Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Շիրակի մարզի սահմանամերձ Գետք գյուղի համայնքապետ Հովիկ Մխիթարյանի նկատմամբ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԱԱԾ-ն հետապնդումներ են սկսել: Թերթը գրել էր, որ հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ համայնքապետը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ:
«Ջրագծերի հետ կապված ընդհանրապես հարց չի եղել, ոռոգման գծի հետ հարց կա: Հովիկ Աբրահամյանը ջրագծի հետ կապ չունի , ոռոգման գիծն էլ ՝ խողովակները, 2006-ին տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով, կառավարության որոշմամբ տարել են … ընդամենը դա եմ ասել: Նրանք ինձ են վերագրել Հովիկ Աբրահամյանին ուղղված մեղադրանքները, գրեցին, որ Հովիկ Աբրահամյանը գող է, ավազակ է, չգիտեմ ինչ, ես նման բան չեմ ասել »,- Aravot.am-ին ասաց գյուղապետը: Նրա խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Հովիկ Աբրահամյանը իրեն սպառնացել է, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից էլ կանչել են ու սպառնացել, թե իրավապահները կարող են ընթացք տալ խողովակներ գողանալու վերաբերյալ հայտարարություններին՝ որպես հաղորդում հանցագործության մասին, եւ սուտ մատնության համար գյուղապետին պատասխանատվության կենթարկեն:
«Հետաքրքրվող էլ չի եղել: Դետեկտիվ են սարքել ՝ սպառնացե՜լ են, ահաբեկե՜լ են, չգիտեմ ի՜նչ են արել… Ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ ուժային կառույցները, ո՛չ էլ մարզպետարանն ինձ չեն ասել աչքիդ վերեւը ունք կա: Այդ մարդու հետ ես ոչ անձնական հարց ունեմ, ոչ՝ պատասխան: Ես ինչպես կարող էի ասել՝ գող է, ավազակ … հեռու իրենից: Հանրապետությունում 2-րդ, 3-րդ դեմքն է , վերջը մեր Ազգային ժողովի խոսնակն է, կրթությունս էլ հերիք չէր, որ այդ մարդուն այդքան կոպիտ ասեի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև



















































