Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել են Օձունի տաճարի վերականգնման աշխատանքները

Օգոստոս 06,2012 11:09

 

Երևան, 6 օգոստոսի 2012 թ. – Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայոց Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության և  «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Վերականգնումը կատարում  է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:

Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:

Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:

«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», – տեղեկացրեց  «ԼևԳուկ» ՓԲԸ  գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրա, Բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Լ.Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի,  որը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի  և Հայ  Առաքելական Եկեղեցու հավանությանը, այնուհետև  հաստատվել  Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:

Վերականգնող կազմակերպությունն այս տարի կարող էր հասցնել ավելին, եթե չլինեին                 շինարարկան թույլտվության  ձևակերպումների  հետ կապված վարչարարական քաշքշուկները, որոնց պատճառով վերականգնման աշխատանքների համար արդյունավետ  հունիս և հուլիս  ամիսները կորստյան մատնվեցին:

Աշխատանքների հեղինակային հսկողությունն  իրականացնում է  «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ  Առաքելական Եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031