
Չնայած թեկնածուների՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը երբեմն ոչ ճշգրիտ պատկերն են արտահայտում նրանց իրական ունեցվածքի ու դրամական միջոցների մասին, այդուհանդերձ, ընթերցելով Գյումրու քաղաքապետի 4 թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը՝ տպավորություն ենք ստանում, որ ամենահարուստը ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, ամենաաղքատը` Լենինականի Շիրակի շրջկոմի առաջին քարտուղար Սպարտակ Պետրոսյանը, իսկ ամենաազնիվը՝ 44-ամյա Անդրանիկ Ավետիսյանն է:
ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հայտարարագրում գրեթե նույն տվյալներ են, ինչ նա ամիսներ առաջ ներկայացրել էր ԱԺ պատգամավոր դառնալիս: Գործարար պատգամավորի գույքը 5 ամսվա ընթացքում ոչ ավելացել է, ոչ էլ՝ պակասել: Նա մի շարք շենք-շինությունների, անասնագոմի ու հողատարածքի համասեփականատեր է: «Անշարժ գույքի» տակ հայտարարագրված են նրա տները, գարեջրի գործարանները, «Պոլոզ Մուկուչ» գինետունը, Ազատանի վարչական սահմաններում գտնվող 2,336 հա հողամասն ու նույն գյուղում գտնվող անասնաշենքը՝ 3224,28 քառ. մետր տարածքով: Նրա տարեկան եկամուտը ապահովում է Ազգային ժողովը՝ փոխանցելով 3 միլիոն 800 հազար դրամ: Թերեւս միակ նորությունն այն է, որ վերջին 5 ամսվա ընթացքում կես միլիոն դրամով ավելացել է Սամվել Բալասանյանի եկամուտը. եթե ԱԺ պատգամավոր դառնալիս՝ նա ձեռքի տակ ուներ 7 միլիոն 500 հազար դրամ եւ 22 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ապա հիմա այն դարձել է 8 միլիոն դրամ ու 22 հազար դոլար: Նշենք, որ նրա հայտարարագրում ամենացնցողն ու ուշագրավը դարն անցած Մ-2140 մակնիշի «Մոսկվիչն» է, որն արտադրվել է 1977 թվականին եւ ամենայն հավանականությամբ՝ կորցրել է իր պիտանիությունը, դուրս է եկել կիրառությունից: Մեր ընթերցողներին ԱԺ ընտրությունների նախաշեմին տեղեկացրել էինք, որ գործարար պատգամավորն առնվազն $140 հազար արժողությամբ BMW X 6 թանկարժեք մեքենայով է շրջում:
Ի տարբերություն ԱԺ պատգամավորի` ամենաերիտասարդ թեկնածուն՝ Անդրանիկ Ավետիսյանը, որը փաստացի գրանցված, բայց չգործող «Ադո Վուլֆ» ՓԲԸ-ի տնօրենն է, ամեն ինչ իր անունով է դարձրել` թե բնակարանները, թե մեքենաները: Նա միանձնյա սեփականատեր է այս ամենի: Թեկնածուն Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում երկու բնակարան ունի, մեկ բնակարան՝ 26 Կոմիսարների փողոցում, ունի երկու մեքենա, մեկը փոքր-ինչ ժամանակակից՝ 1993 թվականի արտադրության «Ֆորդ մոնդեո 2.OI» մակնիշի, որն, ըստ մասնագետների, մոտավորապես, $3500 արժե, իսկ մյուսն ավելի հին՝ 1989 թվականի արտադրության «Վազ 21063» մակնիշի: Վերջինը, մասնագետների բնութագրելով, ՙսովետական «06» է, որը առավելագույնը $2 հազար դոլար արժե: Այս թեկնածուն փողից եւս նեղություն չի կրում. նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմում են 10.000.000 ՀՀ դրամ, $44.000 եւ 17.000 եվրո:
Այս առումով բավականին համեստ է Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, որը հայտարարագրում նշել է, որ բնակվում է տնակում: Հայտարարագիրը ներկայացնելու պահին ձեռքի տակ ունեցել է 3 միլիոն ՀՀ դրամ եւ 3 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտը ապահովում է կառավարությունը՝ որպես աշխատավարձ փոխանցելով 2 միլիոն 454 հազար 610 դրամ: Դաշնակցական ընկերոջ տրանսպորտային միջոցը 2004 թվականին արտադրված «Վազ 2110» մակնիշի մեքենա է, այսինքն, ըստ մասնագետների, սա «սովետական դիսյատկա» է՝ «Ժիգուլու» սերնդից, եւ առնվազն կարժենա $4000-5000 դոլար: Իսկ ահա կոմունիստների ժամանակ Շիրակի շրջկոմի առաջին քարտուղար աշխատած Սպարտակ Պետրոսյանը, որը ԱՄՆ-ում մշտական բնակվելու իրավունք, միգուցե եւ քաղաքացիություն ունի, քանի որ քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ կառավարությունից, կարծես թե հայրենիքում ոչինչ չունի: Նրա ամբողջ ունեցվածքը Զովունի գյուղում ունեցած 0,0700 քառակուսի մետր հողամասն է՝ տնակով, եւ $5000:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































