Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի խմելու ջուրը մնում է պղտոր

Հուլիս 31,2012 13:37

Ջրավազանի տարածքում ուսումնասիրություններ կատարող «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունը հերքում է, որ այդ ամենի հետ կապ ունի:

Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն աշխատանքներ է կատարում, ինչը, մասնագետների խոսքերով, խմելու ջրի համար վտանգ է ներկայացնում: Բարձրացված աղմուկից եւ տեղական կառույցների կողմից ձեռնարկված քայլերից հետո տեղանքում դադարեցվել էին բոլոր տեսակի աշխատանքները: Սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունն օրերս վերսկսել է աշխատանքներն այդ տարածքում, եւ ընկերության պատկանող տեխնիկան ներկայումս աշխատում է ջրահավաք ավազանի մերձակա տարածքում ու ամեն օր անցնում է մինչեւ մաքրման կայան հասնող գետի ջրերի միջով: Մինչեւ օրս «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղից միայն տեղեկացրել են իրավիճակի մասին, իսկ լուրջ կանխարգելիչ քայլեր այդ ուղղությամբ չեն արվել, առավել եւս՝ երբ ողջ Կապանի ժողովրդին մատակարարվող խմելու ջրի ամբողջ պատասխանատվությունն իրենք են կրում, իսկ խմելու ջրին սպառնացող վտանգների մասին ոչ մի հայտարարությամբ ջրամատակարար ընկերությունը հանդես չի եկել: Հարավային մասնաճյուղից հայտնում են, որ ուսումնասիրություն են կատարում, որից հետո միայն կանեն իրենց հայտարարությունը խնդրի մասին:

«ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ նորանշանակ տնօրեն Արման Գրիգորյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենց կողմից ջրահավաք ավազանի տարածքում աշխատանքներ չեն կատարվում: Նրանք նպատակ ունեն ճանապարհ հարթելու դեպի Սիսիանի հատվածը եւ ուսումնասիրություններ տանելու մյուս թեւերի վրա գտնվող հանքերեւակումներում՝ դեպի Սիսիան եւ Քյուրուտ ու Քիրս ընկած ուղղություններով: Իսկ Կապանի ջրահավաք ավազանի տարածքում, որտեղ լիցենզիա է տրամադրվել այս ընկերությանը, աշխատանքներ դեռ չեն պլանավորում: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հանքերեւակումները 3 հատվածներում են գտնվում՝ սարի գագաթից դեպի Սիսիան, Քիրս եւ Քյուրուտ ու Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանի տարածքում: Քիրս եւ Քյուրուտում 2-3 տեղամաս կա, որի համար այլ լիցենզիա է տրված, եւ դրա ժամկետը երկարացվում է, քանի որ ավելի հեռանկարային են գտնում այնտեղ ուսումնասիրություն անելու՝ ջրահավաք ավազանից հեռու եւ զերծ մնալով բարձրացված աղմուկից ու ավելորդ խնդիրներից: Մոտ 3-4 տարի առաջ էլ ջրահավաք ավազանի տարածքում փորձ է արվել աշխատանքներ տանել, բայց դրանք կանգնեցվել են նույն այս խնդրին բախվելու պատճառով: Ընկերությունն այժմ նպատակ ունի մինչեւ լիցենզիայի ժամկետի ավարտը հասցնել կատարել որոշակի ուսումնասիրություններ՝ պատկերացում կազմելու համար, թե պիտանի՞ են արդյոք այդ տարածքները ընդերքօգտագործման համար, թե՞ ոչ, միեւնույն ժամանակ չեն ժխտում, որ հետագայում մոտ 3200 մ բարձրության վրա աշխատելը կրկնակի-եռակի ծախսատար է լինելու:

«Մենք Կապանի խմելու ջրի տեղանքի հետ կապ չունենք, հեռու ենք այդտեղից ու աշխատանքներ չենք տանում տվյալ հատվածում: Մենք ուզում ենք զուտ ուսումնասիրություն անել այլ հատվածներում, երկրաբանները սարի գագաթի հատվածում՝ ջրահավաք ավազանից հեռու, ուսումնասիրություն կանեն, նախկինում փորված տեղանքից նմուշներ կվերցնեն, որի արդյունքներից հետո կքննարկվեն հետագա քայլերը, եթե նպատակահարմար գտնվի աշխատանքներ սկսել այնտեղ, ապա դա միայն կարվի այն կողմից, որտեղից անվտանգ է»,- ասաց Ա. Գրիգորյանը: Բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի պետ Լեւոն Պետրոսյանը նշում է, որ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կապանին մատակարարվող խմելու ջրի ջրահավաք ավազանի տարածքում դադարեցնելու ամեն տեսակի աշխատանքները. «Խնդրի հետ կապված՝ բոլոր վիճելի հարցերի պատասխանները՝ աշխատանքներն ազդեցություն թողնո՞ւմ են, թե՞ ոչ, վտանգավո՞ր են Կապանի խմելու ջրի համար եւ այլն, կտա միայն բնապահպանական փորձաքննությունը: Բնապահպանական փորձաքննությունից հետո ես կտամ միայն իմ եզրակացությունը, առավել եւս, որ ուսումնասիրության լիցենզիայի նոր օրենքով այդ փորձաքաննությունն արդեն պարտադիր է դարձել»:

Փորձեցինք Նոր Աստղաբերդ համայքնի ղեկավար Սուրիկ Թեւանյանից ճշտել, թե համայնքի Աջաբաջ գյուղում գտնվող Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանի տարածքում ի վերջո «ԲԱՄՕ Մետալ»-ի կողմից աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ: Համայնքի ղեկավարը մեր հարցմանը պատասխանեց, որ այդ տարածքում աշխատանքներ չեն տարվում, ընկերության տեխնիկան է այնտեղ մնացել, երեկվա ուժեղ անձրեւից ու սելավից հետո ընդամենը բարձրացել են՝ տեսնելու, թե ինչ վիճակում է գտնվում տեխնիկան. «Էդտեղ աշխատանքներ չեն տարվում, աշխատանքները եթե տարվում են, ապա ջրից բավականին հեռու հատվածում. ինչքան խոզն է տուռնիկից հեռու, նույնքան էլ դրանք են իրարից հեռու: Երեկ այստեղ ուժեղ անձրեւ է եկել, սելավ, ջրհեղեղ, Գեղի գետի ջրերը դուրս են եկել ափերից, խմելու ջրերը պղտորվել էին, ամեն անգամ, երբ ջրերը պղտորվում են, ասում են՝ տեխնիկա է աշխատում: Մեր համայնքներն էլ մինչեւ մաքրման կայան հասնող ջրերից են օգտվում, առաջին հերթին մեր բնակիչներն են էդ պղտոր ջրերից օգտվում: Ֆիլտրերի հարցով կարողացել եմ որոշ չափով հարցը լուծել, 60-70 տոկոսի չափով ֆիլտրացվում են ջրերը, բնակիչներն էլ պղտոր ջուր չեն խմում: Դա անձրեւների արդյունք է, ոչ թե տեխնիկա աշխատելու. տեխնիկան օրը մի անգամ անցնի, մի 50 մ հետո նորից կմաքրվի ու չի կարող ազդեցություն ունենալ խմելու ջրի պղտորման վրա: Ուղղակի էնքան պղտոր է գալիս ջուրը սարերից, որ մաքրման կայանը չի հասցնում նորմալ մաքրի, դրա համար էլ ասում են՝ էնտեղ աշխատանքներ են տեղի ունենում՝ դրանից է ջուրը պղտոր: Թող իրենց մաքրման կայանի մասին մտածեն, նորմալ աշխատեցնեն: Քիչ թվով մարդ է աշխատում»:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031