անգամ նախարար Արսեն Թորոսյանն է մասնակցում՝ Երեւանից եկած մեծ խմբով։
Կարդացեք նաև
Իշխանության կողմից համագործակցության առաջարկի մասին էլ Դավիթ Համբարձումյանը որոշ մանրամասներ բացահայտեց․ «Այո՛, այդ առաջարկն ինձ եղել է՝ քննարկելու առաջիկա ընտրությունների հետագան, և ես հենց սկզբից մերժել եմ, որովհետև պայմանավորված համայնքի ղեկավար երբեք չեմ աշխատի: Ի՞նչ է նշանակում պայմանավորվել: Որոշում կայացնողը միշտ ասել եմ՝ մասիսցին է, և ես վստահ եմ մասիսցիների հաղթանակի վրա: Հետևաբար, ես որևիցե մեկի հետ պայմանավորվելու բան չունեմ: Այդ առաջարկը եղել է ու հաստատ կապված էր ոչ թե իմպիչմենտի փուլի հետ, այլ մի քանի ամիս առաջվա առաջարկություն է եղել՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ: Բաց ասում եմ՝ ես հենց սկզբից այդ առաջարկը մերժել եմ: Ինձ առաջարկողը վստահաբար գիտի՝ ես ինչ եմ ասում: Առաջին անգամ չէ, որ նման բան է անում: Ամեն դեպքում՝ դա վերևից իջած առաջարկ էր, այնպիսի մարդ է, որ չեմ կարծում՝ ինքնագլուխ կարող էր այդպիսի բան ասել»:
Ձերբակալություններով, վճռաբեկի որոշումն իր գլխին առկախելով, իշխանությունն ինչի՞ է ուզում հասնել, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց․ «Անկեղծ՝ չեմ կարող ասել, բայց մի բան ասեմ՝ իմ դեմքով, թե առանց ինձ, դեկտեմբերի 13-ին բոլորը կհամոզվեն, թե մասիսցին ինչ է ուզում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































