«Անէական մարդու անէական խոսակցություն մեկնաբանելը, կարծում եմ, ճիշտ չէ: Բոլորի համար արդեն ակնհայտ պարզ է, թե ինչպիսի խեղկատակությամբ է զբաղվում նա, ինչպես է փորձում պղտորել զուլալ ջուրը, այնուհետեւ փնտրում այնտեղ իրեն համար պիտանի որեւէ բան»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես մեկնաբանեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` այսօր արած այն հայտարարությունը, որ իր համար Ուրիխանյանը Նաիրի Հունանյանից չի տարբերվում. «Նա կրակել է հայ մարդու վրա միայն այն բանի համար, որ չի կիսում իր հայացքները, թե նրա դեմքի արտահայտությունը իրեն դուր չի եկել: Ես Ուրիխանյանի հետ չեմ կարող լինել մի թիմում»:
Մեր դիտարկմանը, որ այդ «անէական» մարդը Ձեր թիմում էր` Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Եթե նա շարունակի, ես հարկադրված կլինեմ հանրությանը տեղեկացնել, թե ինչպես էր նա խնդրում, աղաչում ու պաղատում, որպեսզի իրեն մանդատ շնորհեն եւ չզրկեն: Կարծես թե մանդատը ոչ թե պատասխանատվության տիրույթ է, այլ կարգավիճակ փոխելու եւ արտոնություններ ստանալու հնարավորություն միայն»:
Ինչ վերաբերում է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի դեպքին` նա ասաց, որ քրեական դեպք է եղել եւ այնտեղ ամեն ինչ պարզ է, իսկ Հմայակ Հովհաննիսյանի պես մարդը իր ինտելեկտով, իրեն հարիր ոճով շարունակում է ինտելեկտուալ մրցակիցներին պախարակելով` փորձել քաղաքական դաշտում կայանալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ