ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Դիանա Սիրունյանն ընդունվել է օգոստոսի 17-ին երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում, միանգամից արհեստական շնչառության սարք է միացվել եւ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Հետազոտվել է որովայնի, կրծքվանդակի եւ գլխուղեղի հատվածը: Որովայնում արտառոց որեւէ բան չի հայտնաբերվել, կրծքավանդակում հայտնաբերվել է երկկողմանի պնեւմոհեմոթորաքս եւ թոքերի ծանր սալջարդ: Կատարվել է դրենաժավորում, որը նորմալ գործում է: Դեմքը ջնջխված վիճակում է եղել, բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, գլխուղեղի ծանր սալջարդ, արյունազեղում»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նրա փոխանցմամբ` այսօր նորից համակարգչային տոմոգրաֆիա է արվել, դրական փոփոխություններ չկան, գլխուղեղում ավելացել են իշեմիկ զոնաներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Կարդացեք նաև
Նշենք, որ Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը: