Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հայտարարությունը

Օգոստոս 27,2012 14:38

Ըստ քրեական գործի նյութերի, ինչպես նաև մյուս տուժողների և որոշ վկաների կողմից մեզ հայտնած տեղեկությունների` 2012թ. հունիսի 17-ին, ժամը 21.30-ի մոտակայքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանն իր չորս ընկերների հետ միասին այցելել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր` դրա ամառային սրահում երաժշտություն լսելու համար` այդ նպատակով նախապես պատվիրելով սեղան: Նրանց սպասարկել է մատուցող Դավիթ Ադամյանը, որը հատկացված սեղանը զբաղեցնելուց որոշ ժամանակ անց նկատողություն է արել Վահե Ավետյանին` սպորտային հագուստով ռեստորան մուտք գործելու համար: Վահե Ավետյանը ընկերներից մեկի հետ գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: Դրանից հետո, երբ մատուցող Դավիթ Ադամյանը, մոտենալով սեղանին, սևեռուն նայել է Վահե Ավետյանին, վերջինս հարցրել է, թե միգուցե հիմա էլ իր գլխարկն է խանգարում նրան: Սրանից հետո տեղի է ունեցել կարճ զրույց Վահե Ավետյանի և մատուցողի միջև, ինչից հետո մատուցողը դուրս է հրավիրել Վահե Ավետյանին և ռեստորանի ամառային սրահի մուտքի մոտ հարվածել նրա դեմքին: Իսկ այն բանից հետո, երբ նրա չորս ընկերները ևս դուրս են եկել բակ, մեկ տասնյակից ավելի անձինք թևանցուկ են արել նրանց և, հավաստիացնելով, որ այդ արարքի համար կպատժեն մատուցողին, ուղեկցել են անցուդարձից ավելի հեռու գտնվող ռեստորանի ավտոկայանատեղի, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել նրանց, այնուհետև ծեծի հետևանքով անգիտակից վիճակում հայտնված Վահե Ավետյանին և ծանր մարմնական վնասվածքներ ստացած նրա ընկերներին թողել են անօգնական վիճակում ու հեռացել: Նրանց հեռանալուց հետո Վահե Ավետյանի ընկերները նրան անգիտակից վիճակում դրել են մեքենայի մեջ և տեղափոխել զինվորական հոսպիտալ:

Առաջնային բուժզննությամբ Վահե Ավետյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Համակարգչային հետազոտմամբ արձանագրվել են հետևյալ բժշկական տվյալները. հավասարաչափ լայնացած և միջին գծով ֆիքսված բբեր, կոռնեալ ռեֆլեքսների բացակայություն, ցավային գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայություն, գլխուղեղի մոտ 4,0 սմ դիսլոկացիա համախտանիշ աջից ձախ: Վահե Ավետյանի ախտորոշումը եղել է դիֆուզ աքսոնալ ախտահարում` գլխուղեղի մահ, այն է` գլխուղեղի կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարում, ինչը քրեաիրավական առումով համարժեք է մարդու մահվան: Մի քանի օր անց` հունիսի 29-ին, դադարել է նաև Վահե Ավետյանի սրտի գործունեությունը:

Գործի նյութերում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված այս տվյալների պարագայում արվել է դրանցից չբխող, ակնհայտ սխալ հետևություն այն մասին, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար, իսկ տվյալ դեպքում հանգեցրել է մահվան: Չհամաձայնելով այս հետևության հետ և խորհրդակցելով ոլորտի լրջագույն մասնագետների հետ` մենք, ի թիվս բազում այլ միջնորդությունների, պահանջել ենք նախաքննություն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն` հրավիրելով հանրապետության բոլոր հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժինների ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե արդյոք մենք գործ ունենք «տվյալ դեպքում մահվան հանգեցրած» վնասվածքների, թե` ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ: Նախաքննության մարմինը` հանձին քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանի, առանց հիմնավոր պատճառաբանության, մերժել է մեր միջնորդությունը` փաստացի զրկելով մեզ նախաքննության օբյեկտիվության նկատմամբ կասկածները փարատելու օրենսդրական հնարավորությունից:

Քրեական գործի նյութերում առկա են նաև փաստեր, որոնք ցույց են տալիս, որ վեց մեղադրյալներից հինգը, բացի մատուցողից, այդ օրն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին, Երևանից Սևան գնալու և հետ վերադառնալու ընթացքում: Սա ապացուցում է, որ հակառակ գործում առկա կեղծ պայմանագրերի և Ոստիկանության ՀԿԳ քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանի պնդումների` այս մարդիկ եղել են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամները: Այս կապակցությամբ միջնորդել էինք քննչական խմբին որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին և պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, քանի որ նրան որպես վկա հարցաքննած քննիչ Ռուբեն Մկրտչյանի հարցաքննությունը պարզապես սուրճի գավաթի շուրջ մտերմիկ խոսակցություն էր հիշեցնում: Ի պատասխան մեր այս միջնորդության` քննիչ Ռ. Մկրտչյանը նշել է, որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում: Մինչդեռ համաձայն քրեադատավարական իրավունքի տեսության` կասկածյալն այն անձն է, որը կասկածվում է հանցանք կատարելու մեջ: Տվյալ դեպքում առկա էին անհրաժեշտ և բավարար բոլոր հիմքերը` կասկածի տակ առնելու Ռ. Հայրապետյանի առնչությունը վերոնշյալ հանցագործությանը: Տվյալ դեպքում ընդամենը տարրական քննչական պրոֆեսիոնալիզմի հարց էր գործի քննության բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ լրացուցիչ հարցադրումների կատարումը և Ռուբեն Հայրապետյանի, Նորայր Հայրապետյանի և այլ անձանց հեռախոսազանգերի վերծանումները պահանջելու միջնորդության հարուցումը դատարանին:

Այս ոգով սույն թվականի օգոստոսի 20-ին մենք քսանից ավելի միջնորդություններ էինք ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին: Նույն օրը` միջնորդություններն ստանալուց ընդամենը մի քանի ժամ անց, քննիչ Ռուբեն Մկրտչյանն ամբողջությամբ մերժել է դրանք` մեզ փոստով ուղարկելով իր ակնհայտորեն հիմնազուրկ որոշումը: Մինչդեռ ներկայացված միջնորդությունները պարունակում էին կոնկրետ կասկածներ և պահանջներ, որոնք քննիչը պարտավոր էր բավարարել դրանք հերքելու և համապատասխանաբար նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության հարցը կասկածից դուրս դնելու համար: Նույն օրը նա գործի մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն: Դատախազությունն, իր հերթին, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, որի համաձայն մենք ունենք մեզ հանձնելու պահից սկսած երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, դրսևորելով սույն գործի շահերից չբխող անհասկանալի փութաջանություն, գործը ստանալուց հետո երեք օր անց` օգոստոսի 23-ին, ուղարկել է դատարան` չսպասելով նույնիսկ մեր բողոքին: Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին և մեկ օր հետո մենք ներկայացրել ենք մեր բողոքը դատախազություն: Դատախազությոնն իր նման գործելակերպն արդարացնում է այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե քննիչը գործին է կցել նաև մի տեղեկանք, ըստ որի փաստաբանները հրաժարվել են մերժման որոշումն առձեռն ստանալուց: Իրականում այս տեղեկանքը սույն քրեական գործում առկա հերթական կեղծ փաստաթուղթն է:

Այսպիսով` արձանագրում ենք, որ սույն գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով: Մեզ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներիս, առջև հետևողականորեն հարուցվել են լրջագույն խոչընդոտներ վարույթին ներգրավվելու, գործին ծանոթանալու, դրա վերաբերյալ մեր միջնորդությունները ներկայացնելու և նախաքննության փուլում պատշաճ մասնակցություն ունենալու հարցերում:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ պայքարելու ենք այս ապօրինությունների դեմ մինչև վերջ` ներպետական և վերպետական բոլոր ատյաններում` օգտագործելով ՀՀ և միջազգային օրենսդրությամբ մեզ ընձեռված բոլոր հնարավորությունները հանուն արդարության և օրենքի գերակայության: Միևնույն ժամանակ, իրավապահ և արդարադատության մարմիններին ու պաշտոնատար անձանց սթափության և օրինապատշաճ վարքագիծ դրսևորելու կոչ ենք անում` միևնույն ժամանակ նրանց զգուշացնելով օրենքի և արդարության առջև նրանցից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության անխուսափելիության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031