Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարի սոցվճարը «դառնալու է» եկամտային հարկ

Օգոստոս 18,2012 13:48

2010 թ. ԱԺ-ում ընդունվեց «Եկամտային հարկի մասին օրենքը», որն ըստ էության, ներկայումս սոցվճարների փոփոխված տարբերակն է, այլեւս ոչ թե սոցվճար է լինելու, այլ` եկամտային հարկ:

Այսօր Aravot.am-ին ահազանգեց մի գործարար, որը չցանկացավ անունը հրապարակել, եւ իր անհանգստությունն արտահայտեց նոր օրենքի վերաբերյալ: Ըստ գործարարի, նոր օրենքով գործատուների վրա մեծ բեռ է ընկնում սոցվճարների մասով: Բացի այս բեռից, ինչպես գործարարը նշեց, մեծանում են գործարարների կողմից իրենց աշխատակիցներին ստվերում պահելու, իսկ գրանցված աշխատակիցների` աշխատավարձերի իրական ծավալը թաքցնելու ռիսկերը:

«Եկամտային հարկի մասին օրենքով» սոցվճարների նոր հաշվարկային մեխանիզմ  է նախատեսված, ըսդ այդմ` մինչ 120 հազար  դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը գանձվելու է աշխատավարձի 24.4 տոկոսի չափով, իսկ 120 հազար դրամից բարձրի դեպքում` 26 տոկոսով, սրան գումարած նաեւ 29.280 դրամ: Օրինակ`150 հազար աշխատավարձի դեպքում, եկամտային հարկը հաշվարկելով, այսպես ասած` պահումներով աշխատավարձը կազմելու մոտ 120 հազար: Այսինքն` մոտ 30 հազար դրամով բյուջեն լցվելու է` յուրաքանչյուր հաստիքով աշխատողի դեպքում:

Բայց կառավարությունը այս տարվա մայիսի 31-ի N-692 որոշմամբ, սովորական աշխատողների բեռը թեթեւացրեց: Այդ որոշմամբ, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա, հատկապես, որ նախընտրական շրջան է, այդ սոցվճարների, որոնք եկող տարվանից «կոչվելու են» եկմատային հարկ,  մեծագույն մասը ընկավ գործատուի վրա: Այսինքն կառավարությունը պարտադրեց գործատուին, որ այդ մի քանի տասնյակ հազարները գործատուն փոխանցի աշխատավարձերին, որպեսզի շարքային աշխատողները չտուժեն: Սակայն, ըստ մեր զրուցակցի, գործատուն ստիպված ե’ւ ավելացնելու է աշխատավարձերի ծավալը, ե’ւ ստիպված դրանից բարձր տոկոսով եկամտային հարկ է վճարելու. «Ոչ մի գործատուի ձեռնտու չէ նման գումարներ վճարել, եւ շատ-շատերը կնախընտրեն պարզապես չգրանցել աշխատակիցներին, կամ էլ` ցածր աշխատավարձ ֆիքսել: Օրենքն այնքան հապշտապ  ընդունվեց, ոչ ոք չհասցրեց խորանալ: Բայց, քանի որ այս տարի նաեւ կառավարության որոշում եղավ, եւ 2013 թվականն արդեն քթներիս տակ է, սկսել ենք ուսումնասիրել եւ հասկացանք, որ բազմաթիվ թերի բաներ կան օրենքում: Օրինակ հստակ նշված չէ, թե ինչպես է այդ վճարի «շկալան» սահմանվելու, ընդ որում, հարկային տեսուչներին էլ «խաղեր տալու» տեղիք են տալիս»:

Օրենքի թերի կետերին  եւ մի շարք գործարարների կարծիքներին Aravot.am-ը կանդրադառնա առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031