Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա. «Աստվածածնի վերափոխման տոնն ամենագեղեցիկն է»

Օգոստոս 08,2012 14:17 Share

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանան և ազգագրագետ Սամվել Մկրտչյանն այսօր «Երկու երես» ակումբում խոսեցին  Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի՝ խաղողօրհնեքի մասին:

Տեր Շմավոն քահանան հիշատակեց, որ Մարիամ Աստվածածնի մահվան այս իրողությունը կոչում են Աստվածածնի ննջում: Հովհաննես առաքյալը իր տուն տարավ Մարիամին, խնամեց նրան շուրջ 30 տարի, հետագայում Գաբրիել հրեշտակապետը նրա մահվան լուրը բերեց, և Աստվածածինը ննջեց: Տոնը նշվելու է օգոստոսին 12-ին՝ կիրակի օրը, այն տաղավար տոներից 4-րդն է, այդ օրը մարդիկ գնում են գերեզման և օրհնություն կատարում: Աստծո օրհնությունը ոչ միայն տաճարի մեջ է, այլև տաճարից դուրս:

«Աստվածածնի վերափոխման տոնը ամենագեղեցիկ ու սիրված տոներից մեկն է, Մարիամ Աստվածածնին դիմում ենք որպես մայր և Աստծուն հավասար սիրում և պաշտում :  Ժամանակը եկավ և բոլոր քրիստոնեական եկեղեցիները սկսեցին նշել և կատարել խաղողօրհնեքի կարգը: Այդ օրը օրհնվում է մեր այգիների ամբողջ պտղաբերությունը, ոչ միայն խաղողի, այլև բոլոր մրգերի»,- հայտնեց հոգեւորականը: Քահանան նշեց, որ խաղող դեռևս չի գնել ու չի ճաշակել, այն  չի քաղցրացել՝ քանզի դեռ օրհնված չէ:

Ըստ ազգագրագետի՝ Աստվածածնին վերաբերող շատ տոներ ունենք, բայց սա ամենագեղեցիկն է: Շատերի մոտ այն տարածված է որպես  խաղողի զատիկ, պտուղների օրհնանքի տոն, հետագայում այդ անվանումները  «անկում ապրեցին».

«Տոնը համաժողովրդական բնույթ ունի, այն տարածված է կանանց շրջանում և հիմնականում տարեց սերունդն է պահպանում և նշում նրա բուն ավանդույթները: Խաղողօրհնեքը առաջ տոնվել է այգիներում, մարդիկ թաշկինակների մեջ կապված պտուղը տարել են իրենց տները: Այս և մյուս ժողովրդական տոների հիմքում հիմնականում արտացոլված է եղել բերքահավաքը, երկրագործությունը»,- մեկնաբանում է ազգագրագետը

Քահանան  էլ ասուլիսի վերջում փաստեց, որ այդ օրը առանձնահատուկ է ուխտագնացությամբ՝ մարդիկ մատաղ և աղոթք են անում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031