Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյան.«Մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի»

Օգոստոս 25,2012 13:54

Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա համարում
Ձեր այդ հայտարարությունները եղան ՀՀՇ-ում տեղի ունեցող որոշակի խմորումների համատեքստում, եւ դրանից հետո ՀՀՇ-ից, ինչպես նաեւ ՀԱԿ-ից հեռացավ, այսպես կոչված, արեւմտամետ թեւը՝ Խաչատուր Քոքոբելյան, Արարատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Դավիթ Շահնազարյան, Հովհաննես Հովհաննիսյան…: Պատճառը գաղափարական հակասություննե՞րն էին, հեռացողներն այդպես են պնդում:
-Ես իհարկե չեմ ուզում շատ վստահ պնդումներ անել, թե Ձեր նշած գործիչները հատկապես ինչ պատճառով են Կոնգրեսից հեռացել։  Անկախ նրանց պնդումներից, ես հակված եմ մտածելու, որ տարբեր հեռացողներ տարբեր պատճառներով են հեռացել, այդ թվում՝ գուցե գաղափարական հակասությունների պատճառով։ Բայց մի քանի դիտարկում այնուամենայնիվ ուզում եմ անել։  Առաջին` Ձեր նշած գործիչներից շատերը պարբերաբար պնդել են, որ Կոնգրեսը հեռացել է ազատականությունից, բայց այդպես էլ չեն բացել փակագծերը, չեն բացատրել, թե հատկապես ո՞ր քայլերն ու որոշումներն են, որ իրենք նկատի ունեն, թե արդյոք խոսքն ինչի՞ մասին է` ազատականության սոցիալ-տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական վարդապետության։  Մի խոսքով, ես նրանց հայտարարությունների մեջ բովանդակություն չեմ տեսել, հետեւաբար դրանց ավելի առարկայական պատասխան տալու դժվարություն ունեմ։ Երկրորդ` Ձեր նշած գործիչներից ոմանք ազատականության ու արեւմտամետության միջեւ հավասարության նշան դնելու չափազանց տհաճ սովորությունն ունեն։  Ոզում եմ նրանց հիշեցնել, որ աշխարհի թերեւս ամենաարեւմտամետ երկիրը Սաուդյան Արաբիան է։  Նրանք նաեւ ենթադրում են, որ ազատականությունն Արեւմուտքի վարած արտաքին քաղաքականության շարժիչ ուժն է։  Հարկ եմ համարում հիշեցնել, որ Արեւմուտքը բազմաթիվ ժողովրդավարական շարժումների ու ընտրված կառավարությունների դեմ է ելել, երբ այդ շարժումների ու կառավարությունների շահերը չեն համընկել իր շահերի հետ։  Երրորդ` Ձեր նշած գործիչները համառորեն չեն ուզում բացատրել սովորական մահկանացուներիս, թե այդ ի՞նչ է տալու իրենց արեւմտամետությունը Հայաստանին, որ նախընտրելի է ստատուս քվոյից։ ՆԱՏՕ-ի անդամությու՞ն են խոստացել, պատրաստ են ռուսներից շատ ու ավելի էժան զե՞նք վաճառել մեզ, Թուրքիայի հետ մեր սահմա՞նն են վերահսկելու, ղարաբաղյան հարցում ավելի հայանպաստ քաղաքականությո՞ւն են որդեգրելու, տնտեսական մեծ աջակցությո՞ւն են ցույց տալու, Հայաստանում ժոովրդավարության հաստատմա՞նն են նպաստելու։  Եվ այս ամենի դիմաց ի՞նչ գին է պահանջվում Հայաստանից։ Եթե նման երաշխիքներ են տրվել, գինն էլ հարմար է, ես պատրաստ եմ այսօր եւեթ դիմում գրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերն անցնելու համար ու պայքար սկսել ամենախանդավառ արեւմտամետի կոչման համար։  Իսկ եթե նման խոստումներ ու երաշխիքներ չկան, ապա ի՞նչն է մեր արեւմտամետներին այդքան ոգեւորել։ Չորրորդ` պրագմատիկ նկատառումներից զատ, նրանք կարծես թե արեւմտամետությունն ու հակառուսականությունը համարում են բարոյապես ակնհայտորեն անպրոբլեմատիկ դիրքորոշում։  Ես շատ հեռու եմ Ռուսաստանը կամ որեւե այլ երկիր ինչ որ իդեալների մարմնավորում համարելուց, բայց մեր արեւմտամետներին խորհուրդ եմ տալիս մի օր նստել ու համեմատել Ռուսաստանի ու Արեւմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում։  Իդեալների, ազատականության ու այլ վեհ բաների մասին այդքան շատ խոսելիս մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի։
ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք ունեն գաղափարախոսական հակադիր, նույնիսկ միմյանց բացառող մոտեցումներ՝ ծայրահեղ լիբերալներից մինչև ազգայնականներ։ Ի սկզբանե ՀԱԿ-ը հենց այս սկզբունբով է ձևավորվել, ու շատերը, այդ թվում՝ ես, դա համարում ենք, Կոնգրեսի գլխավոր առավելություններից մեկը։ Հիմա, ի թիվս այլ բաների, ՀԱԿ-ն ուզում է Հայաստանից վերացնել այս օլիգարխիկ համակարգը։ Իմ խորին համոզմամբ, լիբերալ գաղափարախոսությունն այդ պայքարի լավագույն զենքը չէ։ Օլիգարխիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ գաղափարախոսությունը սոցիալ-դեմոկրատականն է»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասել էիք Դուք։ Ինչպե՞ս է ՀԱԿ-ը օլիգարխի հետ պայքարելու օլիգարխիայի դեմ:
-Երկու գիրք կարդացած ու երեք փաստագրական ֆիլմ դիտած յուրաքանչյուր հայաստանցի քաղաքական գործիչ ու վարլուծաբան կարող է ժամերով խոսել այն մասին, թե որքան իմաստուն էին Չերչիլն ու Ռուզվելտը, երբ` չնայած իրենց համարյա կենսաբանական հակակոմունիզմին, կարողացան համագործակցել Ստալինի հետ։  Նրանք կարող են ամենահամբերատար ունկդնրին ձանձրացնել հավերժական թշնամիների ու բարեկամների բացակայության մասին կլիշեներով ու Մաքիավելիից հիացական տոնով բերված ցիտատներով։ Այդ կլիշեներից նույնիսկ չնչին շեղում նկատելու դեմպքում նրանք պատրաստ են ուզածդ մեկին ստորացնել որպես քաղաքական դեղնակտուցի։  Բայց չգիտես ինչու նույն մարդկանց մոտ նյութափոխանակության լուրջ խանգարումներ են սկսվել ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցելու որոշումից հետո… Ես չգիտեմ որեւէ ժողովրդավարական շարժում, որը բռնապետության դեմ պայքարում հաջողության է հասել առանց դրա այս կամ այն հատվածի հետ համագործակցելու։  Այդ համագորցակցությունը քննադատողները կամ նախընտրում են այս ռեժիմը կամ ուզում են մեզ դիսիդենտի բարոյականութուն պարտադրել։  Իսկ ավելի նողկալի բան, քան ոտքերն ամպոտ դիսիդենտի բարոյականությունը, երբ իրական փոփոությունների հասնելու նույնիսկ չնչին հնարավորություն կա թեկուզ բարոյապես դժվարին կոմպրոմիսների գնով, ինձ համար գոյություն չունի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031