Armenpress. Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին երախտագիտության խոսքով է հանդես եկել՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակին, նրա՝ Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում ունեցած ավանդին և հայ-իրանական մշակութային կապերին։
«Արմենպրես»–ը դեսպանության կոմից տրամադրված խոսքն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․
«Իրանական մշակույթում բարության գնահատումն ու երախտագիտությունը, հատկապես հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար, դարավոր և գեղեցիկ ավանդույթ է։ Մեր կրոնական և քաղաքակրթական ժառանգության մեծերը Աստծո ծառաներին երախտագիտություն հայտնելը համարել են նույնքան կարևոր, որքան հենց Աստծուն շնորհակալ լինելը։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ և գրող, Հայաստանի նվիրյալ հասարակական գործիչ, ազատասեր ու արդարամիտ մարդու՝ Եղիշե Չարենցի մահվան օրն է։ Նա իր կյանքը նվիրել է ժողովրդին ու ազատությանը՝ անսահման սիրելով Հայաստանը և նույնքան ջերմ զգացմունքներ տածելով Իրանի հանդեպ։ Պատահական չէ, որ նրա պատկերն արդեն տարիներ շարունակ զարդարում է մի թղթադրամ, որն ամեն օր շրջանառվում է հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների ձեռքերում։
Կարդացեք նաև
Չարենցը բանաստեղծ էր, որը գեղեցկությունը տեսնում ու արտահայտում էր ոչ միայն բանաստեղծական խոսքում, այլև մարդկային արժանապատվության, բարոյականության և ազնվության մեջ։ Արդարության և ազատության համար պայքարում նա չընկրկեց ստալինյան բռնապետության դահիճների առջև և իր կյանքը զոհեց հանուն այդ գաղափարների։
Այսօր ևս մեկ առիթ է երախտագիտություն հայտնելու այն մարդուն, ով 1930-ական թվականներին՝ Խորհրդային Միությունում կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացման ալիքի և Երևանի Կապույտ մզկիթը քանդելու որոշման պայմաններում, հայ մտավորականների և մի խումբ հեռատես ու լայնախոհ հայ մեծանուն գործիչների շարքում կանգնեց այդ հուշարձանի պաշտպանության դիրքերում և փրկեց այն կործանումից։ Չարենցը, ում նախնիները սերում էին Իրանի Մակու քաղաքից, սիրում էր նաև Իրանը և իր բանաստեղծություններում բազմիցս սիրով հիշատակել Մակուն, Շիրազն ու Թեհրանը։
Ի երախտագիտություն Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում Եղիշե Չարենցի ունեցած ավանդի՝ վերջերս, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի արարողության ժամանակ, մզկիթի մշակութային սրահն ու գրադարանը անվանակոչվեցին նրա անունով։ Առաջիկայում նույն մզկիթում կտեղադրվի նաև այս մեծանուն բանաստեղծի և վեհանձն մարդու կիսանդրին։
Եվ վերջում, երախտագիտության ավանդույթի համաձայն՝ այս մեծանուն մարդու հիշատակին հարկ է նաև մի նվեր մատուցել։ Հիմա աշուն է, իսկ Իրանի օրացույցում Աբան ամիսը սրբազան կրակի մեծարման ամիսն է՝ այն կրակի, որը ջերմություն և լույս է պարգևում։ Եվ ի՞նչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան հենց Չարենցի բանաստեղծական խոսքով մեր երախտագիտությունն արտահայտելը։ Բոլոր իրանցիների անունից Չարենցի ամենահայտնի սիրային բանաստեղծություններից մեկի՝ «Ինչքան որ հուր կա իմ սրտում․․․» ստեղծագործության այս տողերը նվիրում ենք նրա անբասիր հոգուն․
Ինչքան որ հուր կա իմ սրտում՝ բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում՝ բոլորը քեզ.
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա,
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, բոլո՜րը քեզ…»։



















































