Լրահոս
Օրվա լրահոսը

Վաժա Ազարիաշվիլի. Եթե գրքեր եմ գնում, չի նշանակում, որ գողանում եմ

Հուլիս 26,2012 19:55

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  հուլիսի 26-ին  սկսվեց  «Հայաստանի ազգային գրադարան»-ից  և  «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և  Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողության գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության,  Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ  Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և  մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:

2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վլադ  Տրուբիցինը և  Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր: Ըստ գործի նյութերի, Վ. Ազարիաշվիլին համագործակցության համար Ե. Ղամբարյանին  տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:

Ըստ մեղադրական եզրակացության,  Վ. Ազարիաշվիլին «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և  Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ  Հասմիկ  Դուրգարյանի օժանդակությամբ  հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր:  Նախաքննությամբ պարզվել է, որ   Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց  ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կարեն  Հովհաննիսյանի և Վարդան  Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան»-ի գրապահոցներ մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության, հանցագործության վայրի և հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ  ՀՁՊ գնդի ոստիկան Դավիթ  Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար: 2011թ. դեկտեմբերի 26-ին`  ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը  և  Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել «Հայաստանի ազգային գրադարան»-ի «Թամանյանական»  մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,    34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն ու գողության փորձ,  և  38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը դրդելը, մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարեց, որ եթե ինքը գիրք է գնում, չի նշանակում, որ գողանում է: Իրեն առաջադրված մեղադրանքում՝ առանձնապես խոշոր չափերի գողություն,  մեղավոր չի ճանաչում նաև Երվանդ Ղամբարյանը:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի՝ դատարանում սկսվեց    վկաների հարցաքննությունը՝ 19 դատակոչված վկաներից հարցաքննվեցին 14-ը: Վկաներից առնվազն երեքը հայտնեցին, որ  տեսել են Տրուբիցինին, իսկ Վ. Ազարիաշվիլու դստեր կնքահայրը՝ Լևոն Ուզունյանը նաև 15-20 րոպե   զրուցել է  նրա հետ հիմնականում քաղաքական թեմաներով: Վկա, ԵՊՀ գրադարանի գրադարանավար Էլզա  Ասմարյանը հայտնեց, որ Վ. Ազարիաշվիլին եկել է գրադարան, ներկայացել որպես բուհի դասախոս   և մեկ շաբաթվա ընթացքում գրադարանավարների հսկողության տակ ուսումնասիրում էր գրականություն, ինչը նրան անհրաժեշտ էր հայ-վրացական կապերի մասին թեզ պաշտպանելու համար: «Մենք առիթ չունեինք չհավատալու նրան»,- ասաց վկան:

Օգոստոսի 15-ի դատական նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը, որից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները, կհետազոտվեն գործով գրավոր ապացույցները:

«Փաստինֆո» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031