Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են տարեց երեւանցիները

Օգոստոս 04,2012 13:33

Բաց նամակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հին երեւանաբնակ տարեց գյուղատնտես Ալբինա Ղահրամանյանը նկատեց, որ խորհուրդների ժամանակ կառավարության մեծ ուշադրությանն արժանացած օղակաձեւ զբոսայգին այսօր բարձիթողի վիճակում է: Այն ի սկզբանե ծառայում էր երեւանցիներին՝ որպես հանգստի գոտի, սակայն այսօր վերածվել է սրճարանային համալիրի, բացակայում են նստարանները: Թվում է՝ սրճարանատերերն են որոշում, թե որտեղ դրանք պետք է լինեն, ու հոգնած քաղաքացին ստիպված պետք է նստարան գտնի միայն սրճարանում, հասկանալի է՝ փոխարենն առնվազն մեկ գավաթ սուրճ պատվիրելով: Նույնիսկ շատրվանների շուրջ բոլորած երբեմնի նստարանների շարքը փոխարինված է հատուկենտով, իսկ կանաչ գոտին, ուր կարելի է նստել-հանգստանալ, վերածված է խոզանի:

Հարգարժան քաղաքապետ, ասֆալտապատման եռուն աշխատանքները բարկ արեւի կամ անձրեւի տակ անցկացնելու հետ կարելի է մեկ-մեկ էլ այգիներին ուշադրություն դարձնել, վերջիններս լոկ սրճարանատերերի համար չեն:

Բաց նամակ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.

Գարեգին Երկրորդին

Մեծարգո վեհափառ տեր, այսօր հանգուցյալների դին եկեղեցում դնելը վերհառնած ավանդույթ է: Գաղտնիք չէ, որ հոգեհանգստի նման արարողությունները մատուցվում են Երեւանի ծայրամասերի մի քանի եկեղեցիներում, դրանցից է նաեւ Նորագավթի Սուրբ Գեւորգ եկեղեցին: Բնական է՝ եթե Նորագավթի գերեզմանոցում հուղարկավորվողի հարազատներին գոհացնում է այդտեղ ծառայությունը կազմակերպելը, ապա նույնը չի կարելի ասել Երեւանի կենտրոնի բնակիչների համար, որ Նորագավթի նեղլիկ փողոցներով մեքենաների շարասյունով, խցանումներով ու վտանգներով լի պետք է հասնեն Սբ. Գեւորգ, հետո էլ, կրկնակի վտանգվելով, վերադառնան, օրինակ, Թոխմախի գերեզմանոց:

Երեւանի կենտրոնի բնակիչների խնդրանքն է՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետնամասում, որ մոտ մեկ հեկտար ոչ կանաչապատ տարածք է, կառուցվի մատուռ կամ գավիթ, ուր հանդերձյալ աշխարհ ճանապարհելուց առաջ կդրվի հանգուցյալների դին:

Բաց նամակ՝ դեղ ներկրող օլիգարխներին

Карега սոսինձը, որով ամրացնում են շարժական պրոթեզն ատամներին, ամեն օր օգտագործում են լոկ ծեր թոշակառուները, ինչո՞ւ են օր օրի այն թանկացնում դեղորայքի բիզնեսով զբաղվող օլիգարխները, մի՞թե մնացել են դրա հույսին (հաշված օրերի ընթացքում այն 2100 դրամից ավելացել է մի քանի հարյուր դրամով):

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031