Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակամարտություններ չկան, Հովիկ Աբրահամյանն էլ աշխատում է միայն ՀՀԿ-ի համար» (Տեսանյութ)

Օգոստոս 23,2012 22:50

«ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր, փոխնախարարների հարց չի քննարկվել»,- քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջնական որոշե՞լ են, թե ում թեկնածությունն են դնելու Գյումրիում: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ոչ միայն Գյումրիում, այլեւ համարյա բոլոր տեղերում էլ որոշել են իրենց թեկնածուներին: Նրա խոսքերով՝ «Տեղական տարածքային կազմակերպություններն  իրենք են որոշում, թե ում պիտի սատարեն, բնականաբար, կուսակցությունը կսատարի նրանց, ում որ տեղական տարածքային կազմակերպությունները երաշխավորել են: Գյումրիում սատարելու ենք Սամվել Բալասանյանին»:

Լուրեր էին շրջանառվում, որ ՀՀԿ-ն որոշել է Մասիսը ԲՀԿ-ի «ձեռքից վերցնել»: Լրագրողները ճշտեցին՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հանրապետականը ոչ մեկի ձեռքից ոչինչ չի վերցնում: Ընդհանուր առմամբ ում ժողովուրդը ընտրում է, բնականաբար, աշխատում է մեզ հետ՝ բոլորս միասին: Մասիսում ունենք թեկնածու, Աբովյան քաղաքում թեկնածու չունենք, իսկ Աշտարակի համար տեղական տարածքային կազմակերպությունը դեռեւս վերջնական չի որոշել, 1-2 օրից պարզ կլինի»: Aravot.am-ը պարոն Սահակյանից հետաքրքրվեց, թե որեւէ թեկնածուի ընտրության հարցում տարաձայնություններ ՀՀԿ-ի ներսում չե՞ն եղել: Նա վստահեցրեց, որ ոչ, քանի որ առաջադրումները կատարել են տարածքային իրենց կառույցները:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում, որ մի ընտրատարածքում մի քանի ՀՀԿ-ականներ են առաջադրվել, նա պատասխանեց. «Կոնկրետ տարածքներ ունենք, որտեղ տեղական տարածքային կազմակերպությունը որոշում է կայացրել ազատ թողնել՝ ով կանցնի՝ կանցնի, որովհետեւ դա էլ հնարավոր է այն դեպքում, որ վերլուծություններն այնպիսին են լինում, որ հասարակությունը երկուսին էլ կարծես թե դրական է վերաբերվում: 5-6 տեղ այդպես կլինեն»: Նշենք, որ խոսքն այն մասին է, որ մի ընտրատարածքում թեեւ թեկնածուներից մեկին առաջադրում է ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, այլ ՀՀԿ-ական թեկնածուներ ինքնառաջադրվում են, ստացվում է, որ չեն ենթարկվում կուսակցության որոշմանը եւ չեն համակերպվում դրա հետ: Այս առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց, որ կուսակցության տարածքային կառույցներին նրանք տեղյակ են պահում, եւ վերջիններս կոորդինացնում են այդ ամենը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություններից, թե այս փուլում ինչպիսին է  վիճակը: Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ոչ մի հակամարտություն էլ չկա. «Ընդհանրապես հակամարտություններ չկան քաղաքական կուսակցությունների, առավել եւս՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ»:

Շատ է խոսվում այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատում է ԲՀԿ-ի համար եւ սերտ կապեր է պահում ԲՀԿ-ի հետ ընտրական այս փուլում: Այդ առնչությամբ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ դրանք բամբասանքներ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031